Ապրի օմբուդսմենը

Ապրի օմբուդսմենը
Երեկ, ստանալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում է այս շաբաթ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ մամուլի ազատությունը սահմանափակող չարաբաստիկ հոդվածների հակասահմանադրականության խնդրով դիմել Սահմանադրական դատարան, անկեղծ ասած, աչքերիս չէի հավատում: Եվ դրա պատճառը միայն այն չէր, որ այդ հոդվածները նաեւ երիտասարդ օմբուդսմենի մասնակցությամբ էին ընդունվել, եւ նա բազմիցս դրանք գովերգել էր իր ելույթներում, ու դժվար է հավատալ, որ իր իսկ ծնած օրենքներն ինքն էլ կվերացնի: Զարմանքս պայմանավորված էր նրանով, որ մտածում էի՝ մի՞թե մեր իշխանությունը երբեմն ընդունակ է նաեւ գիտակցել ու շտկել իր սխալները: Դժվար է պատկերացնել, որ այս քայլին Կարեն Անդրեասյանը գնացել է ինքնուրույնաբար՝ առանց որոշ ատյանների ու անձանց հետ համաձայնեցնելու: Երկու դեպքում էլ ողջունելի է եւ քայլն անողի, եւ դրան հավանություն տվողի վարքագիծը: Ուզում ենք հավատալ, որ այս ամենի ետեւում ծուղակ չկա, եւ չեն փորձելու հիմա էլ Սահմանադրական դատարանի միջոցով ամրապնդել ու հավերժացնել այս արատավոր հոդվածները: Ոմանք կասեն՝ ի՜նչ անհավատ են այս լրագրողները: Բայց մեր տառապանքը փորձ ունի՝ այնքան կեղծիք ու մութ խաղեր ենք տեսել, այնքան թատրոն, որ անկեղծ ու միանշանակ քայլերի նկատմամբ հավատ չի մնացել: Հուսանք՝ սա այդ դեպքը չէ: Հուսանք նաեւ, որ մարդու իրավունքների երիտասարդ պաշտպանի այս քայլը կդառնա նրա՝ իրական օմբուդսմեն դառնալու սկիզբը, եւ նա հետայսու եւս կզարմացնի մեզ: Հուսանք նաեւ, որ իշխանությունը գիտակցել է խոսքի ազատության իմաստը, մամուլի դերն ու նշանակությունը մեր կյանքում եւ այլեւս փորձեր չի ձեռնարկի սահմանափակել առանց այն էլ փոքրիկ, թերի ու երերուն մամուլը: