Կործանված մի կառույց

Կործանված մի կառույց
Հայաստանի հարցով ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանն արժանացած բանաձեւի նախագծի վերաբերյալ թե մարտիմեկյան զոհերի հարազատների, թե  հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների եւ ընդդիմադիր որոշ ուժերի խիստ բացասաբար արձագանքներին հակառակ, այն ընդունվեց ոչ էական փոփոխություններով, եւ պահպանվեց ձեւակերպումը, որ «մարտի 1-ի դեպքերի էջը կարելի է վերջնականապես համարել փակված»:



ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը ցույց տվեց, որ այն այլեւս ամբողջովին կործանված մի կառույց է: Անշուշտ, այդ կառույցում կան որոշ պատգամավորներ, որոնք իսկապես մտածում են երկրների ժողովրդավարության մասին, իհարկե, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի մասին խոսքերն ավելորդ են, որը թերեւս ամենաակտիվ ջատագովն է ժողովրդավարության հաստատման, եւ որի պաշտոնավարումն ավարտվում է 2012-ին:



Սակայն մեծ հաշվով այստեղ համատարած անտարբերություն է տիրում այլ, համենայնդեպս մեր կարգի երկրների նկատմամբ: Մոտ 3 հարյուր հոգուց ավելի պատգամավորական կազմից Հայաստանի հարցի քննարկման ժամանակ դահլիճում ներկա էին ընդամենը 43-ը:



Այն դեպքում, երբ, հասկանում եք՝ քննարկվում էր մի երկրի ժողովրդավարության հարցը: Հետեւաբար, անտարբերության մասին խոսքերն անգամ ավելորդ են: Լավ երկիր է թե վատ՝ դեռ հարցի մի կողմն է, սակայն մի երկիր է, որն անդամակցում է Եվրախորհրդին: Անհասկանալի է նման վերաբերմունքը, եւ փաստը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տալիս. դա եւ կանխակալ վերաբերմունք է ընդհանրապես մեր նման փոքր երկրների նկատմամբ, եւ, ինչու ոչ՝ ներքին փոխպայմանավորվածության արդյունք մեր իշխանությունների հետ: Ի դեպ, վերջին տարբերակը, գոնե այս նստաշրջանի ընթացքում, անժխտելի է:



Բայցեւայնպես, առավել վտագավոր է ԵԽԽՎ ներկայացուցիչների անտարբերությունն այլ երկրների նկատմամբ: Թերեւս ոչ միայն այս, այլեւ միջազգային այլ կազմակերպություններ՝ ՄԱԿ, ԵՄ եւ այլն, հարկավոր է, որ վերանայեն իրենց աշխատանքային մոտեցումները, հակառակ դեպքում կազմալուծեն ու ստեղծեն նոր մարմիններ:



Քանի որ որքան էլ մեր իշխանությունների համար նման կառույցներն անչափ ձեռնտու են, սակայն դրանք վտանգավոր են մի ամբողջ ժողովրդի եւ հասարակության համար, եւ անտարբերությամբ ու խեղաթյուրված պատկերացումներով դրանք կործանում են Հայաստանում դեմոկրատիայի զարգացումը:



Իսկ երկրում ժողովրդավարություն չի լինի այնքան, որքան նման կառույցները, որոնցից իբր կախված է դա, անտարբեր կլինեն այլ հասարակության նկատմամբ, որն արդեն իսկ դեմոկրատիան է:



Միքայել Դանիելյան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ