Միջնորդի դերը չի կատարել

Միջնորդի դերը չի կատարել
Օրերս գրվեց փաստաբան Արթուր Աթարբեկյանի ձերբակալության մասին, որը մեղադրվում է խարդախության մեջ: Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մեզ ասաց. «Բացարձակ ինֆորմացիա չունեմ: Ինձ դեռ գրավոր չեն հաղորդել»: Չնայած լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ փաստաբանի ձերբակալությունն իր համար նորություն չէր:



«Սպասում էի այդ օրվան: Շշուկներ կային, իրեն հարցնում էի, ասում էր` չէ, չկա նման բան»,-ասել էր ՓՊ նախագահը: Այսինքն, Դուք նախապես տեղյա՞կ եք եղել փաստաբանի «մութ գործերից»՝ հետաքրքրվեցինք:



«Առանց կոմենտարիաների: Ես դա էլ եմ սխալ արել, որ ասել եմ: Ինձ համար ահավոր տհաճ է այս պատմությունը»: Մեր տեղեկություններով, փաստաբանի ձերբակալությունը կապված է համալսարանի մոտակայքում տեղի ունեցած մի ծեծկռտուքի հետ: Քրգործը հասել է դատարան, եւ փորձել են հարցը լուծել «հայկական տարբերակով»: Ըստ լուրերի, փաստաբանը փորձել է միջնորդի դեր ստանձնել՝ վստահորդի կաշառքը դատավորին փոխանցելու համար: Խոսքը բավական խոշոր գումարի ՝ 35-40 հազար դոլարի մասին է:



Սակայն, ըստ լուրերի, փաստաբանը գումարը վերցրել է, բայց չի փոխանցել դատավորին, եւ հենց դա է գնահատվել որպես խարդախություն: Ի դեպ, վերջին շրջանում հաճախացել են փաստաբանների կողմից կատարվող խարդախությունները, եւ ներկայումս փաստաբանների մասնակցությամբ քննվող մի քանի գործեր կան:



Ռուբեն Սահակյանից հետաքրքրվեցինք այս աճով: «Որովհետեւ մեր մեջ կան խարդախներ»,- ասաց նա: