Ջուլիան Բարնսը՝ «Բուքերի» նոր մրցանակակիր

Ջուլիան Բարնսը՝ «Բուքերի» նոր մրցանակակիր
Անգլալեզու ժամանակակից արձակի լավագույն տղերքից մեկին` Ջուլիան Բարնսին, «Ավարտի զգացում» վեպի համար ի վերջո շնորհվեց մինչ այժմ գրական կյանքում նրան երեք անգամ շրջանցած «Բուքեր» մրցանակ: Նրա փոքրածավալ վեպը պատմում է թոշակի անցած նախկին թանգարանային աշխատակցի հույզերի, հիշողությունների եւ կյանքի մայրամուտի մտածմունքների մասին: «Մեր կարծիքով, սա այն գիրքն է, որ խոսում է 21-րդ դարում ապրող մարդկության հետ»,- նշել է ժյուրիի անդամներից մեկը, ավելացնելով, որ Բարնսն իր կարճ վեպը գրել է սքանչելի ոճով եւ նրբին կառույցով: Բարնսը ծնվել է 1946 թվականին, Լեսթեր քաղաքում: Սովորել է Օքսֆորդի համալսարանում: Դետեկտիվ ժանրին պատկանող առաջին գրական ստեղծագործությունները Բարնսը տպագրել է Դեն Կավանա ծածկանունով: Նրա լավագույն վեպերն են համարվում «Ֆլոբերի թութակը», «Արթուր եւ Ջորջ», «Աշխարհի պատմությունը 10 1/2 գլուխներում»:



Ջուլիան Բարնսը մրցանակի կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ժյուրիի անդամներին, ինչպես նաեւ հատուկ շնորհակալական խոսքեր հնչեցրել գրքի դիզայներ Սյուզաննա Դինին` նշելով, որ նոր ժամանակներում էլեկտրոնային գրքերի առկայությունն ավելի է պարտավորեցնում տպագիր գրքի ֆիզիկական տեսքը լավագույնս ապահովելու համար, որն էլ հրաշալի կերպով մատուցել է դիզայները:



Մրցանակից հետո «Ավարտի զգացում» վեպի պահանջարկը կտրուկ բարձրացել է, եւ այն կվերահրատարակվի 75 հազար տպաքանակով: Հարցին, թե ինչի վրա է ծախսելու մրցանակային 50 հազար ֆունտ ստերլինգ գումարը, Բարնսը պատասխանել է, որ գնելու է նոր ժամացույցներ: