Աննախադեպ որոշում

Աննախադեպ որոշում
Արդյո՞ք Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ մեր իշխանությունների այս բարեհոգի վերաբերմունքը բացատրվում է նրանց քրիստոնեական կեցվածքով, հավատքով ու երախտագիտությամբ՝ առ հայ Եկեղեցին: Անշուշտ՝ ոչ, կպնդեն շատերը: Այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում Եկեղեցուն եւ նրա բիզնես-գործունեությանը հարկային աննախադեպ արտոնություններով օժտելը: Տարբերակ 1. աշխարհիկ իշխանությունը հոգեւոր իշխանության աջակցության կարիքն ունի եւ նրան հզոր զինակից է դիտում: Առարկություն. մեր եկեղեցին՝ իր հոգեւոր պարագլուխների ղեկավարությամբ, վերջին տարիներին այնպես է վարկաբեկվել, որ նա ինքն աջակցության կարիք ունի եւ որեւէ մեկ այլ ուժի չի կարող սատար կանգնել: Տարբերակ 2. ՀՀ նախագահն ու վարչապետը ջերմ զգացումներ են տածում առաջինը Գարեգին Բ-ի, երկրորդը՝ Նավասարդ Կճոյանի նկատմամբ, եւ այս արտոնությունները զուտ անձնային համակրանքի հողի վրա են տրամադրվում: Առարկություն. հասարակության հաշվին ու անձնական համակրանքի հողի վրա արտոնություններ տալն առնվազն անբարոյականություն է, նշված անձինք ընդունակ չեն դրան: Տարբերակ 3. Հավատացյալ համայնքն ու սփյուռքահայ գործիչները պարտադրում են նման արտոնություններ տրամադրել այն կառույցին, որի շնորհիվ դարեր շարունակ հայը հայ է մնացել, եւ Եկեղեցին Սփյուռքում այսօր էլ շարունակում է իր հայապահպան գործունեությունը: Առարկություն. համայնքի եւ սփյուռքահայ շրջանակների կարծիքն այդ ո՞ր հարցում են լսել, որ այս հարցում հարցնեն ու լսեն: Մի խոսքով՝ այս ռեբուսն անլուծելի է: Նման արտոնություններ ժամանակին չէին տրամադրվում անգամ բարեգործական նպատակներով Հայաստան բերվող ապրանքների համար: Չեն տրամադրվում գրքերի վաճառքին, ու նաեւ դա է պատճառը, որ գրախանութները հերթով փակվեցին: Ինչո՞ւ է տրամադրվում Եկեղեցուն: