1-ին աստիճանի մեդալ Սվետլանա Գրիգորյանին

1-ին աստիճանի մեդալ Սվետլանա Գրիգորյանին
Հայ թատերական արվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, դերասանական բարձր վարպետության եւ մնայուն բեմական կերպարներ ստեղծելու համար դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:



Պարզվեց, ինքը՝ դերասանուհին, դեռ տեղյակ չէր այդ մասին ու առաջինը մեզնից իմացավ իր պարգեւատրման մասին. «Տեր Աստվա՜ծ, ես սկի չգիտեմ... դուք արդեն գիտե՞ք, էս ի՜նչ նորություն էր, ես չգիտեի, ինձ ոչ ոք տեղյակ չէր պահել, ինձ կարգին ուրախացրիք... Շատ ներողություն, որքանով գիտեմ՝ այդ շքանշանը «Մեսրոպ Մաշտոց» շքանշանից էլ բարձր է, չէ՞: Եթե չեմ սխալվում՝ ամենաբարձրագույնն է: Ուրեմն ինձ պարգեւատրել են դրանո՞վ, տեր Աստվա՜ծ, ես շնորհակալ եմ Ձեզ այդ լավ լուրի համար: Դե իհարկե հաճելի է. 65 տարի բեմի վրա, դաժան կյանք, մանավանդ իմ ժանրի դերասանուհու համար, գիտեք ինչ սոսկալի բան է դա, բայց միշտ թեթեւ պետք է ցույց տալ, որ լավ ես»:



Խոսելով իր կոչումների մասին՝ դերասանուհին նշեց, որ դրանք կարեւորում է այնքանով, որքանով զգում է, որ մարդիկ նկատում են, գնահատում են իր արվեստը, ու դա լավ է: «Եթե չնկատեն, չգնահատեն, դա այնքան էլ լավ չէ»,-իրեն հատուկ կենսախնդությամբ նշեց դերասանուհին ու պատմեց, որ դեռ Անկախության օրը, երբ ինչ-որ մարդիկ ինչ-որ կոչումներ ստացան, բոլորը խառնվել էին իրար ու ասում էին՝ բա Սվետլանա Ռուբենովնան. «Ես էլ ասեցի՝ ինչո՞ւ եք խառնվել, երեւի ուշ կլինի: Այսինքն չիմանալով, ես ճիշտ եմ ասել,- ծիծաղով պատմեց դերասանուհին ու դա վերագրեց իր ինտուիցիային:- Ես շա՜տ-շա՜տ եմ աշխատել, իմ տունը-տեղը մոռացել եմ աշխարհում ու մենակ թատրոնին եմ նվիրվել»: Թերեւս այսպես փորձել են Անկախության օրը թույլ տված բացթողումը շտկել: