Irex-ն ու փղերս

Irex-ն ու փղերս
Մար ջան, ասում եմ, ախր հասկացի, ես դրանց կանոններով գրել չեմ սիրում, զահլա չունեմ ջեներըլայզեյշնների ու մնացած հիմար բաների հետ: Մարը, թե` չէ, որ չէ, իմ էսսեները պիտի գրես, ես «Irex»-ով  գնալու եմ Ամերիկա` սովորելու: Մար, ասում եմ, ախր իմ ունակությունները փղի են նման, չես կարող լուցկու տուփի մեջ խցկել, եթե համաձայն չես, համեմատի մրջյունի հետ, միեւնույն է, լուցկու տուփի արանքից դուրս է գալու. ես դրանց կանոններից ու համակարգերից զզվում եմ, իրանց ուզածով չեմ գրելու:



Մարիամի մայրն այնտեղից նշան է անում, թե` գրի, ավելի լավ, ստից-մտից գրի, ես չեմ էլ ուզում, որ դա գնա սովորելու: Էս անկուշտը դեռ երկրորդ ինստիտուտը չի ավարտել, երրորդի մասին է մտածում:



Ընկնում եմ բարեպաշտական խորհրդածությունների մեջ. ինձանից օգնություն են խնդրել, ուրեմն պարտավոր եմ օգնել, բայց խնդրել են կեղծ բան անել՝ ուրիշի անունով եմ գրելու, ուրեմն մոտիվացիաս դատապարտելի է: Բայց, ախր, եթե գրեմ, օգնած կլինեմ, չէ՞:



Բա Դավուշս ինչքա՜ն կլացի, մինչեւ ես գրեմ-պրծնեմ:



Ախր, Մար, ասում եմ, դու Աստղիկ два-ն ես, լավ էլ կարաս գրես, էլ ինչ ես ձեւ թափում: Չէ, ես անգլերենը մոռացել եմ, ասում է: Դե, անգլերենը Բրյուսովում ենք սովորել, ես նրան հասկանում եմ, ավարտելուց հետ ձգտում ես արագ մոռանալ Բրյուսովն ու նրա հետ կապված ամեն բան, անգլերենն էլ հետը:



Վերջին տարբերակն եմ փորձում` դե ինձ թեմաների շուրջ լիքը նյութ պիտի տրամադրես, որ կարդամ: Բացում ես կայքը, ասում է, էնտեղ ամեն բան գրված է: Չէ, ասում եմ, ժամանակ չկա, Դավուշ կա, դու պատրաստի ուղարկի մեյլիս:



Համաձայնվում է: Էս էլ չանցավ:



Հիմա մազերս պոչ եմ արել, փորձում եմ մի տուփի մեջ մի քանի լուցկու չափի փիղ տեղավորել, չի ստացվում: Իմ փղերը մեծ են, կամ մրջյուններս են շատ մանր, դուրս են պրծնում: Դե ջհանդամը, դուք էլ, ձեր կանոններն էլ, կատաղում եմ, գլխիս հավաքած պալման թափ եմ տալիս, մի կողմ եմ նետում լուցկու տուփերն ու մրջյուններիս շարում եմ լենուբոլ, ոնց որ պետքն է:



Մարը քննությունը բռնում է ու գնում Ամերիկա:



Աստղիկ Սարգսյան