Վերջին մեծ վեպը

Վերջին մեծ վեպը
Ավստրիացի արձակագիր Պետեր Հանդկեի հրատարակիչը նամակ է գրում գրողին` մտահոգություն հայտնելով՝ եթե Հանդկեն շարունակի գրել իր կարճ վեպերը, որոնք ձեւի եւ զգացողությունների առումով իրոք յուրօրինակ ստեղծագործություններ են, ցավոք, դրանք անգլիալեզու գրաշուկայում հաջողություն չեն ունենա, եւ դրանց վաճառքի արդյունքները խիստ կնվազեն: Բայց Հանդկեն շարունակում է գրել իր կարճ վեպերը, որոնցից շատերը երաժշտական  սքանչելի կատարումներ են, եւ նրա ընթերցողներն ու ստեղծագործությունների երկրպագուները տարեցտարի ավելանում են: Այն, որ դրսում գրահրատարակիչները գրողներից ակնկալում են մեծ կամ թեկուզ միջին ծավալի 250-350 էջի սահմաններում վեպեր՝ տարօրինակ, բայց ադեկվատ վերաբերմունք է, հաշվի առնելով շուկայում մեծածավալության պահանջարկը:



Փաստորեն, ինչքան վեպի ծավալը մեծ է, այնքան կրկնապատկվում է այն վաճառվելու հավանականությունը: Բայց նույն լայնամասշտաբ վեպերի կողքին Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», Ալբեր Քամյուի` «Օտարը»,  Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը», Ջորջ Օուրվելի «Անասնաֆերման», փոքր վեպերը, որոնք մեզ մոտ անվանվում են վիպակներ, ոչ միայն վաճառվելու խնդիր չունեն, այլեւ տարեցտարի վերահրատարակման ռեկորդներ են սահմանում` ապացուցելով սեղմության եւ խտության պոետիկայի ներուժը:



Համացանցային բումից հետո շատ են լսվում ընթերցողական տրտնջոցներ, որ ահա այս կամ այն գործը չափազանց երկար է եւ հարմար չէ ընթերցանության համար, եթե կարճ լիներ (կարճ ասելով՝ 1000, 2000 բառից ոչ ավելի), գուցե բնագիրը հաղթահարվեր, քանի որ ժամանակ այլեւս չկա: Փաստորեն, փոքր վեպի կարդացվելու շանսերը համացանցում դեռ պահպանվում են: Իսկ վիրտուալ տարածքից դուրս մեծ ծավալով վեպերի սիրահարները, կարծում եմ, մեզ մոտ շատ չեն: Մեծ ծավալով վերջին ստեղծագործությունները, որ հայտնվեցին մեր քաղաքի բնակիչների ուշադրության կենտրոնում` Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը», Մարիամ Պետրոսյանի «Տունը, որտեղ…», Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» վեպերն էին, որոնք գուցե սպասվածից ավելի լավ վաճառվեցին, բայց ընթերցվեցին մինչեւ վերջ, թե ոչ՝ դժվար է ասել:



Եվրոպայում շատ ու շատ գրողներ պարզապես ծավալ են լցնում` բավարարելով հրատարակիչների քիմքը, բայց 500-700 էջանոց վեպերից շատ քչերն են, որ իրականում գտնում են իրենց իսկական տեղն ու դիրքը, մնացածները մեկանգամյա օգտագործմանն են ծառայում` շպրտվելով ամբարները: Ծավալը թերեւս դեռ որակ չէ, բայց շատ անգամ, չգիտես ինչու, մարդկանց մոտ խաբկանք կա, որ եթե հսկա վեպ է, ուրեմն ասելիքն անծիր է, խորությունը՝ զգալի: «Վերջին ժամանակներում վերջին մեծ վեպը եւ ծավալով, եւ բառիս բուն իմաստով,  որ ընթերցել եմ» հարցն ակնկալում է ճշմարիտ պատասխաններ, թվում է՝ հիմա, սաստիկ զբաղվածության ժամանակաշրջանում, որն իր մեջ ներառում է, ասենք, բուռն քաղաքականություն, սոցիալական ցանցերում ապրելու միտումներ, այլ գործունեություններ եւ զբաղվածություններ, այս պարագայում շատերն այլեւս մի պատասխան ունեն` «Վերջին մեծ գիրքը, որ կարդացել եմ` Սարոյանի պատմվածքն էր կամ Ֆլանյան Բեֆանի ստատուսը»:



Հյուգոն, Ստենդալը, Տոլստոյը, Գյունտեր Գրասսը  ստիպված են լինելու երկար ժամանակով ընդմիջում վերցնել, նախքան «ժամանակակից» մարդը սաստիկ տվայտանքներով ու կամային մեծ հատկանիշների դրսեւորմամբ կկտրվի «ժամանակակից» աշխարհի այսչափ զբաղվածության շրջանակից ու նորից կսկսի պատրանքներ եւ վայելքներ որոնել գրական լավագույն ստեղծագործություններում: