Էս է. համեստ ենք

Էս է. համեստ ենք
Էդիկ Անդրեասյանն ինձ հեգնեց. փոքր ազգի «գիգանտոմանիա» ասաց իմ էն հարցադրմանը, որ, գուցե, Չարենցն իսկի էլ Երեւան ու բանտի հիվանդանոցում չի՞ վախճանվել:



Է՜, լավ, նորից հարցնեմ. «Բա էդ ո՞նց է, որ Երեւանի բանտային հիվանդանոցում «1937 թվի նոյեմբերի լույս  29-ի գիշերը հոգին չեկիստներից փրկած» Չարենցի գերեզմանը մինչեւ հիմա չի գտնվել եւ չի գտնվում»: Չի էլ գտնվելու: Քանի որ Հայաստանի գրողների միությունը եւ Չարենցի ժառանգները, փաստորեն,  ասում են. «Ի՞նչ եք մտասեւեռվել, Չարենցի գերեզմանը հայ ժողովրդի հոգում է»:



Ով որ մի բան պիտի իմանա` ԳՄ-ն եւ Չարենցի ընտանիքը, կամ ով որ պիտի մինչեւ վերջ որոնող լինի` ԳՄ-ն եւ Չարենցի ժառանգները, Դավիթ Գասպարյանն էլ, քանի որ ամենաջանասեր չարենցագետն ու Չարենցի ողբերգական ժամանակի գիտակն է, մեզ եւ Էդիկ Անդրեասյանին ուղղակի ասում են. «Էս երկրում, էս Երեւան քաղաքում Չարենցը գերեզման չունի»:



Էս է նրանց ասածի  իմաստը: Եվ էդ կես-ճշմարտությունը, քանի դեռ չեն ասում` ինչո՞ւ չունի,- կարծում եմ` իրենք գիտեն եւ մի օր կասեն,- ինձ մղել է ենթադրելու, որ «Չարենցին, որպես շատ կարեւոր «հանցագործի», Երեւանից տարել են Թիֆլիս կամ Բաքու, կամ Վլադիմիրի «ցենտրալ», էն հսկա խորհրդային երկրի մի ուրիշ բանտ»: Էդիկ Անդրեասյանն էլ հեգնում է. «Չէ մի հա՜, անձամբ նեղճակատ կինտոն կուզենար Չարենցին հարցաքննել»: Հիմա էս «համեստությունն» ինչի՞ց է: Իբր ի՞նչ: Ստալինն իսկի Չարենցի մասին չգիտե՞ր էլ:



Բա էդ ո՞նց էին Չարենցի «Գիրք ճանապարհին» տող առ տող ռուսերեն թարգմանում` ուղարկում, որ նեղճակատ կինտոն կարդա-որոշի` Չարենցի պոեմի ծաղրված հերոսն ի՞նքն է, թե՞ Տրոցկին: Էն ո՞նց է պատահել` հայ գրողներին Կրեմլում ընդունելիս Ստալինը Չարենցի «որպիսությունն է հարցրել»:



Բայց Էդիկ Անդրեասյանը, փաստորեն, ասում է. «Նե տոտ ուրովեն. Ստալինն ո՜ւր, Չարենցն ո՜ւր»,- եւ էդպես, իբր, մեր բանաստեղծին բարձրացնում է: Իրականում «գետնովն է տալիս», քանի որ Չարենցի մեծությունը հենց նեղճակատ կինտոյից ճանաչված լինելու, նրանից «թշնամի ճանաչված» լինելու մեջ է, էն ահռելի «օպոզիցիոներ»-ության մեջ, որ, փաստորեն, հերքումն էր եւ  ինտերնացիոնալի, եւ լենինիզմի, եւ սոցիալիստական Հայաստանի, եւ կրկին փառաբանումը հայ մարդու իր տեսակի, որ բոլոր ողբերգությունները գիտի, որ հասկանում է` էս Կովկասում ինքն «անկյուն քշված է», ճնշված, որ իր երկիրը «խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտն է», բայց էլի եւ դարձյալ չի հանձնվում «հաղթողի գթասրտությանը», էնպես` հսկայամարմին, պղնձակոփ, ջղուտ կանգնած` տիեզերական անսահմանությունից ասում է. «Ես կամ»:



Ու էդ նույն խոսքն է, որ Աբովյանի մոտ «հայ մեծ ազգին չե՞ք ճանաչում» ձեւակերպումն ունի, էդ Րաֆֆու «Կայծերն» են, էդ Թումանյանի «Դեպի անհունն» է, էդ Տերյանի «Օ՜, կգան օրեր ավելի դժնի...» զգուշացումն է... Ի՜նչ իմանամ` ողջ հայ գրականությունն է հավերժ «օպոզիցիոներ»` սուլթանին, պարսից շահին, ռուսաց ցարին:



Ու որ էդ «օպոզիցիոներ»-ության տեղը եւ սուլթանը գիտեր, եւ շահը, եւ ռուսաց ցարը. բոլորից էս ժողովուրդը կասկածված «անիշխանական», «անիշխանասեր» է կոչվել: Դու հասկացիր, որ  սուլթան է, շահ է, ցար է, թե նեղճակատ կինտո` բոլորը քեզ ապստամբ են ճանաչել:



Քո երեկվա, էսօրվա,- քանի որ ինքը կա դեռ,- գրողին ի՞նչ անուն է տվել Միխայիլ Գորբաչովը` իմպերիայի վերջին «ցարը»: Ասել է` «շատ տաղանդավոր ու ամբիցիոզ է»: Գրողից վեր` նրա խոսք ու վարքում «գենսեկն» ուրեմն քաղաքական գործիչ ու հազար-հազար մարդ կազմակերպող, «բանակ կազմող» է տեսել: Որովհետեւ գրողն առհասարակ ինչո՞ւ էր «ամբիցիոզ» լինելու: Մի դեպքում միայն` եթե իրեն քաղաքականության էր տվել, տալիս էր:



Էս բացառիկ հնարավորությունը քո եւ բոլորիս Չարենցը չի ունեցել, թիկունքում Թատերական  կեսմիլիոնանոց հրապարակ չի եղել: Եղել է մի «գորշ  Էրիվան»: Ու «Էրիվանի» վրա` Թիֆլիսի, Բաքվի եղկ քամահրանքը, որ ինքը, հանճարի «վեցերորդ» զգայարանով,  ողբերգություն է ընկալել, ամբոխացած մյուսները` «պրոլետարական ինտերնացիոնալիզմ», «եղեռնից մազապուրծ ժողովրդի սոցիալիստական վերածնունդ»:



Քո, իմ բոլորիս էդ մի ո՞ր մեծը չի հալածվել. Աբովյա՞նը, Նալբանդյա՞նը, Րաֆֆի՞ն... Մարդ աստծո, Թումանյանի նման անշառ բանաստեղծիդ են մեղապարտի փակ վագոնով Պետերբուրգ` կայսերական ատյան տարել` «Դաշնակցության գործով», քո էն հեքիաթասաց Աղայանն էլ է բանտ տեսել, առհասարակ գլուխն ամեն ազգայինից հեռու պահած քո Շիրվանզադեն ազատ աքսոր է ապրել, քո Իսահակյանը մի կերպ իրեն տվել եվրոպաներին՝ փրկվել:



Էդպես է, բոլորի մեջ զուտ բանաստեղծն ենք տեսել: Չենք կարեւորել, թե էդ ինչ «հատուկ գործուղում» էր, որ Տերյան Կենտգործկոմի անդամը գնացք նստելիս պիտի տհաճություններ ունենար, անտեր-անտիրական մնար Սամարայում եւ հյուրանոց գտներ միայն շնորհիվ ճեմարանական դասընկեր Գոլունիովի, էն էլ` լուսամուտի «ապակին կոտրած էր, եւ փչում էր»: Գործուղո՞ւմ էր, աքսո՞ր էր:



Կիսամեռ մարդուն Մոսկվայից էդ ո՞ւր էին ուղարկել` «Սամարայի վրայով Օրենբուրգ, հետագայում Պարսկաստան անցնելու»: Էդ ի՞նչ «դելեգացիա» էր` ոտքի վրա հազիվ կանգնող մի բանաստեղծ, մի հղի կին, եւ... ձյուն-ձմեռ, ամայի տափաստան, մեռյալ կիսակայարաններ, որտեղ մի բաժակ եռջուր անգամ չէր գտնվում... Էս է, քո Կենտգործկոմի անդամ Վահան Տերյանը նեղճակատ կինտոյի գլխավորած ազգությունների կոմիսարիատի աշխատակի՞ց էր, թե՞ արտգործժողկոմատի, դեռ ծառայության մե՞ջ էր, թե՞ պաշտոնազուրկ էին արել` ուղարկում էին, որ աչքից հեռու մի տեղ մեռնի՞...



Էդ ո՞ր մեկի կյանքն է իշխանության գուրգուրանքով պսակված: Քո Շիրազի՞ կյանքը, քո Պարույր Սեւակի՞նը: Չի եղել Հայաստանում էնպես ուժեղ ձեռքի` մոսկվաների կատարյալ վստահությունը վայելող իշխանություն, որ Չարենց փրկեր, Շիրազ պանծացներ, Սեւակ պահեր` վթարի զոհ չդառնար: Բովանդակ Ադրբեջանից մի Մյուշֆիգ է բռնադատվել: Քանի որ Միրջաֆար Բաղիրովը բռնադատող էր: Քո եւ իմ Աղասի Խանջյանին Բերիան էդ Բաղիրովի ներկայությամբ է գնդակահարել: Էդ վախը բոլորի մեջ նստած էր, էդ անվստահությունը Մոսկվան ուներ: Էլչիբեյին գիտե՞ս ով է քաշել-բանտից դուրս բերել: Հեյդար Ալիեւը: Իմ ու քո Կարեն Դեմիրճյանը չէր կարող Պարույր Հայրիկյանին ԿԳԲ-ից փրկել: Ու չի փրկել, քանի որ քո եւ բոլորիս գլխին Մոսկվայի մետրոյի պայթեցում է բարդվել` մեր Կարեն Սերոբիչ Դեմիրճյանին դրել են մերձբալթյան «հակակոմունիզմի» հետ նույն շարքում...



Եվ իմ ու քո Գրիգոր Արութինովի նամակն ու Բաղիրովի ճիվաղային պատասխանը՝ իբր դեմ չի, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան լինի, փոխարենը, սակայն, «արդարությունն է պահանջում»` Ադրբեջանին պիտի տրվի Կրաբաղլարի շրջանը,- էդ իմ ու քո Պարույր Սեւակի ծննդավայր գյուղն ու շրջակայքն է,- էս ահռելի անզորությունը մեր վրա եղել է:



Չարենցի ընդվզումը սրա՜ դեմ էր` որ «Էրիվանի» վրա Լավրենտի Բերիան իշխանություն ունի, Փարիզից Աղասի Խանջյանի թանակ անունով ղրկված` էդ «Մերսեդես» է, ինչ ավտո է` Բաթումի նավահանգստում Անդրֆեդերացիա կառավարությունը բռնագրավում- տալիս է «տուտուց» թիֆլիսցիներին` «Գոլովինսկի պրոսպեկտով» վեր-վար քշեն: Չարենցի ողբերգությունն էն էր, որ Կոմիտասի զմռսած աճյունը Փարիզից Բաթումի է հասնում ու «Էրիվան» հողին  է հանձնվում գրեթե ծածուկ...



Չարենցի «տղայական» ըմբոստությունն էն էր, թե ինչու պիտի «նաիրյան դոֆինը» Թիֆլիսում ինքնասպան լիներ, էն «դոֆինը», որ Մյասնիկյան Ալեքսանդրից հետո Հայաստան` անվանական հանրապետությունը ՀԱՅԵՐԻ հայրենիք էր տեսնում...



Իմ ասածն էս էր... Էսքանից հետո Չարենցը պետական «հանցագո՞րծ» էր, թե՞ «նարկոման»` թող չարենցագիտությունը դատի: Իմ հասկացածն էն էր, որ էդ ահռելի մարդուց եւ Մուղդուսին էր սարսռում, եւ Ակոպովն ու Բերիան... Նեղճակատ կինտո էլ` վրադիր: Ու էդ մարդուն Երեւանից պիտի տանեին, իր էությունից պիտի դուրս քաշեին-թուլացնի...



Էդիկ Անդրեասյանին հարցնեմ. «Էդ Զապել Եսայանին ո՞նց էին հասցրել Բաքու»: Ասեմ. «Էն Գարեգին Նժդեհին քանի՞ անգամ են Վլադիմիրից Երեւան բերել-տարել»: Էլի եւ դարձյալ հարցնեմ. «Չարենցի խեղճ կնոջը, որ հայերեն գրել-կարդալ չգիտեր, ո՞ւր էին Միջին Ասիա աքսորում` կյանքը խեղում»:



Բա՞:



«Հեգնելը» հեշտ է: Դու էն ահավոր երկրից ի՞նչ ես տեսել:



Վահրամ Աթանեսյան