Մեզ խազեին ա պետք

Մեզ խազեին ա պետք
Հարցազրույց դերասան Նարեկ Դուրյանի հետ



-Պարոն Դուրյան, մի քանի տարի առաջ եկաք Հայաստան ու մնացիք, այս ընթացքում ի՞նչ լավ ու վատ տեղաշարժեր եք արձանագրել Ձեզ համար:  



- Ինձ այսօր ամենաշատը մտահոգում է մարդկանց սոցիալական վիճակը, բայց ես չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է այդ հարցը լուծել: Ինձ շատ է նեղում «բանանյան» երկիր լինելու փաստը` ծանոթ-ազգականներով է ամեն ինչ արվում, ու ես վստահ չեմ, որ ուրիշ կառավարություն գա, նույնը չի անի, որովհետեւ տեսել ենք` նույնն է եղել: Ֆրանսիայում էլ է այդպես, բայց` չափավոր, կարող է իմանաս, որ հեռուստատեսության գլխավոր տնօրենը Սարկոզիի հորեղբոր քրոջ զոքանչն է, բայց ոչ ավելին: Նախ սկսեմ նրանից, որ ես ֆրանսահպատակ եմ ու չեմ եկել քաղաքականությամբ զբաղվեմ, սա իմ երկիրն է արմատներով, բայց քաղաքացիական իմ երկիրը Ֆրանսիան է, իմ պրեզիդենտը Նիկոլա Սարկոզին է: Ես չեմ քվեարկում Սարգսյան, Քոչարյան, Տեր-Պետրոսյան, ես քվեարկում եմ կամ Սարկոզի կամ Լըպեն: Բայց ես կարող եմ արտահայտվել, որովհետեւ, այնուամենայնիվ, ոչխար չենք, ստեղ ենք ապրում, իսկ ամենամեծ խնդիրը մնում է սոցիալական վիճակը:



Օրինակ, Ֆրանսիայում ձեզ հանեցին աշխատանքից, դուք մի տարի ձեր աշխատավարձը ստանում եք պետությունից, 6 ամիս՝ 100 տոկոս, 3 ամիս՝ 80 տոկոս, 3 ամիս՝ 60 տոկոս: Եթե դուք մեկ տարուց ապացուցեցիք պետությանը, որ գործ եք փնտրել ու չեք գտել, պետությունը մեկ տարի էլ է երկարացնում դա: Երբ դուք նորմալ աշխատավարձով ձեր փոքրիկ «Պեժո»-ով կանգնած եք կարմիր լույսի տակ, իսկ ձեր կողքն ահռելի մի «Ջիփ» է կանգնած, մեջը՝ ահավոր հարուստ մարդ, դա ձեզ էդքան չի նեղում, որովհետեւ դուք ունեք այդ մինիմալը, բայց երբ դուք մարշրուտկայի մեջ ճխլված-խցկված գնում եք տուն, իսկ տանը սառնարանը դատարկ է, ու կողքից անցնում է 18 տարեկան լակոտ իր թանկ մեքենայով, դա ձեզ նեղում է: Եվրոպան հո մենակ եվրոպատուհաններով չի՞, մարդու մասին պետք է մտածել: Պարզ է, որ հիերարխիա պիտի լինի, եւ պիտի լինեն հարուստներ ու աղքատներ, եւ դա լավ է այնքանով, որ հարուստն աղքատին գործ է տալիս, բայց արդեն 21-րդ դարում ենք, ու ժամանակն է ֆեոդալիզմից մի քիչ գնանք այն կողմ:



- Ձեր հայրը` Օհան Դուրյանը, իր քաղաքական հայացքները չէր թաքցնում, Դուք ունե՞ք որեւէ քաղաքական դիրքորոշում:



- Ինձ միշտ ասում են՝ պապադ էն կողմն էր, դու էս կողմն ես, ես պապայի հետ էլ եմ վիճել, ես հիշում եմ էն տարիները` նույնն էր, էս հորեղբոր տղեն էր, էն մորեղբոր տղեն, ես մեկ- մեկ կարող եմ ասել՝ որ օբյեկտն ում է պատկանել նրանցից, ու այսօր էլ կարող ենք ասել, թե որն ում է պատկանում սրանցից, հետո՞... Ես չեմ տեսնում այն մարդուն, որի հետեւից գնամ, ու չգիտեմ ում հավատամ, չարյաց փոքրագույնը ընտրելը՝ դա դեռ ելք չի, կարող է սրտի մխիթարանք է, բայց ոչ ավելի:



- Այդ դեպքում որտեղի՞ց կարելի է փոփոխություն ակնկալել, եթե մեր ընտրությունը չարյաց փոքրագույնով է սահմանափակվում:



- Պիտի սպասենք, շատ դժվար է, բայց որ բարելավումներ կան, դրա մեջ կասկած չկա: Օրինակ, այսքան խցանումներ են լինում քաղաքում, ճիշտ է՝ դա նախ խոսում է նրա մասին, որ փողոցները փոքր են, բայց նաեւ՝ կյանքի բարելավման մասին: Ինձ մեկն ասեց՝ դա հարուստների մեքենաներն են, ասեցի` եղբայր, եթե այսքան հարուստ կա էս քաղաքում, դա շատ լավ է, ճիշտ է՝ թալան էլ կա, խաբեություն էլ, բայց շենքեր են կառուցվում, ու ի վերջո լցվում են էդ շենքերը: Մի փողոցի վրա էսքան խանութ, ու զարմանալին այն է, որ չեն փակվում: Լավ, էդ բոլորը փո՞ղ են լվանում. 2-ը կարող է, բայց էն մեկը մնում է, չէ՞, ուրեմն առնող կա, չէ՞: Իմ ներկայացումների տոմսը նույնպես էժան չէ` 4 հազար դրամ, մարդն իր կնոջ, երեխեքի հետ գա՝ 20 հազար է կազմում, իսկ դա փող է, բայց լեցուն են դահլիճները: Եթե իմ աչքի առաջ մի 3 հատ ծառ ու ծաղիկ է տնկվում, ես դա էլ եմ հաշվում, չի կարելի ամեն ինչ սեւացնել, ուղղակի լավը քիչ է: Ես եկել եմ այն եզրակացության, որ փոքր երկրներին դեմոկրատիան արգելված է, այսինքն՝ ոչ միայն փոքր, այլ նաեւ յուրահատուկ բնավորություն ունեցող երկրներին, օրինակ՝ ռուսը պիտի ցար ունենա ու վերջ:



- Իսկ մե՞նք:



- Մերը խազեին պիտի լինի, աղան պիտի նստած լինի, մենք էլ իմանանք, որ սա մեր աղեն ա, էդ աղեն պիտի փաշա մարդ լինի, բոլորիս հնարավորություն տա նորմալ ապրենք, ինչ պառլամենտ-մառլամենտներ, մեզ խազեին ա պետք, ու ես մոնարխիայի մեջ վատ բան չեմ տեսնում, անգամ իմ խորքում մոնարխիստ էլ եմ: Ես 32 տարի ապրեցի շատ զարգացած դեմոկրատիայի երկրում ու հասկացա, որ դա սուտ բան է: Հանճարեղ մի խոսք կա, ասում է` դիկտատուրայի ժամանակ մեծամասնությունն է ենթարկվում փոքրամասնությանը, իսկ դեմոկրատիայի ժամանակ՝ հակառակը: Ես եմ ու այդպես չեմ մտածում, ինչի՞ պիտի ենթարկվեմ այդ 5 հոգուն: Այսինքն միեւնույն է՝ դիկտատուրայի գործոնը դեմոկրատիայի մեջ գոյություն ունի, այդ դեպքում ի՞նչ տարբերություն: Մոնարխիան ճիշտ բան է, սերնդից սերունդ մոնարխիստները գալիս են, մենք էլ չենք ասում՝ էս ո՞ւմ տղեն ա: Եկան-վերցրեցին՝ ղարաբաղցիներ, լեննականցիներ. ես ձեզ վստահեցնում եմ՝ վաղը կառավարության գլուխ նստեն լեննականցիները, նրանց էլ չեն սիրելու, ինչպես ղարաբաղցիներին, դրան վերջ չկա: Եթե մեծ երկիր լիներ, որտեղ 50-70 միլիոն մարդ լիներ, ժողովրդավարության այդ խաղերն ուրիշ ձեւ են գնում, հավատում ես ինչ-որ չափով: Երեւանում դա անհնարին է, ու գտնում եմ, որ էդ խաղերը մեզ համար չեն: Պետք է լինեն մոնարխիա եւ սոցիալիզմ, շվեդական, սկանդինավյան մոդելները շատ լավն են: Այ եթե 150 տարուց մենք էլի էս վիճակի լինենք, դա արդեն լացելու բան կլինի:



- 150 տարուց նման արտագաղթի պայմաններում էլ մարդ չի լինի Հայաստանում:



- Դա մեծ պրոբլեմ է, բայց ես հավատում եմ ներգաղթին:



- Ձեր լավատեսությունն ի՞նչ հիմքեր ունի:



- Մարդիկ սկսում են իրենց լավ զգալ Երեւանում, շատերն ուզում են հետ գալ Հայաստան՝ իմ աղջիկը թեկուզ: Ներգաղթը գալու է, սա դառնալու է Սփյուռքի համար ավետյաց երկիր, ինչպես հրեաների համար Իսրայելը: Գուցե նրանք հայերեն չխոսեն, անունն էլ Մխիթարյան Մխիթարի փոխարեն լինի Պատրիկ Դյուբուա, բայց հավատքով լինեն հայ, ու սա կլինի իրենց հողը: Ես ձեզ հավատացնում եմ, որ գալու է այդ օրը, չեն լինելու հայախոսներ, բայց մտքով հայ լինելն ավելի կարեւոր է, քան սրտով:



- Մարդիկ իրենց լավ են զգում, երբ ժամանակավոր են գալիս Հայաստան, դրանից հետո պատկերը կտրուկ է փոխվում:



- Այո, չեն դիմանա, իմ աղջիկը Սորբոնից տեղափոխվեց այստեղ՝ Ֆրանսիական համալսարանում սովորելու, բայց չդիմացավ, մի տարի հետո գնաց Ֆրանսիա:



- Ինչի՞ն չդիմացավ:



- Չկարողացավ, դա դժվար է բացատրել, մտածելակերպը լրիվ տարբեր է, շուն ու կատու միասին չեն կարող ապրել: Երբ այստեղ 10 մեքենայից 10-ն էլ թույլ կտան, որ անցնես, երբ անծանոթ մարդիկ վերելակում ժպիտով բարեւեն իրար, երբ լույսերը մարելուց առաջ մարդիկ զգուշացնեն, որ հազար դոլարանոց համակարգիչդ ու օդափոխիչդ չվառվեն, այդ դեպքում՝ գուցե: Այս փոքր բաները շուրջդ ապրելու աուրա է ստեղծում, կարող է դու չկարողանաս քեզ թույլ տալ ամեն ամառ գնալ ինչ-որ մի տեղ հանգստանալու, բայց աուրան ներվայնացնող չլինի: Իմ 5-րդ հարկից մեկն ամեն օր խնձորն ուտում է ու քոթուկն աստիճանների արանքից գցում ուղիղ դռանս առաջ. ի՞նչ դեմոկրատիա, սրան խազեին ա պետք, որ կնուտը վերցնի ու մի 10 հատ խփի, որ էլ չանի: Փարիզում մի հատ փորձի պատշգամբում պարան կապես, հերդ կանիծեն, բա Փարիզի տե՞սքը, էս ի՞նչ ճարտարապետական պոռնոգրաֆիա ա. ով ինչ ուզում՝ անում է, բայց սենց չի կարելի, այ, էս բաներն ինձ նեղում են:



- Պարոն Դուրյան, ակնհայտ է, որ կախվածություն չունեք ոչ մեկից, Դուք եք Ձեր գլխի տերը, չեք վախենում, որ աշխատանքից կզրկվեք, թատրոնից կհանեն: Երբեւէ Ձեզ լռեցնելու փորձեր եղե՞լ են:



- Չէ, լինի՝ կգնամ, ես սովետից դրա համար փախա, այսօր էլ էստեղից կփախնեմ, ես ունեմ իմ երկրորդ հայրենիքը, ուր կգնամ, ես այսօր վերադարձել եմ, որովհետեւ ազատ եմ այստեղ, բեմադրում եմ այն, ինչ ուզում եմ, ասում եմ այն, ինչ ուզում եմ, գուցե հիմար բաներ եմ ասում, ու Դուք համաձայն չեք, բայց ասում եմ: Ազատություն, այնուամենայնիվ, կա, չնայած դա էլ հարաբերական է, որովհետեւ ազատությունը չափվում է մեր վանդակի մեծությամբ: Նույնը նաեւ Ֆրանսիայում է, կա մի տեղ, որից հետո պիտի կանգնես, այն կողմ գնացիր՝ կջնջեն, ուղղակի կարող է էնտեղ այդ վանդակը մի քիչ ավելի մեծ է, մեզ մոտ` ավելի փոքր: Բայց ազատություն կա, ուզում եք դուրս եկեք եւ ասեք, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայն չեք:



- Ինչո՞վ կբացատրեք, երբ բոլոր հնարավոր կոչումների տեր արվեստագետը, որն իր 80 տարիներին էլ կորցնելու բան չունի, վախենում է իր կարծիքը հայտնել, պատճառաբանելով, որ ինքը ենթակա մարդ է:



- Հանճարեղ գործ կա՝ «слуга всех господ», նույնը նաեւ այս մարդկանց մասին է, վաղը ուրիշ կառավարություն գա, էս նույն մարդիկ, որ այսօր գովում են, վաղը փնովելու են այդ կառավարությունը: Խնդիրը մեր մեջ է՝ մենք ենք ստրուկ, օրինակ, Ռուբեն Հախվերդյանն ինչ ասես ասում է, բա ինչի՞ էդ մարդուն չեն սպանում, չեն ջնջում, որովհետեւ տեսնում են, որ մարդը ճիշտ է ասում, ու 3 կառավարություններն էլ այդ մարդուն օգնել են, ինքն իրենց ցեխն է կոխում, նրանք իրեն օգնում են, որովհետեւ հիմար չեն, տեսնում են, որ ցավով է ասում, որովհետեւ իր երկիրն է:



 - Համաձա՞յն եք, որ այստեղ չեք ապրում, դրա համար եք Ձեզ այդպես ազատ զգում:



- Անկասկած այդ երեսառածության պահը կա, որովհետեւ ամեն վայրկյան կարող եմ գնալ այստեղից, բայց խոսելուց էլ զգույշ եմ խոսում, որ այնպես չստացվի, թե տաք տեղից եկել՝ դաս եմ տալիս: Դրա համար եմ ասում, որ իմ պրեզիդենտը Սարկոզին է, երբ ես կդառնամ Հայաստանի քաղաքացի, լրիվ ուրիշ ձեւ կխոսեմ կամ կվախենամ-չեմ խոսի: Իհարկե, իմ ներկայացումների հաջողությունն ինձ թույլ է տալիս անկախ մնալ այսօր, ես ստիպված չեմ գնալ այս կամ այն TV մտնել, որտեղ կարող են ասել` ապեր, մի քիչ հանգիստ: Բայց ես հավատացնում եմ, որ մեր փրկությունը մեզնից է գալիս, ես վստահ եմ, որ եթե մեր երեք նախագահների մասին էլ խոսես, իրենք դրանից էնքան վատ չեն լինի, ինչքան դու կամ կողքինդ, որն ուզում է Հռոմի պապից ավելի պապենական լինի: