Բակունցը՝ Հրազդանի բեմում

Բակունցը՝ Հրազդանի բեմում
Երբեմն մարզերում կարելի է հանդիպել իրականություն դարձած այնպիսի հղացումների, որ մայրաքաղաքում դժվարությամբ կարող ես գտնել, ինչն էլ ստիպում է մտածել, թե մշակութային կյանքը Երեւանով չի սկսվում եւ ավարտվում: Այլ քաղաքներում էլ կան արվեստ արարող անհատներ ու արվեստասեր հասարակություն: Բավական ինքնատիպ լուծում էր ստացել Բակունցի «Միրհավը» Հրազդանի դրամատիկական թատրոնի բեմում: Երբ Երեւանից Հրազդան էի գնում՝ ներկայացման պրեմիերան նայելու, ամբողջ ճանապարհին փորձում էի հասկանալ, թե ինչպես են խաղալու այս գործը, որպեսզի հանդիսատեսն զգա Դիլան Դայու կրծքի տակ կոտրված տիեզերքը, որ Սոնա անունով է:



««Միրհավը» զուտ գրական գործ է՝ չորս էջից երկուսը՝ նկարագրություն, հարկավոր էր բեմական լուծումը գտնել, կոնստրուկցիա ստեղծել: Ցանկացած գրական գործ, անգամ Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը», հնարավոր է բեմադրել, պարզապես պետք է գտնես իր զտարյուն բեմական տարբերակը: «Միրհավի» դեպքում համարժեք կոնստրուկցիան էր դժվար գտնելը: Գրականությունից պետք է այնպես տեղափոխես բեմ, որ նոր ծնունդ ստանա: Ես փորձել եմ գտնել թատերական տարբերակը, վիզուալ տարբերակը: Ինչ որ բեմի վրա է կատարվում, Դիլանն այդպես չկա պատմվածքում, բայց ինքն իր ֆորմայի մեջ ներքին կապ պետք է ունենա»,- բացատրում է բեմադրման ռեժիսոր, Հրազդանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Աշոտ Սարգսյանը:



Բեմական լուծման մեջ կային նաեւ փարաջանովյան ըմբռնումներ. «Փարաջանովի հետ 1988 թվին Կիեւում եմ ծանոթացել, շատ չենք խոսել՝ մոտավորապես մի կես ժամ, բայց այդ կես ժամը եղել է իմ կյանքի կարեւորագույն համալսարանը,- ասում է Աշոտը:- Միտումնավոր չեմ պատճենահանում, դա լինում է ենթագիտակցորեն»: Բակունցի բանաստեղծական զգացողության, պատկերային մտածողության, միրհավյան նկարագրության փոխակերպումն էր բեմի վրա, ներկայացումը ծայրեծայր հիշեցնում էր մնջախաղ: Միայն մի դրվագում է, երբ Դիլան Դային փորձում է համբուրել արդեն ամուսնացած Սոնային, որ ճչում է՝ ամոթ է, Դիլան: Այդուհանդերձ ռեժիսորը բեմադրությունը չի նույնացնում մնջախաղի հետ.



«Այդպիսի միտում չենք ունեցել, ներկայացումը ոչ թե մնջախաղ է, այլ՝ պլաստիկա: Այս լուծումն էր անհրաժեշտ «Միրհավի» գծային, պոետական զգացողությանը»: Այս ոճի մեջ եւս երեք բեմադրություն է ունեցել Աշոտ Սարգսյանը. «Մինաս Ավետիսյան», որտեղ, ինչպես նշեց, նկարչությունն է խոսում, «Եզերքի մոտ, ճանապարհին» եւ «Խորհրդային էլեգիա»:



Իսկ «Միրհավը» երկրորդ եռապատման սկիզբն է. «Հաջորդը լինելու է Հակոբ Մնձուրի, բայց երրորդը դեռ հստակ չեմ որոշել՝ երեւի Համաստեղ: Իսկ մյուս եռապատման մեջ մտնելու են Հրանտ Մաթեւոսյան եւ ժամանակակից գրողներ»: Հրանտ Մաթեւոսյանից արդեն որոշել է՝ «Տերն» է բեմադրվելու: «Հնարավոր է երկրորդը Աբիկ Ավագյանի «Հարավային տենդը» լինի»,- ենթադրում է Աշոտը:



Սակայն, այս ամենով հանդերձ, առանց դուրսը նայելու, ներսից էլ կարող էիր հասկանալ, որ ներկայացումը մարզային թատրոնում է: Չջեռուցված ու ցուրտ դահլիճում հանդիսատեսը վերարկուով էր հետեւում ներկայացմանը, իսկ բեմն անշուք էր ու աղքատիկ, զուրկ արժեքավոր դեկորներից: Նկարիչ Մովսես Թադեւոսյանի ինքնատիպ ու ներկայացումը երանգներով ամբողջացնող ձեւավորումն էր փրկում այդ տխուր վիճակը: Իսկ մարզային հանդիսատեսը ոչ թե կարիք չունի, այլ ծարավ է արվեստի ու նման ներկայացումների, քանի որ լիքը դահլիճը ներկայացման ավարտին հոտնկայս երկար ծափահարում էր՝ այդպես արտահայտելով արվեստի նկատմամբ իր վերաբերմունքը:



Ֆելիքս Եղիազարյան