Թագավոր տղերքի ժամանակը

Թագավոր տղերքի ժամանակը
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի հետ



- Պարոն Ջանիբեկյան, մոտ մեկ տարի առաջ ստեղծեցիք Ձեր թատրոնը, Սունդուկյան թատրոնում Ձեզ դերեր չէին տալիս, դրա համա՞ր որոշեցիք նախաձեռնել Ձերը:



- Ես Սունդուկյանի թատրոնում 15 տարի է՝ դեր չունեմ: «Գուրգեն Ջանիբեկյան» հիմնադրամի վրա էլ որոշեցինք ստեղծել «Գուրջան» թատրոնը:



- Իսկ ո՞րն է պատճառը, ինչո՞ւ չեն տալիս:



- Չգիտեմ... Գիտե՞ք ինչու, չեմ ուզում անունները տամ, բայց կար մի խումբ, որ շատ ուրախ էր, որ ես հեռացել էի Գառնի, որովհետեւ, երբ ես հեռացել էի, իրանց ասպարեզը բացվել էր, եւ նրանք խաղում էին գլխավոր դերեր, բայց երբ ես նորից եկա, իրենք հասկացան, որ դժվարանալու է իրենց...



- Հասկացան, բայց կարծես էդպես էլ ոչ մի դեր չառաջարկեցին, մինչեւ որ Ձեր թատրոնը հիմնեցիք:



- Ինձ հիմա էլի չեն առաջարկի. կան ռեժիսորներ, որոնք արդեն ունեն իրենց դերասանները, թող լինի միջակ դերասան, բայց իրենց հետ հեշտ է աշխատելը: Եվ իրենք ունեն իրենց պլանները, իրենց ի՞նչ է պետք՝ պորտֆել, մեկ ներկայացում, երկու, երեք, չորս, հինգ... կոչման հարց է, լավ կխաղա, վատ կխաղա՝ դա կարեւոր չի, ես էս դերերն եմ խաղացել, ինձ տվեք այդ կոչումը. սա է իրենց նպատակը, որն ինձ համար երբեք արժեք չի ունեցել:



- Դե Ձեզ բոլոր կոչումները տվել են, Դուք այդ խնդիրն էլ չունեք:



- Ես ոչ մի խնդիր չունեմ, ես ունեմ մի հրաշալի կին, դրամատուրգ, որն ինձ վերակենդանացրեց, բերեց նորից բեմահարթակ, Սունդուկյանի թատրոն, եւ ես այնքան շնորհակալ եմ Ստեփան Դավթյանից, որ ինձ բոլոր հնարավորությունները տալիս է, անկախ նրանից՝ դժվար է իր համար, ծանր է, ծանր չի... տեսեք, իմ թատրոնի ներկայացման փորձերն անելու համար նա 4 օր տվեց ինձ, 4 օր ես կարողացա փորձեր անել:



- Շա՞տ է դա:



- Դա շատ քիչ է, բայց որովհետեւ մենք սիրում ենք մեր գործը, մենք աշխատում ենք շատ նպատակասլաց, մենք ժամանակ չենք կորցնում, 4 օրվա մեջ կարողացանք մեր նոր ներկայացումը պատրաստել, որը կոչվում է «Անառակ դստեր վերադարձը»: Ու եթե «Սարերում կյանք կա» ներկայացման մեջ արծարծվում էին հայաթափության, Ղարաբաղի, տղա երեխայի խնդիրները, այս ներկայացման մեջ արդեն այն պրոբլեմն է, որ հայը վերադառնում է Հայաստան եւ իր տեղը չի գտնում, տեսնում է այն ավանդույթները, որ կային, այլեւս գոյություն չունեն, այսինքն ինքն իրեն օտար է զգում, այսինքն ստացվում է այնպես, որ արյունը ջուր դառավ: Բայց եթե առաջին ներկայացման մեջ հայրը մեռնում է, ապա այս՝ «Անառակ դստեր վերադարձը» ներկայացման մեջ կարծես թե հոգին գալիս է ու իր աղջկան օգնում է ոտքի կանգնել, կռիվ տալ, հավաքվել: Մենք հոգով այնքան ենք փոխվել, որ հոգով ենք անառակ դարձել:



- Թատրոնը, փաստորեն, չունի տարածք, իսկ Ձեր ներկայացումների համար վարձակալե՞լ էիք Սունդուկյանի դահլիճը, թե՞ անվճար էին Ձեզ տրամադրել:



- Չէ, ո՞նց, ես արենդա եմ տալիս դրա համար, ամեն ներկայացմանը ես փող եմ փոխանցում, բոլոր աշխատողներին վարձատրում եմ, նաեւ փորձերի օրերի համար, առանց արենդայի հնարավոր չի, օրենք գոյություն ունի, օրենքից դուրս մենք չենք կարող որեւէ բան անել:



- Գոնե մատչելի՞ է արենդայի գումարը:



- Ինձ ընդառաջել են, ամենացածրն են դրել: Մեր թատրոնը չունի դերասաններ, անտեպրիզային թատրոն է, մեկ տարի առաջ ստեղծեցինք, ամեն ներկայացման համար վարձակալում ենք տարածք, դերասաններ: Ինքներս ենք ամեն ինչ անում, դեկորացիաները տանում-բերում:



- Իսկ չե՞ք ուզում դիմել մշակույթի նախարարությանը, որպեսզի թատրոնի համար շենք կամ փոքրիկ տարածք տրամադրեն:



- Չենք ուզում, որովհետեւ դա չի լինի, լինող բան չէ այսօր. ի՞նչ շենք, ի՞նչ բան, այդ շենքերը, կինոթատրոնները սաղ սեփականաշնորհեցին, դու ուզում ես մեզ շե՞նք տան: Ուրիշ հարց, որ, ասենք, Գագիկ Ծառուկյանը, որը մեր այս ներկայացման հովանավորն էր, եթե տեսնի, որ իսկապես լուրջ գործ ենք անում ու արժի ինչ-որ մի շենք տրամադրել, ինքը գնի կամ օգնի... թե չէ պետությունը...



- Հույս չունե՞ք պետությունից:



- Չէ, ի՞նչ հույս, նա ի վիճակի չի, նա սկի հազիվ իրա...



- Ինչո՞ւ ի վիճակի չէ, այդքան փառատոններ են հովանավորում, տարբեր ծրագրեր իրականացնում:



- Բայց շենքը շատ թանկ է, դա ի՞նչ միլիոն, միլիարդների բան է, չնայած եթե պիտի ինչ-որ մեկին վաճառեն այդ շենքը, շատ էժան գներով են վաճառում: Օրինակ մի շենք կա, որ շատ լավ թատրոն կարող է լինել, աչքս վրեն ա, բայց դեռ չեմ ուզում ասեմ:



- Ծառուկյանի հետ է՞լ չեք կիսվել Ձեր մտադրություններով, գուցե օգնի, Ձեր 2-րդ ներկայացման հովանավորն է:



- Չէ, չէ, ոչ մեկի հետ չեմ կիսվել, դեռ չի հասունացել ոչ իմ կողմից, ոչ մյուսների, որ, ասենք, մեր թատրոնին մարդիկ հոգ քաշեն եւ գոնե մտածեն, որ այս թատրոնին մի հատ շենք է պետք...



- Այսօր թատրոնում չգնահատված լինելու խնդի՞ր ունեք:



- Ե՞ս, չգնահատվա՞ծ, ո՞նց, ինձ պաշտում են, ինձ ազգն է պաշտում, իմ թատրոնում ինձ շատ են սիրում, Սունդուկյանում էլ են ինձ սիրում:



- Նկատի ունեմ Սունդուկյանում, ի վերջո 15 տարի, մեղմ ասած, Ձեզ «բլոկադայի» մեջ պահեցին, ոչ մի դեր չտվեցին:



- Գիտե՞ք ինչ, կան մարդիկ, որ սիրում են, կան մարդիկ, որ ուզում են ես հեռանամ, որ իրանց ճանապարհը... չնայած ես չեմ խանգարում իրանց, իրանք խաղում են այն, ինչ ուզում են, այսինքն խաղում են իմ դերերը, որ ես պիտի խաղայի: Մի թատրոնում, որտեղ չկա գեղարվեստական ղեկավար, արդեն էնտեղ խմբավորումներ են, երբ լինի գեղարվեստական ղեկավար, էդ խմբավորումն էլի կլինի, բայց՝ նրա կողքին: Էսօր մեր թատրոնը փորձադաշտ է, ով ինչ ուզում՝ անում է, այսինքն, եթե գտավ մի կանալ դեպի վերեւները, կարող է գալ-բեմադրել: Այ դրա համար պետք է գեղարվեստական ղեկավար լինի, որ ամեն մի թափթփուկ չմտնի Սունդուկյան թատրոն: Ես, իհարկե, կուզենայի Սունդուկյանի ռեպերտուարում լինել, հիմա «Ջոն արքա» են բեմադրում, Անգլիա պիտի տանեն, ո՞վ է խաղալու Ջոն արքա, ո՞վ է բեմադրելու, չգիտեմ... ես գիտե՜մ, բայց ինձ ոչ ոք ոչինչ չի ասել, բայց տակից լավ աշխատում են, շատ շնորհակալ եմ, գոնե ինձ մի հատ էպիզոդ դեր տան խաղամ էդ ներկայացման մեջ, ի վերջո Անգլիայի հարց կա, բան կա:



- Ձեզ նախանձողներ շա՞տ կան:



- Շա՜տ, բացի նախանձը, վախում են էլ, սիրողներ էլ կան, ամեն ինչ կա իմ կյանքում:



- Բայց լավ է, որ ֆինանսավորողներ էլ կան, առաջին ներկայացումը հովանավորեց Ռալֆ Յիրիկյանը, 2-րդի հովանավորն էլ Գագիկ Ծառուկյանն է:



- Դեռ 2 անգամ է եղել, առաջինի դեպքում եղել է նաեւ Հասմիկ Պողոսյանը, 2-րդի դեպքում՝ Գագիկ Ծառուկյանը, հիմա 3-րդը եթե եղավ, տեսնենք ինչ կլինի, Աստված մեծ է:



- Դո՞ւք էիք դիմել իրենց, թե՞ իրենց կողմից ցանկություն կար:



- Ես եմ դիմել, նախ ասեմ, որ ես ԲՀԿ անդամ եմ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանն ինձ շատ է դուր գալիս՝ որպես հայ, որպես երեւանցի, որպես քաղաքացի, որպես պատրիոտ, հիմա ով ինչ ուզում է՝ թող ասի: Ես իրեն համարում եմ այսօր որպես հայի, որպես ուժեղ տղամարդու, որպես բարերարի...



- Այսինքն «թագավոր տղա ա»՝ ինչպես արվեստագետներից մեկն էր ասել:



- Դե գիտե՞ք ինչ, թագավորները... ինքը թագավոր տղա կարող է լինի, համաձայն եմ, բայց, օրինակ, Կարեն Կարապետյանն էլ էր թագավոր, բայց եկավ քաղսովետ՝ ինչ ասես չարեց, ազգի 50 տոկոսի հերն անիծեց, մարդիկ փող էին աշխատում, ո՞ւմ էին խանգարում էդ կրպակները: Ինքը թագավորիկ էր, իսկ որ Գագիկը թագավոր է, դրանում խոսք չի կարող լինել, շատ ուժեղ տղա է, հետո՝ բարի մարդ ա ինքը:



- Ծառուկյանին հրավիրե՞լ էիք ներկայացման պրեմիերային, եկե՞լ էր:



- Ցավոք սրտի, նա գտնվում էր Փարիզում, շտանգիստների մրցույթին էր, բայց մայրն ու կինը եկել էին, շատ էին հավանել: Տիկին Ռոզան նույնիսկ հարցրել էր. ո՞վ է գրել էս պիեսը, ասել էին. ա՜յ էն աղջիկը՝ Լիանա Անթառանյանը՝ իմ կինը, որն ունիկալ մի երեւույթ է:



- Իսկ մշակույթի նախարարությունից կամ հենց ինքը՝ նախարարը, չէ՞ր եկել ներկայացմանը:



- Նախորդ ներկայացմանը եկավ մշակույթի նախարարը՝ իր ամբողջ խմբով, վարչապետն էլ: Նույնիսկ ինձ, նկարչին, հեղինակին ու բեմադրիչին հրավիրեցին լոժա, էնտեղ մի հատ կոնյակ խմեցինք, զրուցեցինք: Շատ էին հավանել, բայց տխրել էին, որ էդ մարդը մահանում է, ասեցին՝ միգուցե ե՞լք գտնեիք, իսկ ելքը նա է, որ հույսով սպասի, որ լավ կլինի: Մենք հիմա ունենք 2 լավ ներկայացում եւ ուզում ենք այդ 2 ներկայացումներով հանդես գալ արտերկրում, որտեղ հայեր կան, որովհետեւ այնտեղ հայրենասիրության թեմա է, հայաթափության, Ղարաբաղ, տղա զավակի, կոռուպցիայի:



- Կոռուպցիայի, հայաթափության թեմաներին վարչապետն ինչպե՞ս արձագանքեց, համաձա՞յն էր, թե՞ առաջարկեց ուրիշ ելք գտնել:



- Չէ, նրանք բան չեն ասում դրա մասին:



- Այսինքն ընդունում են...



- Ընդունում են իհարկե... այն, ինչ որ կա՝ կա, եւ նրանք էդքան հիմար չեն, որ վերցնեն-ասեն՝ չէ, տենց բան չկա: Իհարկե կա, ու բոլորս էլ գիտենք, որ կա: