Ինչ անկախություն, երբ 24 ժամ լսում են

Ինչ անկախություն, երբ 24 ժամ լսում են
Երբ հետաքրքրվում ես դատական համակարգի ներսում տիրող վիճակով, պարզվում է՝ վիճակն ավելի աղետալի է, քան կարելի է պատկերացնել: Բանն այն է, որ դատավորների անկախության ուղղությամբ ոչ թե քայլեր չեն արվում, այլ նրանց վերահսկելու, կառավարելու միտումներն ավելի ու ավելի են խորանում: Օրերս դատավորներից մեկը մեզ հետ զրույցում այնպիսի ողբերգական վիճակ նկարագրեց, որ մենք կարեկցանքով լցվեցինք նրանց նկատմամբ: Դատավորներին ճնշելու գործում թիվ մեկ բռունցքն, անշուշտ, եղել եւ մնում է դատախազությունը, որը դատավորների ամենաչնչին ինքնուրույնություն խեղդում է բնում:



Դա է պատճառը, որ դատավորների մեծ մասը խուսափում են քրեական գործեր քննելուց, եւ անգամ նրանք, ովքեր մասնագիտացած են քրեական իրավունքի ասպարեզում, ամեն ինչ անում են, որ քաղգործեր քննեն եւ, ըստ այդմ՝ քիչ շփում ունենան դատախազության հետ: Դատավորները նաեւ վստահ են, որ իրենց բոլորին «լսում են», հետեւում, տեսագրում ու ձայնագրում: Նրանք ոչ մի միջավայրում իրենց ազատ չեն զգում եւ երբեւէ ազատ չեն արտահայտվում:



Այս անազատությանը վրադիր՝ հիմա էլ խոսակցություն կա, որ Դատական դեպարտամենտն է պատրաստվում ուղիղ կապ հաստատել դատական նիստերի դահլիճների հետ եւ «օնլայն» ռեժիմով լսել, թե ինչպես են ընթանում դատերը: Այս նորությունից դատավորները վրդովված են, բայց հասկանում են, որ ոչինչ անել չեն կարող: