Արդյունքը 20 տարի հետո ենք տեսնելու

Արդյունքը 20 տարի հետո ենք տեսնելու
Թբիլիսյան խճուղու հարեւանությամբ այս ուսումնական տարեսկզբից գործում է նորաբաց «Այբ» ավագ դպրոցը, որ բոլորովին նորություն է մեր իրականության մեջ՝ եւ շենքային պայմաններով, եւ ուսումնական ծրագրով: Նախ, 2 մլն 250 հազար դրամ ուսման վարձն էր զարմացնող եւ մեր կրթական համակարգում առանձնացող մոտեցումները, հետաքրքիր է՝ ովքե՞ր են սովորում, ի՞նչ են սովորեցնում, օլիգարխների դպրո՞ց է, թե՞ բիզնես ծրագիր:



«Դպրոցը ստեղծվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, իսկ հիմնադրամը ստեղծել են մարդիկ, որոնք կայացել են կրթության շնորհիվ: Այն, ինչ որ մենք ենք անում, կարող է օրինակ հանդիսանալ ամբողջ կրթական համակարգի համար, ի ցույց դնել՝ եթե մյուսներն ուզենան, կրկնեն իրենց դպրոցներում, եւ մենք էլ աջակցենք: Դրանով կհասնենք ընդհանուր համակարգային փոփոխությունների»,- ասում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն եւ «Այբ» ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սահակյանը:



Հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել ունենալ 21-րդ դարի հայկական դպրոց, որը կլինի եւ ազգային արժեքների կրողն ու սերունդների մեջ դաստիարակողը, եւ աշխարհի լավագույն ու առաջատար դպրոցների շարքում՝ իր բարեփոխված կրթական համակարգով:



«Կարեւոր է այն փաստը, որ հիմնականում սլայդների, պրեզենտացիաների միջոցով եմ դասը ներկայացնում, որն ավելի ընկալելի ու ինֆորմացված է: Բացի այդ, դասը չի սահմանափակվում 45 րոպեով, ինտերնետի միջոցով կապ ենք պահպանում աշակերտների հետ, ցանկացած պահի կապվում են ուսուցչի հետ եւ հետաքրքրող հարցի պատասխանը ստանում»,- ասում է աշխարհագրության ուսուցիչ Վահրամ Սարգսյանը:



2004թ. կառավարության որոշմամբ 7 հեկտար հող են հատկացրել, առայժմ կառուցվել է ավագ դպրոցի առաջին մասնաշենքը, երկրորդն ընթացքի մեջ է՝ նախատեսվում է կառուցել դպրոցական ավան, որտեղ կլինեն միջին եւ տարրական դպրոցներ, մանկապարտեզ, հանրակացարան` մարզերի ու Սփյուռքի երեխաների համար, սպորտային դահլիճներ, եկեղեցի, համայնքային կենտրոն, հանրային այգիներ, բնակելի համալիր՝ մարզերից եւ Սփյուռքից ժամանած ուսուցիչների համար.



«Բոլոր շինությունները միմյանց հետ կապված են լինելու կրթության գաղափարով»,- նշում է Դավիթը: Շենքային պայմաններն արդիական են, ապահովված է անվտանգության համակարգով, բացի դրանից՝ տեխնիկական հագեցվածություն, ժամանակակից լաբորատորիաներ. «Ամենաբարդը ոչ թե շենք կառուցելն է, այլ բովանդակություն ստեղծելը»:



Իսկ բովանդակություն ստեղծող այդ աննախադեպ ուսման վարձի վերաբերյալ տնօրենը հետեւյալ բացատրությունը տվեց. «Դա ուսման արժեքն է, դպրոցը սոցիալական ծրագիր ունի, մենք վճարովի մասնավոր դպրոց չենք, ոչ էլ բիզնես ենք: Երբ երեխաներին ընտրում ենք, չգիտենք՝ վճարունակ ընտանիքից է, թե ոչ: Եթե ծնողն ի վիճակի է, ինքն է հանդիսանում իր երեխայի հովանավորը, եթե ոչ՝ հիմնադրամն է վճարում ամբողջովին կամ մասնակի: Այս պահին մեր երեխաների 68 տոկոսը սովորում է հիմնադրամի հաշվին: Եթե երեխաների 100 տոկոսն էլ լինեին անվճարունակ, բոլորն էլ կսովորեին հիմնադրամի հաշվին: Մենք այդ սկզբունքով են ընտրել: Մենք չունենք ոչ մի օլիգարխի երեխա եւ չունենք երեխա, որ վճարունակ չլինելու պատճառով դուրս մնացած լինի դպրոցից»:



«Դասավանդելու ձեւն է հիմքից տարբերվում, այստեղ իմ ընկերներն են եւ աշակերտները, եւ ուսուցիչները: Եթե իմ նախկին դպրոցը դառնար ավագ, հաստատ գիտեմ, որ այնքան գիտելիք չէի ստանա, որքան այստեղ: Մինչեւ երեկոյան ժամը 6-ը մնում ենք դպրոցում եւ հոգնածություն չենք զգում ու դասերի մեծ մասը սովորում ենք այստեղ»,- ասում է 10-րդ դասարանի աշակերտուհի Ռիմա Անանյանը:



Այս պահին սովորում է 72 աշակերտ, եւ դպրոցն ամբողջովին համալրված է: Գործում է չորս դասարան, երեքը՝ 10-րդ եւ մեկը՝ 11-րդ, ամեն մեկում՝ 18 աշակերտ: «Դպրոց են ընդունվում քննություն հանձնելով: Քննական փուլին մասնակցել է 147 հոգի, իսկ մինչ այդ դասընթացներ էինք կազմակերպել: Շատերը հասկացան, որ իրենց տեղը չի, եւ չեկան քննության: Ընտրել ենք լավագույններին: Յուրաքանչյուր երեխա ինքն է ձեւավորում իր ուսումնական ծրագիրը: Կա 72 աշակերտ, կա 72 ծրագիր:



Երեխաների հետ աշխատում է մոտ 50 ուսուցիչ, մրցույթով են ընտրվել եւ իրենց ոլորտի առաջատարներն են, մեծ մասը վերապատրաստվել է արտասահմանում: Ուսուցիչներ ունենք նաեւ Սփյուռքից: Օրինակ, անգլերենի ավագ ուսուցիչը Թոմ Սամուելյանն է՝ Նարեկացու անգլերեն թարգմանիչը»,- ներկայացնում է Դավիթը: Ուսուցիչները ստանում են ժամավճար եւ, ըստ տնօրենի, մի քանի անգամ բարձր, քան մյուս կրթական հաստատություններում է: Դպրոցը հայկական է, եւ անգամ գրաբար են դասավանդում՝ որպես պարտադիր առարկա:



«Գրաբարն առաջին հերթին կբարելավի աշակերտների հայերենը եւ դուռ կբացի դեպի մեր անցյալի մեծ ժառանգությունը, որն այսօր իրենց հասանելի չէ: Դժվարանում են սովորելու մեջ, նոր առարկա է, երբեք չեն շփվել լեզվի հետ, բայց հույս ունեմ, որ կհաղթահարեն»,- համոզված է Սեդան՝ գրաբարի ուսուցչուհին:



«Մենք այսօր ներդրումներ ենք անում, որի արդյունքը 20 տարի հետո ենք տեսնելու, այն է, որ ապագայում կրթված հասարակություն ենք ունենալու»,- հավաստիացնում է Դավիթը:



ՀԳ - Անշուշտ, այնքան էլ պարզ չէ, թե ովքեր են ֆինանսավորում այս դպրոցը եւ ինչ նպատակներով: Չի բացառվում, որ այստեղ նաեւ փող լվանալու պահեր առկա լինեն: Մենք հետաքննական մարմին չենք, եւ մեզ դժվար է դա պարզելը, բայց զուտ հետեւանքի առումով գաղափարը ստացվել է, եւ այն կարելի է ողջունել:



Ֆելիքս Եղիազարյան