Մարդու առավոտը

Մարդու առավոտը
Գրականությունը նախեւառաջ լեզու է: Ես չեմ հավատում այն գրողին, որ լրագրողական լեզվով կամ էլ մեռած գաղափարագրերով պատմվածքներ, առավել եւս վեպեր է գրում: Քանզի լեզուն հենց գեղարվեստի շունչն է: Դրանից հետո ինչ ուզում է, թող գրեն` ինձ համար ընդունելի կամ ոչ ընդունելի. եթե գրվածքի մեջ շունչը կա, ուրեմն եւ կյանք կա:



Ես գիտեմ մի արձակագրի, որը միանգամայն պահպանում է այդ պայմանը: Նրա ե՛ւ լեզուն է գեղարվեստական, ե՛ւ ոճը: Միտք էլ չունեմ նրան որպես շնորհաշատ գրողի վիճարկելու: Իմ սուբյեկտիվ կարծիքն այլ է: Նրա հերոսները, չգիտես ինչու, անընդհատ կռվի մեջ են. մեկ ձեռնամարտում են, մեկ սառը զենք են քաշում իրար վրա, մեկ էլ հրազենային հրավառություններ ստեղծում: Ինչո՞ւ, հանուն ի՞նչ ասելիքի... միգուցե սուր սյուժետային զգացողություններով իր վեպը հետաքրքիր դարձնելու համար: Չէի հասկանում: Մի օր էլ չհամբերեցի ու հարցրի.



- Ինչո՞ւ են հերոսներդ էքստրեմալ վիճակներում` կա՛մ վիճում են, կա՛մ էլ կռվում, արյուն ոթում...



Ասաց.



- Ես չեմ կարծում մի մարդ, որ մտքի մեջ, թեկուզեւ երազում, չկռվի, արյան նախճիր չանի... Դա մարդու ենթագիտակցության մեջ նստած է ի վերուստ, դեռ էն գլխից... Նրա զսպված բաղձանքին թողություն տալով,- ասաց,- ես ընթերցողին վայելք եմ պարգեւում, անձանձիր ժամանակ...



Եվ նա այնքան համոզված էր ասում եւ այնպիսի անկեղծությամբ, որ ես չհամարձակվեցի առարկել: Գոնե իմ օրինակով: Ես երազումս անգամ մարդ չեմ սպանել: Իսկ հիմա ամաչում էի այդ մասին խոստովանել: Ամաչում էի ասել` քո չկարծած մարդը գոնե ես եմ ու էլի շատ ինձ նմանները... Եթե ասեի, նրա ընկալմամբ առնականությունս պետք է որ տուժած լիներ: Այնուամենայնիվ, տղամարդ չգտնվեցի այդ մասին արտահայտվել: Թերեւս տղամարդկությունս հիմա է բռնել: Եվ ի լուր համայն աշխարհի, ես ասում եմ՝ ո՛չ բռնությանը. կյանքում եւ երազում, գիտակցության մեջ թե ենթագիտակցականում, եկել է պահը վերափոխվելու...



Իսկ միգուցե նա իրավացի է: Թե չէ` կինոնկարներում ինչո՞ւ են այդքան շատ կռիվները, սպանությունները, վայրագություններն ու պատերազմները... Ինչ է, մարդն իսկապես ծարա՞վ է այդ ամենի... Անկասկած, հերոսը քաջության դրսեւորման պահանջ ունի: Եթե ոչ իր պարագայում, ապա թերեւս զվարճանքներում` հին հռոմեական արենաներում, կրկեսում, թատրոնում, կինոյում, գրքերում... Անշուշտ, դրա պատճառը հանդիսություններում չէ, այլ հանդիսատեսի մեջ: Ուրեմն ոչ թե արենաները պիտի փոխել, այլ դրանց միտված կամ էլ դրանց վրա գտնվող մարդուն: Մարդ, որ պատերազմ չի սիրում, չի սիրում ծեծել ու ծեծվել, սպանել ու սպանվել... Այլ ընդամենը ուզում է ապրել: Կյանքը սիրող, կյանք արարող, իրապես ապրող մարդուն է վիճակված ի կատար ածելու Հումանիտար հեղափոխությունը: Այդ գործում մեծ դեր ունեն արվեստի գործիչները` երաժիշտները, նկարիչները, դերասանները, գրողները... որոնք, այլ բաների հետ միասին, իրենց գործերում նաեւ կյանք են բերում: Կուզեի, որ նրանց հոգու պատառիկները, արվեստի գործ լինելով հանդերձ, լինեին անարյուն ավիշ, որ մի կում ջրի նման խինդ տային եւ այլոց: Ես, իհարկե, գիտեմ, որ իսկական արվեստը պարտադրովի չէ: «Պիտի» ասելը, հարկադրանքը, ասելիքը շրջանակների մեջ ներառելը վերջն է արվեստի: Քանզի իսկական ստեղծագործություններն արարվում են կատարյալ ազատ արգանդում: «Ազատությունն է իմ երգի տունը»,- կասեր Ռուբեն Հախվերդյանը... Համենայնդեպս, վատ չէր լինի երգով լավ տուն հիմնելը: Կռապաշտությունն այդ գործում կործանարար է: Դեռ դպրոցական տարիքում սխալմամբ ինձ թվում էր, թե գրողը սուրբ է, իսկ նրա ստեղծագործությունները` սրբության սրբոց: Հարկ եղավ մի գրող էլ ես դառնամ` հասկանալու համար, որ գրողն ու իր գրածն ամենեւին էլ ավելին չեն, քան, ասենք, որմնադրի աշխատանքը... Նա բանաստեղծություն կամ պատմվածք է գրում, իսկ մյուսը` տուն շինում: Ո՞րն է ավելի անհրաժեշտ: Ամեն մարդ մի գործ է անում, հարցն այն է, որ լավ անեն: Հիշում եմ՝ ես ու տղաս մի խումբ գրողներով գնում էինք Լոռի՝ գրքիս քննարկմանը: Ընկերներս էստեղ-էնտեղ ավտոն կանգնեցնում էին ու ասում` մենք գրող ենք, Գրողների միության անդամ` ակնկալելով մի շիշ օղու կամ էլ երկու շիշ գարեջրի հյուրասիրություն: Տղաս ամոթից գետինն էր մտնում, ես էլ` նրա հետ: Երկար ժամանակ այդ դեպքը նա իմ երեսովն էր տալիս: «Ա՛յ հեր,- ասում էր,- էդ են ձեր գրողները...»: Էդ են, ի՞նչ ասեմ, մարդ կա` Մարդ է դառնում, որ ապրի, նրանք էլ գրող էին դարձել... Դժվարն այս կամ այն արհեստի կամ արվեստի ընտրության մեջ չէ: Դժվարը Մարդ լինելն է: Երբ մարդը մարդու նկատմամբ գայլ չէ, այլ ընդամենը Մարդ: Ես մի մարդասպան գիտեմ գրողի անունով: Նա մի ուրիշ մարդասպանի հետ առանձնակի դաժանությամբ մարդ էր սպանել, մարմինը խցկել սպորտային պայուսակի մեջ ու տարել՝ Զանգվի ձորում պարտակել: Բայց ասում էր` ես մարդասպան չեմ, ես ո՞նց կարող եմ մարդ սպանել... Ուզում է ասած լինել, որ գրողը, այն էլ` լավ գրողը, ո՞նց կարող է նման սարսափելի ոճիր կատարել: Ոչ թե ուզում է ասել, այլ ուղղակի ասում է: Ով կարդալ գիտի, թող կարդա: «Մի անգամ Բյուրականում,- գրում է,- հանգստանալիս խոտերի մեջ միամիտ կանգնեցի մորեխի վրա: Վերցրեցի ձեռքս, ջուր ցողեցի վրան, բայց... ուշ էր: Բաց կանաչ գույն ուներ, այդ մորեխին էլ չեմ կարողանում մոռանալ: Դրանից հետո զգույշ էի քայլում, որ հանկարծ ոչ մի միջատի չտրորեմ»: Տեսա՞ք, թե ուր է տանում... Մարդը, որ մրջյունին անգամ չի կարող տրորել, ո՞նց կարող է մարդ սպանել, այն էլ` այդպես գազանաբար... Ինչպիսի՜ ցինիզմ... Այդ մարդը հիմա ցմահ դատապարտված է եւ փոխանակ ապաշխարի, մարդկանց մոլորեցնող պատմվածքներ է գրում... Ինչ է, գրող լինելն ալիբի՞ է: Չարենցի պես հանճարը սեռական մութ մղումներով դեռահաս աղջկա հետույքին չկրակե՞ց... Ինչ է, որ հանճար էր, նրան ամեն ինչ կարելի՞ էր... Նա` այդ մարդասպան գրողը, ինչո՞վ է ավել հանճարից: Այստեղ է, որ պիտի տեղի ունենա կարելին: Եթե այս կյանքում որեւէ բան պիտի սպանվի, ապա՝ յուրաքանչյուրիս մեջ ապրող մարդասպանը, այն էլ` Հումանիտար հեղափոխության խուլ գնդակով, անվերապահ: Այլապես այս լույս աշխարհում նա անելիք չունի` լինի նա պատշար, փականագործ, ատաղձագործ, հյուսն, դեպուտատ, իշխանավոր, առեւտրական, օլիգարխ, երաժիշտ, դերասան, նկարիչ, գրող թե գրողի տարած... Մենք մարդ չենք դաստիարակում, ավելի շատ ապագա գրողներ, գիտնականներ, մեծ մարդիկ ու հերոսներ ենք ակնկալում` էպոսից սկսած, դպրոցներով վերջացրած: Էդ մասին գիտեն գաղափարախոսները, բայց մեր քուչի տղերքն ավելի լավ գիտեն: Թէ չէ` ինչո՞ւ պիտի ձեռնոց նետեին Սասունցի Դավթին: Ասում են. «Արա՛, Սասունցի Դավիթն անապատով գնալիս ա լինում ու շատ-շատ ծարավում ա: Գնում ա, գնում, շատ ա գնում թե քիչ, հասնում ա մի կանաչ տեղ: Կոկոսի ծառ ա տենում ու մի ախպիր: Ախպրի գլխին էլ` կուտակ-կուտակ եկած յոթ գլխանի դեւ: Էս Դավիթս Թուր Կեծակին հանում ա ու տուր հա կտաս էդ հրեշի վզին: Որ իրեք գլուխ կտրում ա, չորրորդի վրա հրեշը վեր ա թռչում: Ասում ա.



- Հլա հոպ, ախպե՛ր...



Դավիթը մի պահ շունչ ա առնում:



- Քու ուզածն ի՞նչ ա, ախպե՛ր,- հարցնում ա արինքամվող դեւը:



- Ջուր,- ասում ա Դավիթը:



- Է, խմի...,- զարմանում ա դեւը,- բա դրա համար գլուխ կկտրե՞ն...»:



Հերոսությունն ընդամենը մի էպիզոդ է, բայց ոչ առօրյա կյանք: Կա՞ արդյոք մի հերոսացում, որ առավել թանկ է, քան մարդկային կյանքը: Մեզ սովորական ապրող մարդիկ են պետք եւ ոչ թե գլխակեր հերոսներ: Որքան հայ ժողովուրդը թույլ է եղել հազարամյակներում, նույնքան ուժգին է եղել նրա երազանքը, նրա էպոսը, հրաշապատումը... Այսպես էլ ապրել ենք` երազելով... Մինչդեռ ընդամենը ապրել էր պետք: Մենք հարատեւել ենք ոչ այն բանի շնորհիվ, որ սասունցիդավիթներ ենք ունեցել, այլ պարզապես չար ուժերի դեմ խոնարհվելով` խուսափել ենք առճակատումից, այսինքն` ջախջախումից եւ վերացումից, այնպես, ինչպես Տիգրան Մեծը խոնարհվեց Պոմպեոսի առջեւ, ինչպես Հովնան Օձնեցին «հնազանդվեց» արաբ խալիֆին, ինչպես Կիլիկյան թագավորությունը հարկատու դարձավ նեղաչք մոնղոլներին... Խոնարհումը` այդ դիվանագիտական համեստ ժեստը, մեկ անգամ չէ, որ մեզ փրկել է վերահաս կործանումից: Այլապես ո՞ւր են Աքքադը, Շումերը, Տրոյան, Ասորեստանը, Մարաստանը, Կարթագենը, Փրյուգիան, Հին Եգիպտոսը, Հին Հռոմը, Բյուզանդիան...



Դաժան կյանքը ծանր բեռ է: Վատ կյանքը որոմ է ցանում մարդու հոգում: Որքան վատ կյանք, այնքան կյանքի լավ քաղաքականացում, դեմագոգների ծլում, ծաղկում ու փարթամացում: Այսօր հանրապետությունում քաղաքականացվում է ամեն-ամեն ինչ: Քաղաքականացվում են մեր զգացմունքները, մարդկային ամենասուրբ զգացումներն անգամ: Սերը` առաջին հերթին: Ասում են` սերը կփրկի աշխարհը: Բայց ո՞ր սերը: Այն, որ ձայնալարի վրա՞ է, լեզվի ծայրի՞ն, պաստառի ճակատի՞ն... Սերը, որ դո՞ւրս է մղվում... Առավոտից երեկո Երեւանի փողոցներում երգ է ու սեր. «Իմ անունը Հայաստան է», «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Հայաստանը դու ես»... Բոլորը Հայաստանը սիրում են: Բայց բոլորը պատրաստ են լքելու հայրենիքը` հնարավորինս հեռու նախնյաց ստվերից... Հանրապետությունում երեւի մարդ չգտնվի, որ չիմանա Եղեռնի հուշարձանի տեղը: Քնում ենք, վեր կենում, հեռուստացույցը բացում, որ տեսնենք, թե էլ ուրիշ ինչ երկիր է Եղեռնը ճանաչել: Բայց մենք մեզ ճանաչո՞ւմ ենք... Ցավոք, կան մարդիկ, որոնք ամեն ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, բայց չգիտեն հարազատ ծնողների գերեզմանի վայրը: Եղբորիցս եմ իմացել: Ախպերս քանդակագործ է: Բայց հիմա քանդակով քանի՞ քանդակագործ է ապրում: Օրվա հացի փողը վաստակելու համար երբեմն պատվերով խաչքար է շինում: «Մեկի համար խաչքար էինք տարել Շահումյանի գերեզման,- պատմում էր նա,- էն էլ հոր գերեզմանի տեղը չէր գտնում, որ խաչքարը տեղադրենք: Ջոկում էի, որ գերեզմանուտ գնալ-գալ չէր ունեցել, երեւի մի օր ծնողների կենացին հիշել էր, որ ինքն էլ է հայր ունեցել, ու որոշել էր հիշատակը հավերժացնել: Մոլորված էծի նման մին էս քարի գլուխն էր թռչում, մին էն քարի գլուխը, բայց հոր գերեզմանը չկար ու չկար...,- պատմում էր եղբայրս:- Մին էլ հուսահատ կանգնեց, սոտվին ջեբիցը հանեց ու գոռում էր, ոնց էր գոռում.



- Մամա՛... պապայի գերեզմանն ո՞ւր ա...



Ահաբեկված էր: Էդ պահին, չեմ կարող ասել, հո՞րն էր կորցրել, թե՞ հոր գերեզմանը... Ու էլի էծի նման ցատկում էր` մեկ աջ, մեկ ձախ... Ո՛չ հերը կար, ո՛չ էլ հոր գերեզմանը...»:



Կյանքը սկսվում է սրտից: Հեղափոխություն է պետք, իսկական հեղաշրջում նոր մարդու սրտում, որի մեջ ոչ միայն նախնյաց հիշատակներն են, այլ ընդհանրապես մարդն ու մարդկությունը: Դեռ ժամանակին նման Մեծ հեղափոխություն փորձեց կատարել Հիսուս Նազովրեցին, բայց այն անկատար եղավ: Որովհետեւ մեկը չէր կարող փոխել բոլորին: Իսկ բոլորը կարող են փոխել մեկին, եթե միայն նրանք ձերբազատվել են նախնյաց բարբարոս բարքերից: Ճիշտն ասած, գրում եմ այս տողերը եւ, ինչպես իմ ընթերցողները, այնպես էլ ես, խիստ կասկածում եմ իսկությանս վրա, քանզի փողը, շահը ամեն դեպքում մարդկանց ուղեկցում են դեպի մութ քարանձավներ: Իսկ ե՞րբ է բացվելու Մարդու առավոտը... Առայժմ Հովհաննես Թումանյանի ընտրանին Վերնիսաժում վաճառվում է հարյուր դրամով... Մինչդեռ մեր սրտերը բաբախում են Հումանիտար հեղափոխության հավատով: Այդ հեղափոխությունն իր մեջ ներառելու է ողջ աշխարհը, ամենավերջին մարդուն: Ու երեւի այդ դեպքում միայն չի գտնվի այն չարագործը, որն իր մատի տակ կառնի ողջ աշխարհի բախտը` միջմայրցամաքային հրթիռների կամ էլ միջուկային զենքի կոճակը: Պարզապես զենք ու զինավոր կոճակներ չեն լինի: Մարդիկ կապրեն բարի աստղի տակ: Ուրեմն` Հումանիտար հեղափոխություն` այսօր, վաղը եւ առհավետ... Մեծ հեղափոխությունը ես սկսում եմ Հայաստանից, թեկուզեւ ինձնից...



Լեւոն Ջավախյան