«Հայկական աշխարհը» Նյու Յորքում

«Հայկական աշխարհը» Նյու Յորքում
Անցած տարեվերջին Նյու Յորքում կայացել է արվեստաբան, նկարիչ Լեւոն Լաճիկյանի 6-րդ անհատական ցուցահանդեսը «Հայկական աշխարհ» խորագրով: Ցուցահանդեսը բարեգործական բնույթ է կրել, եւ նկարներից գոյացած ողջ հասույթը տրամադրվել է Տավուշի մարզի Հինդլյանի անվան դպրոցին: Նախաձեռնողն ու կազմակերպիչը եղել է Պոլսահայ օգնության միությունը: Ցուցահանդեսում, հայկական բնապատկերներից բացի, ներկայացված են եղել նաեւ արտասահմանյան մի շարք այլ քաղաքների գծանկարներ, ու, ինչպես նշեց արվեստաբանը, եթե Տիգրան Մեծի օրոք Հայաստանը սահմաններ է ունեցել, ապա անսահման է հայկական աշխարհը:



«Սա նշանակում է, որ իր մեջ ներառում է թե հայաստանյան բուն հայկական հիշատակներ եւ թե հայկական հիշատակներ աշխարհի տարբեր երկրներից, իսկ ցուցահանդեսում կողք կողքի ցուցադրվում էին Գյումրին ու Վենետիկը, Գորիսն ու Փարիզը, եւ ինձ համար ինչն էր հետաքրքիր, որ գեղեցիկն ազգային չի կարող լինել, այն համամարդկային է: Ես հիշում եմ մի չինուհու, թե ինչպես էր կռիվ անում եւ ուզում «Գյումրվա բակն» ինքը գնել, բայց, ցավոք, այն արդեն գնված էր, ինչն ինձ զարմացրեց»,- նշեց Լեւոն Լաճիկյանն ու հավելեց, որ ցուցահանդեսը փորձ էր համադրելու հայկական եւ համաշխարհային գեղեցկությունը: