Շանտաժ եւ քաղաքական առեւտուր

Շանտաժ եւ քաղաքական առեւտուր
Ազգային ժողովի վերջին նստաշրջանը, պարզվեց, ամենաաղմկոտն ու հետաքրքիրն է լինելու այս խորհրդարանի պատմության մեջ: Տարբեր ցուցակներում զբաղեցնելիք տեղերի ու ստանալիք ձայների սպասումից պրկված նյարդերը տեղի են տալիս: Ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ մանդատներ են վայր դրվում: Կոճակ սեղմողների բազմությունը սկսում է բոյկոտել ԱԺ նիստերը: Տարբեր կուսակցություններից իրար մեսիջներ են փոխանցում՝ երբեմն լիդերների, երբեմն շարքային կուսակցականների բերանով: Նորմալ է: Դեռ ինչերի՜ ենք ականատես լինելու: Այս ամենի մեջ միայն մի տխուր բան կա՝ նախընտրական իրարանցումն ու դեմարշները բացարձակապես քաղաքական հենք չունեն: Ամեն ինչի հիմքում կամ էմոցիաներն են, որոնք խորացված նեւրոզ ունեցող կանանց բնորոշ դրսեւորումներ են հիշեցնում: Կամ շանտաժն է ու քաղաքական առեւտուրը, որից միայն փողի, անբարոյականության ու տհասության հոտ է փչում: Սոցիալական ցանցերից մեկում մի քաղաքացի, ԲՀԿ երեկվա բոյկոտի լուրն ստանալով, հետաքրքիր դիտարկում էր արել, գրել էր՝ սա ի՞նչ խեղկատակություն է, բա ինչո՞ւ չէին բոյկոտում հակաժողովրդական օրինագծերը, ինչո՞ւ չէին ընդվզում, երբ իշխանությունը ժողովրդի վրա էր կրակում, եւ այլն: Գործընկերս վստահ է, որ «բոյկոտ-ակցիան» տեւելու է ընդամենը մեկ օր եւ կիրառվել է շանտաժի նպատակով՝ Սերժ Սարգսյանից ինչ որ բան կորզելու համար: Անկեղծ ասած՝ հակամարտող կողմերն իրար արժեն: Մեկը շանտաժ է անում, մյուսը զիջում շանտաժի առաջ, իսկ շանտաժի առարկան մեր՝ իմ ու ձեր ձայներն են, երկիրը, նրա հարստությունները, պետության ապագան: Ինչպե՞ս անել, որ իշխանական կուլիսներում ընթացող այս խայտառակ պայքարն ավարտվի հասարակության, նրա քաղաքացիների հաղթանակով: