Տանիքը՝ փլուզման վտանգի առաջ

Տանիքը՝ փլուզման վտանգի առաջ
Մինչ հասարակությունը մտահոգված է Թբիլիսիում գտնվող Հովհաննես Թումանյանի տան ճակատագրով, փաստացի վտանգի առաջ է կանգնել Հայաստանում գտնվող Թումանյանի տուն-թանգարանը: Երեկ օրվա երկրորդ կեսին առատ տեղացող ձյան պատճառով թանգարանը տանիքի փլուզման վտանգի առաջ էր կանգնել: Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբն անմիջապես մեկնել էր թանգարան ու խնդրին քիչ թե շատ, ժամանակավոր լուծում տվել:



Մեզ հետ զրույցում տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը նշեց, որ շնորհակալ են ԱԻՆ փրկարար ջոկատին արագ օպերատիվ արձագանքի համար, բայց «ցավոք, ամբողջ ձյունը չհասցրեցին մաքրել, որովհետեւ մեկ այլ տեղից ահազանգ ստացան եւ գնացին: Հիմա մասամբ տանիքը մաքրված է, ու առաջվա ծանրությունն արդեն չկա»,-նշեց Թուխիկյանն ու հավելեց, որ եթե այս գիշեր ձյունը դադարի, կարելի է համարել, որ տանիքին վտանգ չի սպառնում: Իսկ խոսքն այն տանիքի մասին է, որի ներքո անմիջապես Թումանյանի իրերն են, կահույքը, ու եթե հանկարծ փլվեր, ապա ոչինչ չէր մնա Թումանյանի իրերից. «Գուցե որեւէ բան չլիներ, բայց ապահովության համար դիմեցինք»:



Թուխիկյանի խոսքերով, 300 քառակուսի մետր կազմող տանիքի հարցը շատ լուրջ է, ու քանի որ այն փայտաշեն է, լրիվ քրքրվել է փայտոջիլներից ու մաշվել: Եվ եթե ձմռանը ձնածածկույթի վտանգի առաջ է կանգնում, ամռանն էլ հրդեհի վտանգն է մեծանում, ու չնայած իրենց ուժերով պրոֆիլակտիկ, փոքրիկ նորոգումներ են արել, բայց միեւնույն է, դա քայքայված տանիքի հարցը չի լուծում: Հատկապես այն պարագայում, որ 1950-ից այս կողմ ոչինչ չի արվել տանիքի վերանորոգման հարցում: Թուխիկյանը նշեց, որ այդ հարցով անընդհատ դիմել են քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի այն դիտարկեն որպես առաջնահերթ գերակա խնդիր, բայց, որքանով հասկացել են՝ նախարարությունը դեռ ֆինանսներ չի գտնում: