Կերտել է իր մեջ ապրող Նարեկացուն

Կերտել է իր մեջ ապրող Նարեկացուն

Եվ թեպետ  որպես մահկանացու վախճանվեց, 



Բայց իր մատյանի  հարակայությամբ մնաց անմահ:



«Հովիվ» գեղարվեստական ֆիլմը պատմում  է 10-րդ դարի հանճարեղ աստվածաբան, միստիկ, փիլիսոփա, բանաստեղծ, երգահան,  մարդասեր Գրիգոր Նարեկացու, նրա  գործունեության և ողբերգական  ճակատագրի մասին: Ֆիլմը սկսվում է Նարեկացու գերեզմանի մոտ, որը ուխտատեղի է դարձել: Հավաքված մարդիկ աղոթում են և սրբի հետ խոսում իրենց երազանքներից:



Մի հոգևորական, որը Նարեկացու ընկերն է եղել, պատմում է իր հիշողություններից:  Ֆիլմի կոնֆլիկտային գիծը Նարեկացու ներքին կոնֆլիկտն է Աստծու հետ:  Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց, որ ֆիլմի նպատակը Նարեկացուն, ոչ միայն հայ մարդուն ներկայացնելն է, այլ այն, որ օտարները ևս ընկալեն և ճանաչեն Նարեկացուն:



Քանի որ Նարեկացու կենսագրությունից քիչ բան է պահպանված, ֆիլմը նկարահանվել է Նարեկացու հետ կապված որոշ ժողովրդական ավանդույթների հիման վրա: Նկարահանումների մի մասն անցկացվել է Արևմտյան Հայաստանի Նարեկ գյուղում, գյուղից քիչ հեռու գտվող քարանձավներում, որտեղ ճգնել է Նարեկացին, ինչպես նաև Արևելյան Հայաստանի տարբեր վանքերում:  Նկարահանումները տևել են գրեթե երկու տարի: Ֆիլմի դժվարություններից ռեժիսոր և պրոդյուսեր Արտակ Ալավերդյանը նշեց, որ դժվարություններ շատ են եղել, բայց միշտ, կարծես, ինչ-որ վերին ձեռք օգնում էր իրենց . «Գեղարդում նկարահանում էինք որոտի տեսարանը: Ամբողջ երկինքը մթագնած էր. լույսի կտոր չկար: Նկարահանումները շատ դժվար էին ընթանում: Այնտեղ, որտեղ պիտի նկարահանեինք որոտի տեսարանը, երկինքը բացվեց և շող իջավ, մանր ձյուն եկավ»:



Նարեկացուն  ֆիլմում կերտել է Արթուր Կարապետյանը. «Նարեկացին շատ ավելի մեծ է, քան մենք կարող ենք պատկերացնել: Անգամ եղավ մի պահ, որ հրաժարվեցի, քանի որ շատ պատասխանատու էր հանձն առնել այդ կերպարը: Ես գնահատական չունեմ, դուք ինքներդ կգնահատեք»,- ասաց դերասանը և հավելեց, որ փորձել է կերտել իր մեջ ապրող Նարեկացուն:



Արտակ Ալավերդյանը նշեց նաև, որ ֆիլմն արդեն  թարգմանված է իտալերեն, իսկ անգլերեն թարգմանությունը շուտով կավարտվի: Ռեժիսորը նշեց, որ նպատակ ունեն  ֆիլմը ներկայացնել նաև արտերկրում և հավելեց, որ ֆիլմը կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ: Հանրային հեռուսաընկերության հետ պայմանավորվածությունն արդեն ձեռքբերված է: 



Վարդուհի  Ստեփանյան