«Նարցիս» հանդեսը

«Նարցիս» հանդեսը
«Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսը գրական դաշտում միակն է, որ տպագրվում է առանց ընդհատումների` պահպանելով տարին վեց համար լինելու սկզբունքը: Պարբերականության բացակայությունն այսօրվա գրական մամուլի լուրջ թերություններից է, որովհետեւ միայն այդպես հնարավոր կլինի հետեւել, դիտել գրական ընթացքի հետագիծը, իսկ թե ինչքանով է կարեւոր ընթացքի երեւումը, սա արդեն այլ ծավալուն հարց է: «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսին պարզապես պակասում է գավազդային քաղաքականությունը: Օրինակ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդեսի պասիվությունն ու շրջանառությունն ակնհայտ է, իսկ դա մեր օրերում թերություն է` հաշվի առնելով գրական շուկայի եւ գրականության հանդեպ սակավ հետաքրքրությունը:



Աշխարհի ամենահայտնի գրական ամսագրերն ու թերթերը պայքարի մեջ են մտել ոչ տպագիր նոր տեխնոլոգիաների հետ` հնարավորինս օգտագործելով նրա բոլոր  հնարավորությունները, եւ այս հարցն արդեն անխուսափելի է: Իսկ «Նարցիսում» տպագրված նյութերը, հայերեն լեզվով առաջին անգամ թարգմանված արտասահմանյան հայտնի եւ անհայտ տաղանդավոր գրողների հրաշալի պատմվածքները, բանաստեղծությունները, վերջապես նոբելյան բանախոսությունները, որոնք նույնպես պարբերաբար թարգմանվում են ու լույս տեսնում «Նարցիսի» էջերում,  պահանջված ու փնտրելի են մարդկանց կողմից, պարզապես պիտի ակտիվացնել մատչելիությունը:



2011 թվականի «Նարցիսի» վերջին համարը բացվում է պորտուգալացի արձակագիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագուի «Ասք անհայտ կղզու մասին» պատմվածքով եւ «Ես էսսեներ գրող եմ, մեկը, ով հերոսներով էսսեներ է գրում» հարցազրույցով, որտեղ Սարամագուն կիսվում է իր գրական կյանքի, վեպերի, ստեղծագործելու արվեստի շուրջ, մի տեղ նշելով` «Միշտ ապրել եմ մեկուսի, երբեք չեմ հարել գրական խմբերի, ապրում էի մեկուսի սոցիալական պայմաններում` առանց մեծ միջոցների»: Սարամագուն այն գրողներից մեկն է, որ հենց «Նարցիս» հանդեսի ջանքերով ավելի ու ավելի է ճանաչելի դառնում հայ ընթերցողին: Նրա հրաշալի նոբելյան բանախոսությունը՝ «Թե ինչպես կերպարները վարպետ դարձան, իսկ հեղինակը` նրանց աշակերտը» վերնագրով, նախկինում նույնպես տպագրվել էր ամսագրում:



Գուրգեն Խանջյան, Արտաշես Արամ, օտարագիր հայ գրող Լեւոն Օսեփյան, Էդուարդ Հարենց, Գարուն Աղաջանյան, Արմենուհի Սիսյան, Մանասե, Գոհար Գասպարյան, Հուսիկ Արա. ժամանակակից հայ գրողներ, որոնց նոր ստեղծագործություններին կարող եք ծանոթանալ «Նարցիսի» համարում, ինչպես նաեւ արտասահմանյան գրողների՝ Ֆիմիպ Դաժենի, Գոլի Թարաղի, Ռեյ Բրեդբերի գործերին: Ընդհանրապես, միմյանց հետ կողք կողքի հանդես գալով, հետաքրքիր ձեւով պատկերվում են ժամանակակից հայ եւ արտասահմանյան գրողների ստեղծագործությունների ոճական տարբերությունները, թեմաները, ընտրությունը, գեղարվեստական աշխարհայացքը, թարմությունը, ասելիքի արտացոլման կերպը, նոր ուղղությունների ու մոտեցումների ընկալումը, որի արդյունքում էլ որոշակիորեն բացահայտվում են ժամանակակից հայ գրականության տենդենցները եւ զարգացումների որակը: Եվ կուզեմ հոդվածս ավարտել բանաստեղծ Հուսիկ Արայի՝ «Նարցիսի» այս համարում տպագրված «Ազատության հրապարակ» բանաստեղծական շարքից «Հանուն քեզ էր» բանաստեղծության մի հատվածով, որ իր թեմատիկ եւ ներքին բաբախուն ռիթմով, երկրի ու ժողովրդի այս ծանր գոյատեւման ու մտածմունքի պայմաններում այնքան հարազատ եւ ճշմարիտ է հնչում.



Հենց առաջին օրն էր` մեզ հետ էիր հանրահավաքում,



Երբ փոթորկվում էր միասնական մեր ոգին,



կրակի սյունը բարձրանում էր երկինք



եւ լույսի տոն էր տիեզերքում,



իսկ լեռներից վեր հորիզոնն էր լայնանում



ճախրանքից Ազատության հրապարակի:



Օդը, ջուրը, կրակն ու հողն էլ,



մինչեւ իսկ մեր շնչելու իրավունքն էր քեզ համար,



եւ ամեն բան` շահած երազ, սիրած աղջիկ թե կորցրած սեր,



քո անունն ուներ ու հանուն քեզ էր:



Իմ բառի թռիչքն էլ հյուսվեց



փետուրներին քո հավաքական ճախրանքի.



բանաստեղծի ճակատագրով ինձ էր տրված`



լինել վկան իմ ընդվզող երկրի անկախության,



եւ օրհներգեր ներբողեմ քեզ, ազատություն: