Չենք վախենում

Չենք վախենում
Այն, որ իշխանությունները մարտի 1-ն էին ընտրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քննարկման ու քվեարկության կազմակերպման համար, իմ խորին համոզմամբ, ոչ պատահականություն էր, իսկ զուգադիպություն համարել պարզապես միամտություն կլինի: Ավելին, հաշվի առնելով իշխանությունների գործելաոճը, տեսակը, նրանք տրամաբանորեն եւ հաշվարկված են բերել հենց մարտի 1-ի հանգրվանին: Բանն այն է, որ իշխանությունները հավանաբար փորձում են «մեսիջներ» ուղարկել եւ ընդդիմությանը, եւ հասարակությանը, որ իրենք շատ լավ հիշում են մարտի 1-ի օրը եւ այդ օրը նորից կրկնելու «օրինական» հնարավորություն են ուզում ունենալ:



Քանզի, եթե չորս տարի առաջ այդ օրը բանակն օգտագործվեց, այն դուրս բերվեց ցուցարարների դեմ՝ խախտելով սահմանադրական բոլոր նորմերը, ապա այսօր այս իշխանությունները, կրկին շրջանցելով ՀՀ Սահմանադրությունը, բայց այնուամենայնիվ իրենց համար նման օրենք ստեղծեցին: Եվ ահա, այս օրենքն այսօր ընդունելով, ամենայն հավանականությամբ, ռեժիմը փորձում է նախապես ճնշում գործադրել, ավելի ճիշտ՝ վախեցնել նախեւառաջ հասարակությանը: Մինչդեռ հասարակությունն իշխանությունների նման պահվածքից պետք է զգուշանա՝ գիտակցելով, որ նրանք մարտյան հայտնի իրադարձություններից հետո ոչ միայն հետեւություններ չեն արել, այլեւ պնդում են, որ 2008 թվականին ճիշտ են արել եւ հիմա էլ պատրաստվում են նույնը կրկնել: Ընդ որում՝ այս մասին է վկայում, հող նախապատրաստում նաեւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը, Վարդան Օսկանյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձը:



Սակայն, եթե փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, ապա պետք է գիտակցեն, որ իրենք բազմիցս են նման մթնոլորտ ստեղծել, բայց, բարեբախտաբար, թե ընդդիմությունը, թե հասարակությունը այլեւս իրենց գործելաոճից չեն վախենում, որովհետեւ դանակը հասցրել են ոսկորին: Բանակը ժողովրդի դեմ դուրս բերելուց առաջ ավելի ճիշտ չի՞ լինի իսկապես մի քիչ սրտացավորեն մտածել հենց բանակի մասին: Եվ ոչ թե բանակի ղեկավար Սեյրան Օհանյանը շաբաթը մեկ հեռուստաեթերից բանակ գովի, բայց շաբաթը մեկ զինվոր  փուռը տա, ընդ որում՝ ոչ կանոնակարգային հարաբերությունների արդյունքում:



Պետրոս Մակեյան



«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ,



ՀԱԿ անդամ