Մարգարը նման բան չէր ասի

Մարգարը նման բան չէր ասի
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ պետք է շարունակվեր ՀՀ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով դատավարությունը, սակայն նիստը 35 րոպե ուշացումով սկսվելուց հետո անմիջապես հետաձգվեց: Բանն այն է, որ նիստին չէր ներկայացել ամբաստանյալներից Արմեն Պողոսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը։



Ավելին, Արմեն Պողոսյանը դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպանից, եւ պահանջեց որպես պաշտպան ներգրավել նախաքննության ընթացքում իր շահերը պաշտպանած փաստաբան Հայկ Ալումյանին։ Դատավոր Արշակ Վարդանյանը պաշտպանի բացակայությամբ նիստը շարունակելն աննպատակահարմար համարեց եւ հերթական նիստը նշանակեց մարտի 14-ին, ժամը 12-ին։ Նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին Թամամյանից, թե, իր կարծիքով, ո՞վ է իր գլխին սարքել, քանի որ Մարգար Օհանյանն ասել է, որ իր գլխին սարքել է Ալիկ Սարգսյանը: Թամամյանը մի պահ լռելուց հետո ասաց. «Մարգար Օհանյանը չէր կարող նման բան ասել»:



Լրագրողների դիտարկմանը, թե Մարգար Օհանյանն այնուամենայնիվ ասել է նման բան, Թամամյանն այլեւս չպատասխանեց: Թե ինչով էր պայմանավորված Թամամյանի վստահությունը, անհասկանալի մնաց: Հիշեցնենք, որ Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: