Իմ կյանքի տղամարդիկ

Իմ կյանքի տղամարդիկ
Որոշել եմ գիրք գրել՝ "Իմ կյանքի տղամարդիկ": Գրեցի ու պատկերացրի, թե ինչպես է ոմանց երակներում սառչում արյունը այս տողերը կարդալիս: Կայֆ՝ ինչպես փոքր աղջիկս է ասում: Նրանցից մի քանիսը (եթե չասենք բոլորը) արժանի են սուր զգացումների: Ոչ թե նրա համար, որ ինձ միայն սրիկաներ են հանդիպել: Այլ պարզապես տղամարդ կոչվող տեսակը մեծ հաշվով թույլ, էգոիստ, վախկոտ, պատասխանատվությունից խուսափող արարած է:



Եթե դուք այլ կարծիքի եք եւ կարող եք կոնկրետ օրինակներ բերել՝ համեցեք, հաճույքով ներողություն կխնդրեմ եւ կարծիքս տղամարդկային ողջ սեռի մասին հիմնովին կփոխեմ: Ինձ միշտ թվացել է, որ խնդիրը հենց դրանում է, որ ինձ "լավերը" չեն հանդիպում: Այ, իմ կուրսընկերուհի Սիրանի ամուսին Հրայրը հենց այն կատարյալ տղամարդն է, որ կա, ուղղակի ես Սիրանի բախտը (խելքը, շնորհքը, ընտրություն կատարելու ընդունակությունը) չունեմ:



Իմ "Հրայրը" ինչ-որ տեղ հեռվում է, ուղղակի ես լավ չեմ փնտրում: Ճիշտ տեղում չեմ փնտրում: ... Ինչեւէ, վերադառնանք "իմ կյանքի տղամարդկանց": Նրանք, իհարկե, շատ չեն եղել (չնայած ի՞նչ ասել է շատ. մեկի համար երկուսն է շատ, մյուսի համար՝ 20-ը), բայց շատ տարբեր են եղել. բնավորության տարբեր գծեր, տարբեր սովորույթներ ու նախասիրություններ, կանանց նկատմամբ տարբեր վերաբերմունք:



Մեկը, օրինակ, արտույտ էր, արթնանում էր առավոտյան ժամը 5-ին եւ անպայման արթնացնում էր ինձ: Իսկ ես բու եմ՝ գիշերն աշխատելու եւ ուշ քնելու սովոր: Մինչեւ սովորեցրի, որ առավոտները թողնի մի քիչ քնեմ, իր նման մի "արտույտ" գտավ՝ թռավ (տեսնես ինչո՞ւ են մեզ բու ասում, իսկ սրանց՝ արտույտ, ասենք՝ ինչո՞ւ ոչ հավ, հավերն էլ կարծեմ մութուլուսին են արթնանում եւ անկողինն ու կողակցին վայելելու կուլտուրա չունեն):



Իմ մյուս տղամարդն անկողնում աղոթում էր ու մարմնական սերը մեղք էր համարում: Ասում էր, որ կենդանական աշխարհը կենակցում է միայն սերունդ ունենալու նպատակով, որ կարեւորը հոգեւոր կապն է, եւ դա բոլորովին կապ չունի սեքսի հետ:



Երրորդն ասում էր, որ ինձ շատ է սիրում, բայց մի քանի օրը մեկ գիշերային թիթեռնիկների ու զանազան կասկածելի կանանց էր այցելում: Նա կուռ տեսություն էր մշակել, որ սերն ու սեքսն իրարից խիստ տարբերվում են: Եւ ընդհանրապես՝ սիրո մեջ էլ տարատեսակներ կան: Ամենաուժեղն ու իսկականն իմ նկատմամբ է, մի քիչ պակաս ուժեղը՝ Գոհարի, երախտագիտության հետ խառնվածը՝ Վարդուհու, տարիների հարազատությունն ու հոգեւոր կապը՝ Հասմիկի, եւ այդպես շարունակ:



Բայց ամենաուշագրավն իմ եւ իմ տղամարդկանց ֆինանսատնտեսական հարաբերություններն են, ավելի շուտ՝ դրանց բացակայությունը: Այս հարցում ես կոմպլեքս ունեմ (թեեւ իմ ընկերուհի Լիլիթն ասում է՝ դա կոմպլեքս չէ, էշություն է). ինձ միշտ թվացել է, որ եթե այն տղամարդը, որի հետ ապրում եմ, ինձ պահի, ես էլ գիշերային թիթեռնիկի կնմանվեմ: Արդյունքում ստացվում է, որ թիթեռնիկի կյանքով ոչ թե ես, այլ իմ տղամարդիկ են ապրում:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ