Ցուցակակռիվ

Ցուցակակռիվ
Երեկ օդը լի էր ընտրություններով: Նախօրեին հրապարակված ՀՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ցուցակները հրապարակային եւ ոչ այնքան դժգոհությունների ալիք էին առաջացրել: Առաջինը «Ժառանգությունից» դուրս գալու մասին հայտարարեց Կարինե Հակոբյանը: Փորձեց սկզբունքների ու գաղափարների տարաձայնության քաղաքակիրթ բացատրություն ձեւակերպել, սակայն հասկանալի էր, որ խնդիրը ցուցակն է ու ցուցակում իր զբաղեցրած տեղը: Անհասկանալի մնաց, թե ինչու են դրսից բերած «լեգեոներներին» ավելի բարձր գնահատում, քան իրենց կուսանդամին, այն էլ՝ քարտուղարին: Տպավորություն ստեղծվեց, որ ումից վտանգ չեն տեսնում եւ ում ՕԳԳ-ն ցածր են գնահատում, նրանց մղում են ցուցակի հետին դիրքերը: Ապա լուր տարածվեց, որ եւ ՀՀԿ, եւ ԲՀԿ ցուցակներում «պերսոնա նոն գրատա» են ճանաչվում բոլոր այն անձինք, ում կապում են Ռոբերտ Քոչարյանի անձի հետ: ԲՀԿ-ում դրանց թվում նշում էին Անդրանիկ Թեւանյանին եւ Երվանդ Բոզոյանին: ՀՀԿ ցուցակում էլ ավելի զարմանահրաշ բաներ կարելի էր արձանագրել: Ասենք, ամիսներ շարունակ օլիգարխ-բիզնեսմեններին չներգրավելու խոստումները հօդս էին ցնդել: Այստեղ էին հանգրվանել հայտնի Շմայսը, Նովոն եւ ուրիշներ: Ցուցակը երիտասարդացնելու խոստումներն էլ էին մնացել թղթի վրա. վաղուց կենսաթոշակի տարիքի հասած Վլադիմիր Մովսիսյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ անգամ Երեւանի նախկին քաղաքագլուխ Մուրադ Մուրադյանը ՀՀԿ ցուցակում են: «Աժիոտաժով» հարուստ օրն ավարտվեց ինտերնետում հայտնված տեսանյութով, թե ինչպես է ՀՀԿ ցուցակի 59-րդ տեղում գտնվող Լիսկան ծեծում Սիլվա Համբարձումյանին: Պարզվում է՝ «Մարիոթում» իսկապես ծեծ է եղել, եւ դատախազությունը, մեղմ ասած, ստել է, որ մարզպետի գործողություններում հանցակազմ չկա: