Հայաստանի հին եւ նոր խորհրդարանների համեմատությունը

Հայաստանի հին եւ նոր խորհրդարանների համեմատությունը
Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, եւ արդեն պարզ է նոր խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը: Թե ովքեր կլինեն այն անձինք, ովքեր կներկայացնեն այդ ուժերը, վերջնականապես պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում, եւ դա պայմանավորված կլինի նրանով, թե ցուցակներում ընդգրկված անձինք ինչպես են իրենց դրսեւորել ընտրությունների ժամանակ: Բայց հիմա փորձենք համեմատել նախորդ եւ ներկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ հասկանալու համար, թե ինչ է մնացել նույնը եւ ինչը կարող է փոխվել նոր խորհրդարանում: 2007 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 23 քաղաքական ուժեր, որոնց մի զգալի մասն այս խորհրդարանական ընտրություններին չմասնակցեց, իսկ եթե մասնակցեց էլ, ապա՝ այլ ուժերի հետ: Այս անգամ մասնակիցների թիվն ուղիղ 14-ով պակաս էր նախորդից: Նախորդ ընտրությունների ժամանակ 5 տոկոսի արգելքը չհաղթահարած եւ խորհրդարան չմտած 18 կուսակցությունները միասին ստացել էին 24,5 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ ընտրողների մեկ քառորդի նախընտրած քաղաքական ուժերը չհայտնվեցին խորհրդարանում, եւ նրանց տված քվեները բաժանվեցին խորհրդարան մտած 5 կուսակցություններին, որոնց ընտրողները ձայն չէին տվել: Այս ընտրությունների արդյունքում խորհրդարան մտան նախորդ ընտրություններում հաղթած 5 կուսակցությունները, եւ նրանց միացավ ՀԱԿ-ը, իսկ խորհրդարան չմտնող երեք կուսակցությունները միասին ստացել են մոտ 1,5 տոկոս ձայն:



Չնայած գործող խորհրդարանի 5 կուսակցություններն էլ վերընտրվել են, բայց փոխվել է ուժերի հարաբերակցությունը: Ամենահաջողն այս անգամ հանդես է եկել ԲՀԿ-ն: Այս կուսակցությունը 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել էր 15,1 տոկոս ձայն, իսկ այս ընտրությունների արդյունքում՝ ուղիղ կրկնակի անգամ ավելի, ուստի համամասնական ընտրակարգով խորհրդարան կգան ԲՀԿ 27 պատգամավորներ՝ նախորդ ընտրությունների 18-ի դիմաց: ԲՀԿ-ն իր արդյունքը բարելավել է նաեւ մեծամասնական ընտրակարգի մասով, եւ նախորդ 7-ի փոխարեն այս անգամ հաղթել են ԲՀԿ-ական 8 պատգամավորներ:



Ամենաանհաջողակը ՀՅԴ-ն է, որը 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել էր 13,2 տոկոս ձայն եւ 16 մանդատ: Այս ընտրություններում ՀՅԴ-ն ստացել է 5,5 տոկոս եւ խորհրդարանում կունենա 5 պատգամավոր, կորցնելով ուղիղ 11 պատգամավորական մանդատ:



Իր դիրքերը զգալիորեն բարելավել է ՀՀԿ-ն, որը նախորդ ընտրություններին ստացել էր 33,9 տոկոս ձայն, իսկ այս անգամ ստացել է 44 տոկոս: Չնայած դրան՝  ՀՀԿ համամասնական ցուցակով այս անգամ խորհրդարան կմտնի նախորդից մեկ պատգամավորով պակաս՝ 41-ի փոխարեն 40-ը: Սա բացատրվում է նրանով, որ նախորդ անգամ խորհրդարան չմտած ուժերի ստացած տոկոսները գումարվել էին խորհրդարան մտածներին, որից ամենաշատն օգտվել էր ՀՀԿ-ն՝ որպես ամենաշատ քվե ստացած կուսակցություն: Եթե նախորդ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով հաղթեց 23 ՀՀԿ-ական, ապա այս անգամ՝ 29-ը: Միայն թե նախորդ ընտրություններում մեծամասնականով ընտրվել էր 9 պատգամավոր, իսկ այս անգամ ընդամենը 2-ը: Իսկ մեծամասնականով հաղթած պատգամավորների մեծ մասը ՀՀԿ կողմնակիցներն էին:



ՕԵԿ-ը նախորդ ընտրությունների ժամանակ ստացել էր 7,1 տոկոս եւ խորհրդարանում ուներ 8 պատգամավոր: Այս ընտրություններում կունենա 5 պատգամավոր: Մեկ պատգամավորական մանդատի կորուստ կունենա «Ժառանգությունը», որը նախորդ խորհրդարանում ուներ 7 պատգամավոր, իսկ այս խորհրդարանում կունենա 6-ը: Խորհրդարանի նորեկը՝ ՀԱԿ-ը, կունենա 7 պատգամավորական մանդատ:



Այսպիսով, համամասնական 90 տեղերը կբաժանվեն այսպես. ՀՀԿ՝ 40, ԲՀԿ՝ 27, ՀԱԿ՝ 7, «Ժառանգություն»՝ 6 տեղ, իսկ երկու հետնապահները՝ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը, կստանան 5-ական տեղ: Արդյունքում ՀՀԿ-ն կունենա 70 տեղ եւ որակյալ մեծամասնություն, չհաշված ՕԵԿ-ը: ԲՀԿ-ն կարող է մաս կազմել ձեւական կոալիցիայի, եթե նրան դա առաջարկվի: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ն առաջարկելու է կոալիցիա կազմել եւ ՕԵԿ-ին, եւ ԲՀԿ-ին: ԲՀԿ-ականներն իրենց չեն պատկերացնում առանց նախարարական եւ մնացած պաշտոնների եւ դրանից բխող բարիքների: Այդ պատճառով նախընտրական արմատական ընդդիմադիր հռետորաբանությունը շուտով փոխարինելու են միասնական ուժերով երկիրը փոսից դուրս բերելու, հանուն Հայաստանի ապագայի նեղ կուսակցական ամբիցիաները մի կողմ դնելու քարոզչությամբ: Մեկնարկը կտա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ մյուսները կկրկնեն ու կբազմապատկեն նրա մտքերը՝ կողմ լինելով կուսառաջնորդի մոտեցումներին: Մի թեթեւ դժգոհ կլինեն Վարդան Օսկանյանը եւ, գուցե, Հմայակ Հովհաննիսյանը, բայց կպարզվի, որ նրանք չեն արտահայտում կուսակցության պաշտոնական տեսակետը: Մինչ նոր ընտրություններ:



Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ