Դրոշմակնիքը ցնդեցրեց իշխանության հանդեպ վստահությունը

Դրոշմակնիքը ցնդեցրեց իշխանության հանդեպ վստահությունը
Թեեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանի անձնագրից էլ է անհետացել քվեարկության  դրոշմակնիքը, սակայն նա պնդում է, որ դա իշխանության նախապես ծրագրած ընտրակեղծիքը չէ: Ընդամենը տեխնիկական խնդիր է եւ հանձնաժողովի անդամների թերացման հետեւանք: Նախօրեին ՀՀԿ կենտրոնական շտաբի մոտ մեզ հետ զրույցում Դավիթ Հարությունյանն իր վերլուծությամբ փորձում էր համոզել, որ ցնդող դրոշմակնիքն այն չէ, ինչ մենք բոլորս մտածում ենք: Ավելին, նրա խոսքով, կնիքը կարող էր լինել եւ չլինել, շատ երկրներում այն ընդունված չէ, իսկ մեզ մոտ ներդրվեց՝ որպես լրացուցիչ պաշտպանական միջոց. «Ընդհանրապես կնիքները դրանք լրացուցիչ պաշտպանողական կնիքներ են: Ի դեպ ասեմ, որ բազմաթիվ երկրներում նման պաշտպանողական մեխանիզմներ չկան: Բայց դրանք ներմուծվել էին, որպեսզի ավելի  բարձացվի վստահությունը: Եվ տեխնիկական պրոբլեմ եղավ: Ի դեպ ասենք, որ այն խոսակցությունները, թե դրանք նախապես չեն ստուգվել, իրականությանը չեն համապատասխանում»:



Եթե նախապես ամեն ինչ ստուգված էր, ապա ինչո՞ւ «ներդրվելուց» ժամեր անց ցնդեց պաշտպանողական նորամուծությունը՝ հօդս ցնդեցնելով իշխանության թմբկահարած արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու խոստումը: «Կարծում եմ՝ դրա պատճառաբանությունը տրվեց, թե ինչն էր: Առաջին փորձը մասսայական կիրառումն էր, այսինքն՝ փորձարկում էինք: Մենք անում էինք հստակ այն, ինչ պետք է անեինք՝ իսկապես լավ խառնում էինք թանաքանյութը եւ դրանից հետո դնում կնիքը: Ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, որ եթե մասսայական ես կիրառում, դրան ոչ բոլորն են պատշաճ ուշադրություն դարձնում: Ամեն դեպքում, ես բացարձակապես վստահ եմ, որ իրականում դա որեւէ ազդեցություն չէր կարող թողնել որեւէ ընտրատեղամասում, հատկապես եթե հաշվի առնենք այն աննախադեպ ակտիվությունը, որ կար»,-երկար-բարակ մեկնաբանեց նա:



Մենք հակադարձեցինք, թե հենց այդ աննախադեպ ակտիվությունն էլ վկայում էր կազմակերպված ընտրակեղծիքի մասին, քանի որ իշխանությունը, շատ լավ իմանալով, որ ցնդելու են դրոշմակնիքները, դիտավորյալ վաղ առավոտյան ավտոբուսներով մարդկանց տարել էր ընտրատեղամասեր, քանի դեռ չէր բացահայտվել կեղծիքը: Շտաբի պատասխանատուն հարցից շեղվեց. «Նման ակտիվությունը նորմալ է եւ խոսում է այն մասին, որ մեր հասարակությունը քաղաքական առումով ավելի ու ավելի   հասուն է դառնում: Իսկ եթե այն անձինք, ովքեր հորինում են ընդհանրապես իրականությանը ոչ մոտ իրատեսական պատմություններ՝  սկսած նրանից, որ մարզերից մարդիկ բերվել են, ժամանակավոր գրանցում են ստացել, որպեսզի առավոտյան մասնակցեն քվեարկությանը, չի կարող խախտում համարվել որեւէ ողջամիտ դիտորդի կողմից: Եթե նրանք ունեն ընտրելու իրավունք, բնական է, կընտրեն նրանք համամասնական կարգով մարզում, թե քաղաքում: Խնդիր կառաջանար, եթե տեսականորեն էդ մարդկանց տվյալները կրկնվեին եւ մի տեղ, եւ մյուս տեղ: Բազմիցս ասել ենք, որ ցուցակները դրել ենք համացանցում, որպեսզի ցանկացած ոք կարողանա համադրել ցանկացած տեղամասի ցուցակը մեկ այլ տեղամասի ցուցակի հետ եւ ստանալ համապատասխան պատասխանը»:



Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի՝ ցնդող կնիքի վերաբերյալ հայտարարությանը, որպես ընտրակեղծիքի, ասաց. «Իհարկե, հասկանում եմ, որ քաղաքական կրքերը բորբոքված են, բայց կարծում եմ, որ այնպիսի գործչի համար, ինչպես Վարդան Օսկանյանն է, ճիշտ չէ հանպատրաստից անել նման հայտարարություններ: Նախեւառաջ պետք էր հասկանալ՝ ինչ է եղել»: Չնայած ընդդիմության վստահեցումներին, որ նոր   մեխանիզմի շնորհիվ իշխանությունը կազմակերպեց կրկնակի քվեարկություն ու ստացավ զգալի քվեներ, նա բացառեց. «Ես բացարձակապես վստահ եմ, որ կրկնակի քվեարկություն չի եղել, եւ ամեն դեպքում յուրաքանչյուր անձ, որը մտահոգ է, ունի բոլոր գործիքները դա բացահայտելու»: