ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կկայանա Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո

ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կկայանա Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո
Խորհրդարանական ընտրություններից հետո ամենաքննարկվող հարցն այն է՝ կլինի՞ արդյոք կոալիցիա, թե՞ ՀՀԿ-ն միայնակ իր վրա կվերցնի կառավարություն ձեւավորելու պատասխանատվությունը: 2007թ. հետ համեմատությունն այս անգամ տեղին չէ: Ճիշտ է, այն ժամանակ էլ ՀՀԿ-ն ուներ որակյալ մեծամասնություն եւ կարող էր միայնակ ձեւավորել կառավարություն, սակայն 2007թ. նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով չէր կարող թույլ տալ, որ իր ստեղծած ԲՀԿ-ն եւ իրեն նվիրված ՀՅԴ-ն մնան առանց նախարարական պորտֆելների: Հիմա Քոչարյանն այլեւս նախագահ չէ, եւ նրա սիրասուն զավակների հարցը կարելի է փակված համարել: Փորձենք հարցին նայել ՀՀԿ եւ ԲՀԿ տեսակետից:



ՀՀԿ-ականներն իհարկե կողմ կլինեն, որ ոչ մի կոալիցիա էլ չձեւավորվի, քանի որ այդ դեպքում իրենց հասանելիք պաշտոնների քանակը զգալիորեն կավելանա, եւ ՀՀԿ վերնախավի ավելի մեծ թվով ներկայացուցիչների ամբիցիաներ կբավարարվեն: Նման իրավիճակների նկարագրությունը շատ լավ ներկայացված է «Ոսկե հորթում»: Պանիկովսկին կողմնակից էր, որ 10 հազար ռուբլին բաժանվի երեք տեղ, որպեսզի իրեն ավելի մեծ բաժին հասնի, Բալագանովը հանուն արդարության առաջարկում էր այն կիսել, չորս բաժին հանել չորրորդ կողմին՝ Ադամ Կոզլեւիչին, բայց ահա Բենդերը վերցրեց 10 հազարանոցի կապ եւ ամբողջությամբ դրեց գրպանը: ՀՀԿ-ն կարող է հենց այդպես էլ վարվել. վերցնել ու ամբողջ կառավարությունը ձեւավորել միայնակ, իհարկե, ձեռքի հետ նկատի ունենալով ՕԵԿ-ին:



Բայց առջեւում նախագահական ընտրություններ են, եւ ՀՀԿ մի մասը կարծում է, որ ավելի լավ կլինի, եթե այսօր ինչ-որ բան զիջեն ԲՀԿ-ականներին, որի դիմաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հաջորդ դասին կհայտարարի, որ 2013-ի նախագահական ընտրություններում սատարելու են գործող նախագահին՝ շեշտելով Սերժ Սարգսյանի անունը եւ ազգանունը: Հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը գնա արմատական ճանապարհով. նա կարող է ԲՀԿ-ին կոալիցիա չվերցնել եւ այնպես անել, որ մինչեւ նախագահական ընտրություններ այդ կուսակցությունից նույնիսկ անունը չմնա: Բայց նման մոտեցումը հարիր չէ նախագահ Սարգսյանի ոգուն, ով ցույց է տվել, որ նույնիսկ ամենաարմատական խնդիրները լուծում է փուլ առ փուլ եւ աստիճանաբար: Այնպես որ կարելի է կարծել, որ ՀՀԿ-ն կարող է ԲՀԿ-ին վերցնել կոալիցիա եւ այդ կուսակցության հարցերը լուծել նախագահական ընտրություններից հետո, երբ ԲՀԿ-ից ոչ մի ակնկալիք այլեւս չի մնա:



ԲՀԿ-ական պատգամավորներից մի քանիսն արդեն հայտարարել են, որ ոչ մի տրամաբանություն չեն տեսնում կոալիցիա ձեւավորելու մեջ: Նրանց տրամաբանությունը հասկանալի է. ՀՀԿ-ն մեծամասնություն է, թող ինքն էլ միայնակ կառավարություն ձեւավորի եւ միայնակ կրի դրա գործունեության պատասխանատվությունը: Այդ դեպքում չեն լինի այն խոսակցությունները, թե կառավարությունում չորս պորտֆել էլ ԲՀԿ-ն ունի եւ իրավունք չունի քննադատել մի կառավարության գործունեություն, որի մաս է կազմում ինքը: Եթե ԲՀԿ-ն չմտնի կոալիցիա, հնարավորություն կունենա 2013թ. նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով: Դա կարող է լինել ինչպես Վարդան Օսկանյանը, ով հակակոալիցիոն թեւի լիդերն է, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը: ԲՀԿ-ն կարող է ակնկալել, որ այդ դեպքում կարող է դառնալ ընդդիմադիր ուժերին միավորող առանցք, եթե ԲՀԿ նախագահի թեկնածուն լինի Վարդան Օսկանյանը:



ԲՀԿ-ականների մի այլ խումբ չի պատկերացնում իրեն առանց իշխանության: Դժվար է պատկերացնել Հարություն Քուշկյանին կամ Վարդան Վարդանյանին ընդդիմության դերում: Նույնը վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված կամ մեծամասնականով հաղթած գործարար պատգամավորներին: Նրանք հասկանում են, որ ընդդիմություն դառնալու դեպքում իրենք կարող են կորցնել իրենց բիզնեսը կամ ստիպված կլինեն հրաժարվել ԲՀԿ-ից, ինչպես դա տեղի ունեցավ 2006թ. ՕԵԿ-ի հետ, երբ մի քանի օրում բազմամարդ խմբակցությունից մի քանիսը մնացին: Այսպիսի սցենարը Գագիկ Ծառուկյանի սրտով չի կարող լինել եւ նա, չի ցանկանա տեսնել, թե ինչպես չի կարողանում պաշտպանել իր կողմնակիցներին, եւ ինչպես են նրանք հերթով կամ խմբերով լքում իրեն:



ԲՀԿ-ն կարող է ընտրել ընդդիմության եւ իշխանության միջինացված տարբերակը: Սա ենթադրում է, որ պաշտոնապես ԲՀԿ-ն մաս չի կազմի կոալիցիային, բայց կստանա որոշակի արտոնություններ եւ տեղեր իշխանության մեջ: Դրա փոխարեն ԲՀԿ-ականները կկարողանան քննադատել իշխանությանը, սակայն շատ սահմանափակ եւ որոշակի շրջանակներում: Բայց դեկորատիվ ընդդիմության դերին հավակնորդների թիվը ներկա խորհրդարանում բավական մեծ է, եւ դժվար թե ԲՀԿ-ն համաձայնի դրան:



Ամփոփելով ասենք, որ Սերժ Սարգսյանը կարող է կոալիցիա կազմելու առաջարկ անել ԲՀԿ-ին, բայց կոալիցիոն համաձայնագիրը կարող է պարունակել այնպիսի կետեր, որոնք կարող են նվաստացուցիչ լինել ԲՀԿ-ի համար: Որոշ ԲՀԿ-ականներ դեմ կլինեն նման կոալիցիային, եւ եթե կոալիցիա ձեւավորվի, կհրաժարվեն պատգամավորական մանդատներից: Գագիկ Ծառուկյանը կստորագրի այդ համաձայնագիրը եւ բաժակ կբարձրացնի հանուն համատեղ արդյունավետ աշխատանքի:



Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ