Նախագահական պաշտոնակռիվը սկսվեց DIY ակումբի պայթեցումով

Նախագահական պաշտոնակռիվը սկսվեց DIY ակումբի պայթեցումով
Այն, որ Երեւանում գոյություն ունի DIY ակումբ, դեռ մի քանի օր առաջ հատուկենտ մարդ գիտեր: Իսկ այն, որ այդ ակումբում հավաքվում են նույնասեռականներ, չեն իմացել նույնիսկ այդ ակումբի հաճախորդներից շատերը, ինչի մասին վկայում են համացանցում հայտնված նրանց մեկնաբանությունները: Սակայն այն, որ Հայաստանում, ինչպես եւ աշխարհի ցանկացած երկրում գոյություն ունեն նույնասեռականներ եւ նրանց դեմ պայքարողներ, գիտեին բոլորը: Այդ պայքարը մի պահ սրվեց նախորդ նախագահի օրոք, երբ մարտնչողները սպառնացին հրապարակել իշխանական օղակներում աշխատող նույնասեռականների անունները: Դրանից հետո ձերբակալվեց գլխավոր պայքարողը, եւ իրավիճակը հանդարտվեց՝ նույնասեռականներին հանգիստ թողեցին: Եվ որպեսզի թե ոչխարները ողջ մնան, թե գայլերը` կուշտ, նույնասեռականների դեմ պայքարը գլխավորածներից մեկ ուրիշը դարձավ կարեւորագույն բուհերից հենց այն մեկի ռեկտորը, որի ուսուցանած մասնագիտությունները, ըստ քաղքենիների, պետք է որ նպաստեն ամեն տեսակի արատների, նաեւ նույնասեռականության առաջացմանը:



Ի՞նչ պատահեց, սակայն, որ ստատուս քվոն խախտվեց: Այն էլ այսպես հրապարակայնորեն եւ աղմկոտ ձեւով: Ինչո՞ւ հանկարծ պայքարողներն ակտիվացան եւ այն էլ այդպիսի վայրենի ձեւով՝ պայթյունով: Ինչը, ըստ ամենայնի, Հայաստանը կդարձնի համայն աշխարհի նույնասեռականների եւ նրանց իրավունքները պաշտպանող ազդեցիկ ուժերի թիրախ: Արդյո՞ք դա այն պատճառով չէր, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները նախագահի պաշտոնին հավակնողներին հուշեցին, որ եթե ոչինչ չփոխվի, ամեն ինչ հարթ ու խաղաղ շարունակվի, գործող նախագահը հեշտությամբ կվերընտրվի: Ընդ որում այնպես, որ այդ ընտրությունները կհամարվեն Հայաստանի լավագույն նախագահական ընտրություններ: Գոնե Արեւմուտքի համար:



Ուրեմն պետք էր ստեղծել խոչընդոտներ, սրել հակասությունները, հրահրել բախումներ: Եվ առաջին այդպիսի գործողությունը, մեր կարծիքով, DIY ակումբի պայթեցումն էր ու դրա շուրջ սկանդալի ծավալումը:



Եթե  հիշում եք, վերջերս ավելի ահավոր  պայթեցում տեղի ունեցավ Աբովյան փողոցում գտնվող մեկ այլ նմանատիպ հաստատությունում, այն էլ այն պահին, երբ այնտեղ բազմաթիվ այցելուներ կային: Բայց դրան հետեւած աղմուկը մինիմալ էր: Մինչդեռ այդ ակումբում, պայթյունի պահին  իրենց ժամանցն էին անցկացնում Նովրուզը Հայաստանում տոնող իրանցի զբոսաշրջիկները, եւ, ի տարբերություն DIY-ի, այնտեղ կային մարմնական վնասվածքներ ստացածներ: Սակայն սույն միջադեպն այնպիսի արձագանք չունեցավ, ինչպես այս մեկը:



Եվ շուտ մոռացվեց: Չունեցավ, որովհետեւ ոչ ոք չպնդեց, թե այդ արարքն ուղղված էր հենց իրանցիների դեմ եւ այլատյացության դրսեւորում էր: Այդ պատճառով էլ Արեւմուտքը մեզ իր «սեւ ցուցակի» մեջ չընդգրկեց եւ մեր դեմ պատժամիջոցներ չկիրառեց: Այսինքն, այս վերջին պայթյունը, որից մարդիկ չեն տուժել, շատ ավելի վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր երկրի համար, քան այն մեկը, որի հետեւանքով կային վիրավորներ: Եվ իշխանությունները, փաստորեն, հայտնվել են երկու կրակի արանքում. մի կողմից, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, ինչպես նաեւ իշխանություններին անվերապահ աջակցող Հայ առաքելական եկեղեցին ու տարբեր տեսակի «արծիվներն» ու «բազեները» դեմ են նույնասեռականության երեւույթին, մյուս կողմից, Արեւմուտքը չափազանց զգայուն է այդպիսի արարքներն ու հանցագործություններն անպատիժ թողնող իշխանությունների հանդեպ:



Կարծում ենք, որ մեր իրավապահները կփորձեն գործել սովորականի պես՝ գործի քննությունը կձգձգեն՝ մինչեւ որ աղմուկը հանդարտվի, որից հետո կհայտարարեն, թե պայթեցումը ոչ թե հոմոֆոբիայի, այլ տնտեսական կամ անձնական պատճառով է եղել: Բայց դե, հարցն էլ հենց այն է, որ նախագահական պաշտոնին ձգտողները թույլ չեն տա, որ այդ միջադեպն ու դրա դրդապատճառները մոռացվեն: Այդ պատճառով էլ նրանք ամեն կերպ կշեշտեն ակումբի պայթեցման պատճառը՝ դրա դռնից ներս թքելով, հոմոֆոբիան դատապարտող պաստառներն այրելով եւ այլ ձեւերով:



Չէինք ցանկանա, բայց ենթադրում ենք, որ ակումբի պայթեցումը նախագահական ընտրություններին նախորդող միջադեպերից առաջինն էր եւ մինչեւ հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսները ականատեսը կլինենք պայքարի նմանատիպ այլ դրսեւորումների: Քանի որ Հայաստանում կրքերը թեժանում են հենց նախագահական ընտրությունների ժամանակ, որի հաղթողի մրցանակը Հայաստանն է իր ընդերքով եւ այլ հարստություններով, նաեւ հայաստանցիները:



Ընդսմին, երկրի ղեկավարը փորձելու է ամեն ինչ անել, որ այս ժամանակահատվածի ընթացքում ժողովուրդը չդժգոհի՝ գները չբարձրանան, արտարժույթի կուրսն անհիմն կերպով կտրուկ   չփոխվի, ցնցումներ, իրավիճակի վատթարացում, կյանքի մակարդակի իջեցում չլինի: Այդ նպատակին հասնելու համար նրան անհրաժեշտ է, որ դրսից եկող ֆինանսական աջակցությունը շարունակվի: Իսկ նրա հակառակորդներից  ոմանք, ընդհակառակը, ամեն ինչ անելու են, որ դժգոհության առիթները շատանան ու հնարավոր դառնա մարդկանց  դուրս բերել փողոցներ: Իսկ դրա համար, մասնավորապես, անհրաժեշտ է, որ Հայաստանն Արեւմուտքում ունենա բացասական իմիջ: Ասենք, համարվի հոմոֆոբիային աջակցող երկիր:



Ապագա նախագահացուներին հուշենք, որ ցանկանում են նրանք, թե ոչ, բայց այսպիսի գործելաոճը լրացուցիչ միավորներ կբերի Ադրբեջանին, որի նախագահն այսօր ամեն ինչ անում է՝ ապացուցելու համար, որ իր երկրում հոմոֆոբիան հաղթահարված է:



 Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ