Մաքսիմ Հակոբյանը կուրախանա, որ ես վերընտրվեմ

Մաքսիմ Հակոբյանը կուրախանա, որ ես վերընտրվեմ
Անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ մենք արդեն տեղեկացրել ենք, որ դրանք բուռն են անցնելու ու հատկապես որոշ մարզերի որոշ համայնքներում: Այդ թվում Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Նշել էինք, որ մարզպետ Սուրեն Խաչատրյանը մտադիր է մարզն ամբողջությամբ ՀՀԿ-ացնել, ինչի մասին ակնարկում է նաեւ Կապանի քաղաքապետը: Կապանում ՀՀ միակ ՀՅԴ-ական քաղաքապետ Արտուր Աթայանի հետ պայքարի դուրս կգա ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, ով ներկայում ղեկավարում է «Հայփոստի» մարզային կառույցը: Օրեր առաջ զրուցել էինք Աշոտ Հայրապետյանի հետ, իսկ երեկ լսեցինք գործող քաղաքապետ՝ Արտուր Աթայանին, ով երկրորդ անգամ առաջադրվելու որոշում է կայացրել: «Ես վատ չեմ աշխատել եւ որեւէ խնդիր չեմ տեսնում չառաջադրվելու»:



- Սիսիանի քաղաքապետն ասում էր, որ լավ է աշխատել, Դուք վախենո՞ւմ եք նման բան ասել:



- Ես այդպես չեմ կարող ասել, դա մենակ ժողովուրդը կարող է ասել: Ես վատ չեմ աշխատել:



- Կարծում եք աշխատա՞նքն է ընտրվելու առաջին գրավականը, որովհետեւ  Ձեր մրցակիցը մարզպետի եւ մարզում ազդեցիկ Մաքսիմ Հակոբյանի հովանավորյալն է:



- Ես կարծում եմ, որ մեզ մոտ դա չի անցնելու, ժողովուրդը կընտրի նրան, ում հավատում է:



- Ասում են՝ մարզպետը մտադիր է ՀՀԿ-ացնել մարզը,  մտավախություններ չկա՞ն:



- Ես անցած 4 տարիները գնահատելով՝ կարծում եմ, որ Սյունիքի մարզը եղել է օրինակելի ՀՀ-ի համար, նկատի ունեմ՝ կա եւ ՀՀԿ-ական մարզպետ, եւ դաշնակցական կամ «Բարգավաճ» քաղաքապետեր: Մենք մարզում իրար հետ ընդհանուր առմամբ վատ չենք աշխատել, եւ նորմալ հարաբերություններ են եղել բոլորիս հետ: Բոլոր խնդիրները, որոնք դրվել են, մենք նորմալ կատարել ենք: Կարող եմ ասել, որ կուսակցականությունն այս 4 տարիների ընթացքում երեւաց միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ հիմա աբսուրդ եմ համարում, որ իշխող կուսակցությունը պետք է խառնվի ՏԻՄ ընտրություններին:



Ի վերջո պետք է ընտրվի կոնկրետ մարդը, որին ժողովուրդն ընդունում է եւ չի կարեւորում նրա կուսակցական պատկանելությունը: Եվ այդ 4 տարիներին մենք լավ ենք աշխատել, ինձ համար խնդիր չի եղել՝ մարզպետը ՀՀԿ-ական է, թե ոչ, ես աշխատել եմ ի նպաստ ժողովրդի: Թե հիմա ինչու են նման խնդիր դրել (նկատի ունի մարզը ՀՀԿ-ացնելը՝ Լ. Շ.), դժվարանում եմ ասել: ՀՀԿ-ականների ժողով եղավ, եւ որոշում կայացրին, որ բոլոր ընտրատարածքներում ՀՀԿ-ական թեկնածուներ պետք է լինեն: Ես զարմանում եմ. եթե ՀՀԿ-ն Կապանում նման բան է անում, ապա գոնե պիտի քաղաքական գնահատական տրվի անցած 4 տարվա գործունեությանը, ու ասի, թե ինչը նկատի ունենալով է առաջադրում իր թեկնածուին: Ի դեպ, ես չեմ կարծում, որ սա ընդհանուր քաղաքական խնդիր է, դա, իմ կարծիքով, ինչ-որ մարդկանց քմահաճույքի արդյունք է:



- Ուզում եք ասել, որ Մաքսիմ Հակոբյանի քմահաճույքի՞ խնդիրն է, որովհետեւ թե Սիսիանում, թե Կապանում ՀՀԿ թեկնածուները,  ասում են, Հակոբյանի մտերիմներն են:



- Չէ, ես նման բան չեմ կարող ասել, թե Մաքսիմի հետ են կապված, ընդհակառակը, դա ավելի շատ մարզպետի հետ է կապված: Բայց դեռ հարց է՝ կկարողանա՞ն ամբողջությամբ ՀՀԿ-ացնել մարզը, թե՞ ոչ: Գուցե մարտավարություն է, որ իրենց կուսակցությունը բոլոր տեղերում թեկնածուներ պետք է ունենա: Թե չէ՝ ուրիշ տարբերակ չեմ կարող պատկերացնել: Հենց վեց ամիս առաջ մարզպետի կողմից կառավարական պարգեւի եմ արժանացել: Մենք մարզպետի հետ վատ չենք համագործակցել: Շատ նորմալ ծրագրեր ենք համատեղ իրականացրել, եւ այս 4 տարվա ընթացքում ես միայն լավն եմ լսել նրա կողմից: Եվ այդ միտումն ինձ համար անհասկանալի է:



- Քանի որ Սյունյաց մարզպետը բավականին հայտնի համբավ ունի, հնարավո՞ր է ճնշումներ գործադրի Ձեր նկատմամբ, եւ Դուք հրաժարվեք առաջադրվելու ցանկությունից, որոշումից:



- Հաստատ նման բան չի լինի: Համոզված եմ, որ ամեն ինչ նորմալ է լինելու:



- Լավ, հիմա Մաքսիմ Հակոբյանի ազդեցությո՞ւնն է մարզում մեծ, թե՞ Սուրեն Խաչատրյանի:



- Առաջին ընտրությունների ժամանակ պարոն Հակոբյանն ինձ բավականին լուրջ օժանդակել է, եւ ես իր օգնությամբ եմ առաջադրվել եւ ընտրվել Կապանի քաղաքապետ: Եվ ես Հակոբյանին եմ բավականին լուրջ դերակատարում ունեցող անձ համարում, շատ լուրջ: Նույնն էլ մարզպետը, գիտեք, մենք հզոր մարզպետ ունենք:



- Հնարավո՞ր է այս անգամ էլ պարոն Հակոբյանը Ձեզ աջակցի:



- Ես դա չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, ինքը մի անգամ ինձ հնարավորություն տվել է, օգնել է, ես ընտրվել եմ քաղաքապետ: Եվ հիմա, եթե ես լավ չեմ աշխատել եւ չկարողանամ իմ ունեցած  արդյունքով նորից վերընտրվել, կարծում եմ՝ ինձ որեւէ մեկը չի կարող օգնել: Ես վստահ եմ, որ հիմա իմ ուժերով եւ իմ արած աշխատանքով կարող եմ ընտրվել: Մի բանում համոզված եմ, որ եթե ես ընտրվեմ, ինքը հաստատ կուրախանա:



- Ձեր մրցակիցը ձեռնպահ մնաց գնահատել Ձեր գործունեությունը, Դուք ե՞ւս կհրաժարվեք Աշոտ Հայրապետյանի մասին խոսք հայտնելուց:



- Գիտեմ, որ բավականին լավ ընտանիքի զավակ է, լավ ծնողներ եւ եղբայրներ ունի, ինքն էլ նորմալ բնութագրում ունի, բավականին ինտելիգենտ անձնավորություն է: Ես միայն դրական եմ գնահատում եւ կարծում եմ, որ երկուսիս համար էլ դժվար պայքար է սպասվում: