Ինչու են ուշանում եվրադատարանի վճիռները

Ինչու են ուշանում եվրադատարանի վճիռները
Նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանն իր գործով ներպետական ատյաններում հաջողության չհասնելով՝ դիմել էր Եվրոպական դատարան, սակայն նրա գործը դեռեւս անհասկանալի պատճառներով շարունակում է մնալ օդից կախված կարգավիճակում: Բանն այն է, որ մեկ տարուց ավելի է, ինչ Եվրադատարանի եւ կառավարության կոմունիկացիան ավարտվել է, սակայն Եվրադատարանի որոշումն ուշանում է: Հիշեցնենք, որ 2004 թվականին Քոչարյանի հրամանով դադարեցվեցին Անահիտ Սաղաթելյանի լիազորությունները, որից հետո դատավորը սկսեց պայքարել պաշտոնի վերականգնման համար: Ապա 2008 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ  հարուցեց Անահիտ Սաղաթելյանի նկատմամբ, իբր նա 2001 թվականի օգոստոսի 27-ի դատական նիստին քաղաքացու մասնակցության եւ ցուցմունք տալու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ էր մտցրել դատական նիստի արձանագրության մեջ:



Այնուհետեւ, սակայն, գործը կարճվեց, եւ Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ իրեն մեղսագրված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Սաղաթելյանը բողոքարկեց կարճման հիմքը: Նա վստահ էր, որ նախաքննական մարմինը հենց այդ հիմքով էր կարճել գործը, որպեսզի հետագայում չկարողանա վերականգնվել դատավորի պաշտոնում:



Բայց՝ անարդյունք. առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները մերժեցին բողոքը: Վճռաբեկ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ ուղարկեց նոր քննության, որից հետո, սակայն, գործի ելքը չփոխվեց: Հիմա կոմունիկացիոն փուլն ավարտվել է, եւ կողմը տարուց ավելի է՝ սպասում է ԵԴ վճռին: Փաստաբան Արտակ Զեյնալյանը, ով նույնպես զբաղվում է Անահիտ Սաղաթելյանի գործով, Եվրադատարանի որոշման ուշացումը դժվարացավ պատճառաբանել: «Եվրադատարանն իր արդյունավետությունը շատ գցել է, եւ վերջին շրջանում ավարտված այդպիսի գործեր շատ կան, որոնց վճիռն ուշանում է»,-ասաց նա:



Ընդհանրապես մեր փաստաբանները Եվրադատարանի որոշումների ուշացումից հաճախ են դժգոհում: Օրինակ, փաստաբան Լուսինե  Սահակյանն այդպիսի 3 գործ ունի, երբ արդեն 3 տարուց ավելի է, ինչ ավարտվել է կառավարության հետ նամակագրությունը, սակայն որոշում դեռ չկա: Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ ասում է՝ մի քաղգործով 5 տարի առաջ կոմունիկացիոն գործընթացն ավարտվել է, սակայն  որոշում չկա: Երկու փաստաբանների կարծիքով էլ, դա պայմանավորված է դիմումների քանակով: «Իրենք սովորաբար չեն էլ պատճառաբանում որոշումների ուշացումը, բայց դա, հավանաբար, պայմանավորված է զուտ ծանրաբեռնվածությամբ»,-կարծիք հայտնեց Արա Զոհրաբյանը: