Ոչ թե գրքերը լավ չեն վաճառվում, այլ լավ չեն վաճառում

Ոչ թե գրքերը լավ չեն վաճառվում, այլ լավ չեն վաճառում
Հարցազրույց «1-ին գրական գործակալության» տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ



-Գործակալության միջնորդությամբ հրատարակվեցին գրքեր: Գրքերը տպագրվում են, բայց գրախանութների հետ կապված խնդիրներ կան: Շնորհանդեսներ են արվում, սակայն գրքերը գրախանութներում են հայտնվում մեկ շաբաթ հետո: Ինչո՞ւ: Ո՞վ է թերանում: Հրատարակչություններն ու գրախանութները, ըստ իս, ոչ մի նշանակալի քայլ չեն անում հայ ժամանակակից գրականության վաճառքն ապահովելու համար: Օրինակ, գրախանութների տնօրենների կողմից կարելի է միշտ լսել քննադատություն գրողների եւ նրանց ստեղծած գրականության վերաբերյալ, ինչն օտարագիր գրողների պարագայում բացառվում է (չնայած խիստ կասկածելի է` արդյո՞ք կարդում են այդ գրքերը, թե՞ ոչ): Բայց գոնե վաճառելու փորձ, իհարկե, չի արվում: Գրադարակներում դրված լինելը դեռ չի նշանակում գրքի ցուցադրում:



- «Առաջին գրական գործակալության» միջնորդությամբ հրատարակվեցին մեր երկու հեղինակների նոր գրքերը, եւ սա նույնպես մեր ձեռքբերումներից է: Հրատարակչի հետ համատեղ մեր կազմակերպած շնորհանդեսներն առանձնացան ինքնատիպությամբ եւ նույնիսկ վաճառքի ռեկորդ սահմանեցին: Ուզում եմ հատուկ նշել այդ փաստը: Փաստորեն, հենց քո նոր գրքի՝ «Ցտեսություն, Ծիտ» վեպի շնորհանդեսի ընթացքում, երեք ժամում վաճառվեց հարյուր հիսունից ավելի գիրք: Վստահ չեմ, որ երեք ամսում գրախանութներին հաջողվեց այդքան վաճառք ունենալ: Եվ միանգամից անդրադառնամ գրախանութներին:



Ես մի բան եմ հայտնաբերել, ինչը բոլորովին մխիթարող չէ: Ոչ թե գրքերը լավ չեն վաճառվում, ինչպես պնդում են հրատարակիչները, այլ դրանք ԼԱՎ ՉԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ: Սա շատ ցավալի հանգամանք է: Նույնիսկ ավելի ցավալի, քան չվաճառվելու փաստը: Գիրքն ընթերցողին հասցնելու համար գործում է մի շղթա, որտեղ ամեն մեկն իր դերն ունի: Գրողը գրում է գիրքը, հրատարակիչն այն հրատարակում է, գրախանութն էլ պիտի վաճառի, որպեսզի ընթերցողը գնի ու կարդա: Սակայն այսօր այս համակարգի ամենաթույլ օղակը հենց գրախանութն է: Այո, կան գրախանութներ, որ հրաժարվում են վաճառել որոշակի գրքեր, ու սա պարզապես ապշեցուցիչ է: Որոշ գրախանութների սեփականատերերը պնդում են, որ  իրենց խանութն է, ինչ կուզեն՝ կանեն, կուզեն՝ կվաճառեն տվյալ հեղինակի գիրքը, չեն ուզի՝ չեն վաճառի:



Փաստորեն, մարդիկ օգտագործում են ցանկացած հնարավորություն՝ չարաշահելու իրենց ձեռքում հայտնված նույնիսկ փոքր իշխանությունը, իրենց իրավունք են վերապահում գնահատական տալ գրականությանը, որից ոչինչ չեն հասկանում, դատում են գիրքը՝ առանց կարդալու կամ մի քանի տող աչքի անցկացնելով, հրատարակչի հետ ունեցած անձնական խնդիրները խառնում են գործին կամ էլ իրենց սեփական ճաշակը (կամ դրա բացակայությունը)  թելադրում ընթերցողին: Ուզում եմ դիմել նրանց. հարգելի գրախանութների տերեր, ձեր գործն է վաճառել հնարավորինս բազմազան, բազմաժանր, բազմաոճ ու բազմաբովանդակ գրքեր: Ձեզ համար պետք է չլինի «լավ ու վատ գիրք» գաղափարը, ճաշակին ընկեր չկա, յուրաքանչյուր գիրք ունի իր ընթերցողը, եւ ձեր գործն է ամեն գիրք հասցնել իր ընթերցողին:



Արժի՞ խոսել այն մասին, թե ինչ տեղ է հատկացված հայ ժամանակակից գրականությանը որոշ մեծ եւ անունով գրախանութներում: Ես ուղղակի ապշած էի, երբ տեսա, որ մուտքի մոտ ամենաերեւացող տեղում տեղադրված է օտարալեզու գրականության մի մեծ պահարան, իսկ հայ հեղինակների նոր լույս տեսած գրքերը կիասամութ անկյունում անտերուդուս շարված են: Էլ չասենք այն մասին, որ վաճառողները, ես չեմ կարող «գրավաճառ» անվանել այդ մարդկանց, ունեն իրենց կանխակալ կարծիքը հայ հեղինակների մասին ու չեն զլանում արտահայտել այն ամենատգեղ ձեւերով: «Ինչի հայ գրող կա՞ հիմա… ինչ պտի գրե՞ն որ...» եւ այլն:



Փաստորեն, գրողի ամիսների կամ նույնիսկ տարիների ստեղծագործ մտքի, հրատարակչի ներդրած գումարների եւ հրատարակչության տասնյակ աշխատակիցների չարչարանքի արդյունքը հավասարվում է զրոյի մեկ ակնթարթում, երբ գիրքը մտնում է որոշ գրախանութներ եւ հայտնվում ամենավերջին պահարանին՝ անտեսված ու արհամարհված, միայն մեկ բանի պատճառով, որ ՀԱՅ ԳՐՈՂԻ գիրք է: Այլ գրախանութներ այլ խնդիրներ ունեն: Ավելի մանր տեխնիկական խնդիրներ, որոնց մասին պատմելն անգամ ժամանակի կորուստ է, սակայն դրա արդյունքում էլ գիրքը չի վաճառվում: Օրինակ՝ ստանում են երկու հատ ամեն գրքից, վաճառվելուց հետո մինչեւ նորը պատվիրում են կամ չեն պատվիրում, կամ մինչեւ մի քանի օրից, շաբաթից կամ ամսից նորից գիրքը համալրվում է, տասնյակ ընթերցողներ հարցնում ու չեն գտնում գիրքը: Այս պարագայում էլ ուժ չի մնում պահանջել գրախանութից, որ լավ ցուցադրեն գրքերը, գովազդեն, առաջարկեն հաճախորդներին, ծանոթացնեն նոր հեղինակների հետ...



- Ի՞նչ հարաբերությունների մեջ է գործակալությունը մշակույթի նախարարության հետ: Սկզբում թվում էր, թե նախարարությունը հետաքրքրված է, փորձում է օգտակար լինել: Բայց հիմա այդ տպավորությունը չկա: Գուցե մշակույթի նախարարությունում պիտի լինեն առաջադեմ մտածողությամբ մարդիկ, ովքեր ծանոթ են հայ ժամանակակից գրականությանը պառնասներից ու զզվանք չեն զգում՝ գիտակցելով, որ գեղարվեստական գրականությունը նույնքան կարեւոր է, որքան զարդանախշերի գունավոր ալբոմները:



- Այո, գործակալության հիմնադրման ժամանակ նախարարությունը շատ հետաքրքրված էր թվում: Նույնիսկ որոշ լրատվամիջոցների մոտ կարծիք էր ստեղծվել, թե գործակալությունը նախարարության կողմից ստեղծված ու նրան կից կառույց է: Մշակույթի նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ֆինանսավորել այն գրքերի թարգմանությունը, որոնց հեղինակային իրավունքները կվաճառվեն որեւէ երկրում: Նման ֆինանսավորում կա գրեթե բոլոր երկրներում: Սրանից բացի,  ժամանակը ցույց տվեց, որ հետաքրքրվածությունն այլ լուրջ համագործակցության չբերեց, օրինակ, գործակալության ընդգրկումը գրքի միջազգային ցուցահանդեսներ մեկնողների ցանկում:



Մեկնաբանվում է դա նրանով, որ գործակալությունը մասնավոր ընկերություն է, որը շահույթ է հետապնդում, ուստի նպատակահարմար չէ, որ պետությունն աջակցություն ցուցաբերի: Սակայն լավ գիտենք, որ եկամուտ հետապնդող այլ կառույցների ներկայացուցիչներ միշտ էլ լինում են ցուցահանդեսներ մեկնող պատվիրակության մեջ: Ոլորտի մասնագետները լավ պիտի հասկանան, թե որքան ժամանակ է հարկավոր նման գործակալությանը՝ շահույթ ստանալու համար: Մեր գործը չի կարող զուտ «բիզնես» անվանվել, քանի որ մենք երկիր ենք ներկայացնում գրականության միջոցով, եւ սա առաջին հերթին ազգանվեր գործ է, որը դժվար թե երբեւէ մեզ միլիոնատեր դարձնի:



Ինչպես նոր ասացի՝ մասնագետները սա կհասկանա՞ն, իսկ թե կա՞ն արդյոք պետական ոլորտում աշխատող այս ոլորտի մասնագետներ, դա ես դժվարանում եմ ասել: Նախարարությունում աշխատում են մարդիկ, որոնցից մի մասը դեռ սովետական տարիներից է  գրահրատարակչական ոլորտում, այն ժամանակվանից, երբ դեռ ոլորտը պետական էր, ոչ թե մասնավոր: Հավանաբար, նրանք էլ դեռ սովետական մտածելակերպից չեն կարողանում ազատվել ու նոր կերպ մոտենալ հարցերին:



- Արդեն մոտ կես տարի է, ինչ Երեւանն իր ուսերին պաշտոնապես կրում է, այսպես կոչված, «Գրքի մայրաքաղաք» տիտղոսը: Մի քանի գրախանութ, ավելացված արժեքի հարկ, գրքի ու գրականության վերաբերյալ վերաբերմունքի լրիվ բացակայություն, եւ հանկարծ Երեւանին հնարավորություն են տալիս վերածվելու գրքի մայրաքաղաքի ու դառնալու գրքի կենտրոն:  Այն ժամանակվա բոլոր տագնապներն ու մտահոգությունները հիմա կյանքի կոչվեցին: Համոզված եմ՝ շատերն արդեն չեն էլ հիշում, որ Երեւանը գրքի մայրաքաղաք է:



- Ծանր է այդ բեռը, որ Երեւանի ուսերին են դրել: Արդյոք տեղ կհասցնի՞...



Մի նոր տերմին առաջացավ գրքի մայրաքաղաքի բացման արարողությունից հետո, որը հաճախ եմ լսում հեռուստատեսությամբ, հրատարակիչների խոսքում՝ հրավառային քաղաքականություն: Այո, գրքի մայրաքաղաքը երեւանցիների համար սկսվեց եւ ավարտվեց շքեղ ու թանկարժեք հրավառությամբ: Բազմիցս տարբեր հեղինակներ ու հրատարակիչներ փորձել են հաշվել, թե քանի գիրք լույս կտեսներ ու կթարգմանվեր այլ լեզուներով՝ այդ գումարների շնորհիվ, քանի գրախանութ կարող էր բացվել, ու քանի գրադարան վերանորոգվել կամ համալրվել: Ի՞նչ արած, պետական բյուջեով այդ գումարները նախատեսված էին հայ ժողովրդին հատուկ ներկայացում ցուցադրելու վրա: Ինչպես ասում են՝ դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մերը:



Վստահ եմ, որ հրավառություն էլ է պետք, սակայն երեւի թե՝ վերջում, երբ ամեն ինչ բարեհաջող ավարտ կունենար, եւ Երեւանը պատվով կկրեր իր կոչումն ու պարզ ճակատով կհանձներ այն հաջորդ քաղաքին: Նայելով գրքի մայրաքաղաքի կայքը՝ զարմանում ես, թե որքան միջոցառումներ են կազմակերպվել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Բայց կարծես թե դրանք բոլորը նախատեսված են եղել շատ նեղ շրջանակների համար, ու չես հասկանում, թե ինչ հերոսություններ պիտի անես, որ արժանանաս նման միջոցառումների մասնակցության հրավերի:



- Թեյախմություններով ու ֆլեշմոբերով մարդկանց ընթերցանությանն  ու գրքին չես մոտեցնի: Եթե այս ամենն արվում է միայն զվարճություն ու հպանցիկ երջանկություն պարգեւելու համար, ինչ խոսք, ստացված է, ու կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը պիտի հրապարակավ հայտարարի իր այս գերնպատակի մասին` ուրախացնել Երեւան քաղաքի բնակիչներին, այլ ոչ թե ծրագրերով խոսի` գրքի ու գրականության զարգացման մասին:



- Ֆլեշմոբերն ու ընթերցանության փառատոնները, հրավառությունը փուչիկների նման շատ գեղեցիկ են, սակայն մի ակնթարթում պայթում են, մարում ու ջնջվում հիշողությունից: Օրինակ, Մոսկվայի մետրոյում միշտ ընթերցանության ֆլեշմոբ է: Ամեն օր, ամեն ժամի եւ առանց հրավերների: Կոնկրետ, ես՝ շատ եմ ուրախացել գրքի մայրաքաղաքի մի քանի գովազդային պաստառներից: Կեղտոտ շորերով ու դեմքով երեխաները միանգամից մաքրվում ու գեղեցկանում են ՄԵԾՆ ԳՐՔԻ շնորհիվ: Բայց «Կարդա» հրամայողական պաստառները, մեղմ ասած, անհաջող են: Հրամայելով ու տարբեր անհարմար դիրքերում նստած ընթերցող մարդկանց նկարներով ընթերցանության հանդեպ սեր չես սերմանի: Իսկ ուրախանալու համար պետք է ուրախ գրքեր կարդալ: