Գյումրվա մուշուրբայի գաղտնիքը` հորից որդուն

Գյումրվա մուշուրբայի գաղտնիքը`  հորից որդուն
Վարպետ Էդոյի մուրճի ձայնն ամբողջ թաղամասը լսում է: Նրա տունը գտնելու համար պետք է ուղղակի դեպի ձայնը գնալ: Ժամկոչյաններն արդեն մեկ դար է, ինչ զբաղվում են մետաղագործությամբ: Նրանք հայտնի են որպես մուշուրբայի վարպետներ:



Սա հայտնի ձեւի բաժակ է` Գյումրվա խորհրդանիշը, որից ջուր խմելիս քլքլոց է գալիս: Վարպետի կինն ինձ շատ հետաքրքիր կոլորիտով մուշուրբայից ջուր հյուրասիրեց ու հպարտացավ ամուսնու արհեստով: Այս ընտանիքն ազնիվ մետաղի ձայնին սովոր է: Փոքրիկ տղան` վարպետի թոռը, երկար նստեց-նայեց պապին, հետո մուրճի աղմուկի տակ հանգիստ քնեց:



«Մերոնք Ղարսից գաղթել են համիդյան ջարդերի ժամանակ: Գիդես ի՜նչ վարբեդներ են եղել: Ամեն ինչ սարքում էին` մադղի  թասեր, ջեզվեներ, մուշուրբեք, ու ամեն ինչ՝ ազնիվ մետաղից»: Իսկական գյումրեցու պես՝ վարպետը մեր զրույցը սկսեց պապի ու հոր մասին պատմություններով ու իրենց արհեստի անցած ճանապարհով. «Գաղթից հետո ըդբես էին հաց վաստագում: Հետո քառասունականներին արդեն էլ գործ չէին անում. մեդաղ չկար: Ազնիվ մեդաղները մեր երկրից տանում էին Թուրքիա, որ ըդոնք գյուլլա սարքեն: Վաթսունականներին, որ հերս թոշակի անցավ, սկսեց մուշուրբեք սարքել ու մդաձեց ինչխ էնի, որ քլքլոց գա: Էդ քլքլոցը, որ գալիս է, հերս է մդաձել: Ու մենակ ընձի սովորցրեց գաղտնիքը»:



Վարպետը ոչ մի աշակերտ չունի ու մուշուրբայի գաղտնիքը միայն ավագ որդուն է հայտնելու, ով էլ այն փոխանցելու է իր ավագին:



Այս բաժակը երկար, շատ երկար է ծեծում վարպետը: Մեկ մուշուրբան պատրաստվում է մոտավորապես 10-ժամյա անընդմեջ աշխատանքի արդյունքում: Սովորական գլանակից վարպետը ստանում է գեղեցիկ կորերով բաժակ, հետո ներսում դնում է քլքլալու կիսակորը:  Պատրաստի վիճակում արդեն մշակում ու մաքրում է բաժակը, որ կարելի լինի օգտագործել:



Գյումրիում ամեն տարի անցկացվում է «Ոսկե մուշուրբա» փառատոնը: Սպասարկման ոլորտի լավագույնները պարգեւատրվում են վարպետ Էդոյի պատրաստած մուշուրբայով:



Նարե ՍԱՀԱԿՅԱՆ