Ճագարի օրագիրը

Ճագարի օրագիրը
Ամերիկյան մեծ վեպը յուրաքանչյուր սերնդի համար մնում է որպես մեծ պատրանք եւ մեծ պարտություն: Ուիլիամ Ֆոլքները բազմիցս հայտարարում էր իր սերնդի պարտության մասին, չնայած այն բանին, որ Շերվուդ Անդերսոնը, Էռնեստ Հեմինգուեյը, Ջոն Սթայնբեքը, Ջոն Դոս Պասոսը եւ հենց ինքը ստեղծում էին այնպիսի գործեր, որոնք հետագայում հսկայական ազդեցություն պիտի ունենային համաշխարհային գրականության զարգացման վրա: Ամերիկյան մեծ վեպը պիտի լիներ Ամերիկայի քաղաքացու փորձի ու երեւակայության սինթեզից ծնված ժամանակի սոցիալ-քաղաքական եւ մշակութային ծավալուն երեւումը: Ամերիկան պիտի վերահաստատվեր ու վերաիմաստավորվեր իր մեծ վեպում:



Խաչատուր Աբովյանից սկսած՝ հայ մեծ վեպի պատրանքին փորձում են մոտենալ գրականության ներկա ու գալիք սերնդի ներկայացուցիչներ: Եվ այդ վեպի գրեթե անհնարինության մասին Հրանտ Մաթեւոսյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է. «Ենթարկվի բանաստեղծության, լիրիկայի, էպոսի, հեքիաթի, պատմագրության, արձակի պահանջներին, որոնք՝ որպես ինքնին գոյություններ, ինքնին ներկայություններ, իրենց դիկտատն ունեն, եւ պետք է ականջ ունենաս՝ ընկնելու այնտեղ: Այդ պատճառով է, որ ես ժամանակին այդպիսի արտահայտություն արեցի, որ թերեւս մեր լեզուն արձակի լեզու չէ: Ես իրավունք ունեի այդ արտահայտությունը նետելու, որովհետեւ եթե ազգային լեզվիդ, հայերենիդ բարձրագույն նվաճումները, գագաթներն են «Վերք Հայաստանին», «Երկիր Նաիրին», Դերենիկ Դեմիրճյանը եւ այլն, եւ այլոք, որտեղ էպիկական պատումը չկա, ես ստիպված եմ մտածել, որ թերեւս մեր լեզուն պրոզայի լեզու չէ, որ թերեւս մեր մարդը չի կարող գետափին նստել եւ կրակի կպչելուն սպասելով՝ իր կողքի հարեւանին մի սիրուն պատմություն պատմել: Մերոնք աֆորիկ, պատկերալի, կարճ արտահայտություններով միմյանց կցկտուր արտահայտություններ են անում: Ինչպես թուրքը կնստի եւ իր հարեւանին երկար մի պատմություն, նաղլ կպատմի, արաբը մի նաղլ կպատմի, ռուսն իր կողքի ընկերոջը երկար պատմություն կպատմի, կարծես թե մեր լեզուն այդ հատկանիշը չունի»:



Հրանտ Մաթեւոսյանի «էպիկականությունն» այլ շեշտադրում ուներ: Մեծ վեպի համար, որպես ցուցիչ ու վերջնական քվինթէսենցիա, բնավ էական չէր ստեղծագործության ծավալը: Նրա «Խաղաղ պատումի» ցանկությունը եւ, ինչու չէ, նաեւ պահանջը, խիստ կարգապահությամբ ժամանակի ընթացքը կասեցնելու ու նրա բոլոր ձեւերը վկայելու պահանջն էր` գեղարվեստականության բարձրագույն տրամաբանությամբ:



Հայ մեծ վեպի ծնունդը դեռ երկար, շատ երկար կմնա որպես չստացվող սահմանում, քանի դեռ Հայաստանում կրթության պակասը, եղած կրթության որակի կտրուկ անկումը, տգիտության տարածականությունը տեւականորեն կուղեկցի, կկազմավորի մեր կեցությունը: Ժամանակի լեզուն ու միտքը կառուցողը նա կլինի, ով կստանա այդ ժամանակին բնորոշ լավագույն կրթությունը, ով այդ կրթությունն ամբողջացնելու համար ստիպված չի լինի շնչակտուր վազել այսուայն կողմ, քաղը կիսատ-պռատ անել` վիրավորելով արտի ներդաշնակությունը: Այլ կստեղծի նա, ով ողջ խիզախությունն ու քաղաքակրթական պաշարը կկենտրոնացնի իր կողմից թրծած մեծ ձեռքբերման նոր ֆորմային` ծանոթ լինելով, հաշվի նստելով, բայց մոռանալով այն, ինչ եղել է: