Բաց նամակ հանրապետության նախագահին

Բաց նամակ հանրապետության նախագահին
Այս նամակով Ձեզ դիմելուն ինձ դրդել է իմ վիրավորված արժանապատվությունը: Ազոյանները Սյունիքի մարզում հայտնի են որպես ազգին նվիրված, հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած անձինք, եւ ես հպարտ եմ դրանով: Հանգուցյալ ամուսինս՝ Վիլիկ Ազոյանը, եղել է Շաքի համայնքի նախկին խոզաբուծական համալիրի տնօրենը: Արցախյան պատերազմի տարիներին նա համալիրի տարածքը եւ բոլոր շինությունները ծառայեցրել է այդ սուրբ գործին: Շինությունները ծառայել են որպես կացարան ջոկատների տղաների համար, ինչպես նաեւ ռազմական բազա, որտեղ պահվել եւ փորձարկվել են տարատեսակ զենքեր: Տասնյակ հեկտար կազմող այդ տարածքի տարբեր հատվածներում պահվել են զենք եւ ռազմամթերք, որոնք կռվող տղաները մարտի մեկնելիս տարել են իրենց հետ: Ամուսինս այդ սուրբ գործին նվիրաբերել է ամեն ինչ, այդ թվում նաեւ իր նյութական միջոցները: Նրա մահից հետո՝ 2003 թվականի մարտի 21-ին, այդ համալիրը չի գործել, եւ ես այն գնել եմ որպես սեփականություն, որը ներկայումս ծառայում է որպես տուն՝ ապրելու համար: Որդիս՝ Մհեր Ազոյանը, իր ընտանիքով բնակվում է Սիսիան քաղաքի իր բնակարանում: Երբեմն նաեւ ընտանիքով գալիս է՝ որոշ ժամանակով ինձ մոտ ապրելու: Շինությունը գնելուց հետո, երբ ես ուսումնասիրում էի այն, ամուսնուս աշխատասենյակում հայտնաբերել եմ ինքնաձիգ եւ նռնակներ, որոնք որդիս, օրենքով սահմանված կարգով, հանձնել է իրավապահ մարմիններին:



2010 թվականի հոկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում իմ բնակարան բառիս բուն իմաստով ներխուժել են ինքնաձիգներով զինված անձինք, ինչպես նաեւ ոստիկանության աշխատակիցներ եւ հարցրել որդուս՝ Մհեր Ազոյանին, որն այդ ժամանակ երեխաներին տարել էր դպրոց: Այդ նույն ժամանակ ինձ մոտ էր գտնվում նաեւ Երեւանից մի քանի օրով հանգստանալու ժամանած աղջիկս: Տանը քնած ենք եղել, ուրիշ ոչ ոք չի եղել: Ձայներ լսելով` ես խալաթով դուրս եմ եկել միջանցք եւ, տեսնելով զինված անձանց, անմիջապես վատացել եմ եւ դրանից հետո երկար ժամանակ բուժվում էի:



Զինված անձինք արգելել են իմ եւ աղջկաս շարժը մեր տան մեջ, եւ կալանավորի պես նստել ենք, մինչեւ որդիս եկել է, քանի որ, բնակվելով Սիսիան քաղաքում, նա իմ տան տարածքում զբաղվում է անասնապահությամբ: Պարզվեց, որ զինված անձինք եւ նրանց հետ նաեւ ոստիկանները մեր տանը փնտրելու են զենք եւ ռազմամթերք: Պարոն նախագահ, ես արդեն ներկայացրի, որ այդ տարածքն իր շինություններով հանդերձ ծառայել է որպես ռազմական բազա մարտական ջոկատների համար, եւ հիմա էլ չեմ զարմանա, եթե դրա տարբեր հատվածներից, որոնք ամբողջությամբ չեն օգտագործվում, հայտնաբերվի զենք:



Եթե ոստիկանության աշխատակիցները տեղեկություն են ունեցել, որ մեր տանը կամ տարածքում կա զենք կամ ռազմամթերք, մի՞թե պարտադիր էր այդկերպ ներխուժել մի մարդու տուն, ով իր ամեն ինչը նվիրաբերել է հայրենիքին: Կարելի էր շատ հանգիստ դիմել ինձ, եւ ինքս կօժանդակեի նրանց այդ ամենը հայտնաբերելու եւ վերցնելու, քանի որ զենքը վտանգ է: Ինչ վերաբերում է որդուս, ապա նա իր անվամբ ունի երկու հատ օրինական կարգով ձեռք բերված եւ գրանցված որսորդական հրացաններ, որոնցից մեկը պահում էր Սիսիանի իր տանը, իսկ մյուսը՝ իմ տանը:



Պարոն նախագահ, ինձ զայրացրել է այն, որ կարծես թե ոստիկանները մտել էին թշնամու տուն: Մի՞թե մեր ընտանիքը դրան էր արժանի: Եվ դա կատարել են անձինք, ովքեր պարտավոր էին գոնե մի քիչ հարգանք ցուցաբերել իմ ընտանիքի հանդեպ: Արդյունքում պարզվեց, որ խուզարկությունը կատարվել է ապօրինի, որ այն կատարել է Սիսիանի ոստիկանության քննիչ Սամվել Գրիգորյանը, ով դրա իրավունքը չի ունեցել: Խուզարկությանը մասնակցել է նաեւ մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանը, ով բացի այն, որ ապօրինի է ներկա գտնվել խուզարկությանը, եւ դա ընդունել է նաեւ դատարանը, այլեւ չի կանխել քննիչ Սամվել Գրիգորյանի՝ ապօրինի խուզարկություն կատարելու փաստը:



Պարոն նախագահ, ես տարեց կին եմ եւ չգիտեմ, թե դեռ որքան կապրեմ, բայց ցանկանում եմ իմ արժանապատվությունը վերականգնել եւ ակնկալում եմ Ձեր աջակցությունը՝ օրինախախտ դատախազին եւ ոստիկանության քննիչին արժանի պատժի ենթարկելու համար:



Իզաբելլա ՌԱԹԵՎՈՍՅԱՆ