Գրադարանին, կույրերին ու սպորտսմեններին

Գրադարանին, կույրերին ու սպորտսմեններին
Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը դիմել էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ խնդրանքով, որ ընթերցողների սպասարկման, ինչպես նաեւ գրադարանային գործառույթների վարման էլեկտրոնային եղանակին անցնելու համար գրադարանին անհրաժեշտ են 25 համակարգիչներ: Հիմնադրամը բավարարել է այս խնդրանքը: Երեկ հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստը՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, որոշել է նաեւ հանրապետության երեք մասնագիտացված դպրոցներին ապահովել կույրերի համար նախատեսված դիդակտիկ նյութերով: Խորհուրդն անդրադարձել է նաեւ ամառային օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հայաստանցի մարզիկների պարգեւատրման խնդրին:



Կ. Կարապետյանն իր խոսքում ափսոսանք է հայտնել, որ ոսկե մեդալ մերոնք չշահեցին, եւ նշել է, որ յուրաքանչյուր ոսկե մեդալի համար նախատեսված էր 100 հազարական դոլարին համարժեք պարգեւ: Արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը «Տաշիր» հիմնադրամի կողմից կպարգեւատրվի 25 հազար, իսկ բրոնզե մեդալներ ստացած Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ 15 հազարական դոլարին համարժեք դրամով: