Հաջորդ ռաունդը՝ սեպտեմբերի 23-ին

Հաջորդ ռաունդը՝ սեպտեմբերի 23-ին
Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի 318 համայնքներում ՏԻՄ ընտրությունները շարունակում են թիվ մեկ թեման մնալ: Արագածոտնի 99 բնակավայրերում, Գեղարքունիքի 64, Կոտայքի 65, Վայոց ձորի 36 եւ Տավուշի մարզի 54 գյուղերում եւ քաղաքներում համայնքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 23-ին: Այս ռաունդում եւս անկուսակցական թեկնածուների առատություն է գրանցվել: Այս իմաստով առանձնանում է Վայոց ձորի Արենի գյուղը, որն ավանդաբար «Ջերմուկ գրուպի» եւ վերջինիս նախագահ Աշոտ Արսենյանի ազդեցության տակ է: Այստեղ 6 թեկնածուներ են պայքարելու, վեցն էլ՝ անկուսակցական: Նրանց թվում Արսենյանի ազգականներից մեկը կա՝ Համազասպ Արսենյանը, եւ նույնիսկ մեկ կին՝ Մարիամ Սենեքերիմյանը, որը Եղեգնաձորի զինդատախազության աշխատող է: Մարզկենտրոն Վայքում թեկնածուներն ավելի քիչ են՝ երեքը: ՀՀԿ-ն սատարում է Վայքի քաղաքապետ, հարկայինի նախկին աշխատող եւ երբեմնի փոխմարզպետ Հարություն Սարգսյանին, որը վերջերս մարզպետ դառնալու հավակնություն ուներ, բայց չնշանակվեց: Այժմ նա ուզում է կրկին քաղաքապետ դառնալ, թեեւ առանձնապես սիրված չէ իր հայրենի քաղաքում: Իր քաղաքապետության 4 տարիներին նա չհասցրեց անգամ լուսավորել Վայքի երկայնքով ձգվող մարզային նշանակության ավտոմայրուղին, որը մութն ընկնելուն պես ծայրահեղ վտանգավոր է դառնում քաղաքացիների համար, քանի որ ընկղմվում է լիակատար խավարի մեջ: Նրա մրցակիցն է լինելու նախկին քաղաքապետ, անկուսակցական Թարո Ավետյանը, որը մի անգամ պարտվել է կարկառուն հանրապետական Սարգսյանին եւ այս անգամ ռեւանշի ցանկություն ունի: Երրորդ թեկնածուն ԲՀԿ-ական Բաբա Բաբայանն է:



Լարված ընտրություն է սպասվում Աշտարակում: 15-16 թեկնածուները, որոնք հավակնորդ էին դիտվում, մաղվեցին, եւ մնացին 5-ը: Սակայն պայքարն ըստ էության ՀՀԿ-ի կողմից առաջադրված անկուսակցական, «Մետեքսիմ» ՍՊԸ փոխտնօրեն, նախկին փոխքաղաքապետ Արմեն Անտոնյանի եւ անկուսակցական մենատնտես, նախկին ՕԵԿ-ական Ռազմիկ Տերտերյանի միջեւ է լինելու: Մարզում բնակվող մեր լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Տերտերյանին ճանաչելի դարձնելու համար ԲՀԿ-ն ներքին հրահանգներ է իջեցրել ԱԺ պատգամավորներ Արագած Ախոյանին եւ  Բազմասեր Առաքելյանին, որ իրենց ձայներն «աշխատեցնեն» Տերտերյանի օգտին: Իսկ Լյովա Խաչատրյանին «ապարանցիներն» ասել են, որ դիստանցիա պահի այդ տարածքից:



Բանն այն է, որ Խաչատրյանը պոտենցիալ ձայներ ունի Աշտարակում եւ շատ ընկերական ջերմ հարաբերություններ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Եթե այս «հարգանքն ու պատիվը» Լյովա Խաչատրյանն օգտագործի որեւէ թեկնածուի օգտին, վերջինս առավելություն կստանա: Ինչ վերաբերում է ՀՀԿ թեկնածու Անտոնյանին, ապա նրա մասին պատմում են, որ թույլ թեկնածու է, քանի որ 4 տարի առաջ էլ էր առաջադրվել քաղաքապետ, սակայն ամենաքիչ ձայները հավաքեց՝ հայտնվելով 4-րդ տեղում: Նրա հույսը նախագահի շրջապատում ունեցած բարեկամական կապերն են: Մենք քանիցս գրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազին թույլ չտվեցին այստեղ թեկնածու ունենալ՝  ի դեմս «Աշտարակի ձոր» ռեստորանի տնօրեն Ձորի Կարիկին: Եվ նա շատ ծանր է տարել այդ արգելքը: Մանավանդ, որ Արթիկում եւս չի պաշտպանած թեկնածուն՝ գործող քաղաքապետ Վարագյանը պարտվեց:



Մրցակցություն չկա Ապարանում, որտեղ թեեւ երկու թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ-ական քաղաքապետ, հանրապետական Գոռ Աբրահամյանը եւ նրա աշխատող Աշոտ Դավթյանը, ինչը նշանակում է «զրո» մրցակցություն: Այստեղ ըստ էության որոշում է Աղվան Հովսեփյանը, եւ որեւէ մեկը չի միջամտում: Առանց այլընտրանքի են մնացել նաեւ Աբովյանի բնակիչները՝ միակ թեկնածու ԲՀԿ-ական Կարապետ Գուլոյանով, սա էլ որոշում է Գագիկ Ծառուկյանը: Անայլընտրանք ընտրություններ են լինելու նաեւ Եղեգնաձորում՝ ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանով, եւ Սեւանում: Այստեղ միակ թեկնածուն նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանն է, որի օգտին արդեն ողջ թափով աշխատում է վարչական մեքենան: 10 հավակնորդներից Սեւանում մնաց միայն նա: Մեր աղբյուրներով, մյուս բոլոր թեկնածուներին ստիպել են դուրս գալ մրցապայքարից: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ օրերս Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հանդիպման է հրավիրել մարզի պաշտոնյաներին եւ երեւելի բիզնեսմեններին՝ հրահանգելով ամեն ինչ անել Ուդոյի հաղթանակն ապահովելու համար: Ի դեպ, այս գաղտնի խորհրդակցության մասնակիցներին հրահանգվել է, որ տեղեկատվական արտահոսք թույլ չտան: