Գիտաշխատո՞ղ, թե՞ գիտնական. Ինչո՞ւ դերասնանին կամ արտիստին «բեմաշխատող» չեք կոչում

Գիտաշխատո՞ղ, թե՞ գիտնական.  Ինչո՞ւ  դերասնանին կամ արտիստին «բեմաշխատող» չեք կոչում
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, թե ինչպես կոչել գիտությամբ զբաղվող անձին գիտնական, թե՞ գիտաշխատող: Ոմանց կողմից հղումներ են կատարվում ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, ով խորհրդային տարիներին ՀԿԿ Կենտկոմում,  երբ իրեն կոչել են  գիտնական, իբր հուզմունքով պատասխանել է` «Օ ոչ, մենք գիտնականեր չենք, մենք գիտաշխատողներ ենք»: Սակայն ի տարբերություն իրեն վկայակոչողների, Վիկտոր Համբարձումյան գիտնականը գիտեր որտեղ եւ ինչ ասել:



Աշխատավորական հորջորջվող պետությունում գիտնականը չպետք է առանձնանար բանվորագյուղացիական դասից եւ, այդպիսով, հորինվեց «գիտաշխատող» անիմաստ հապավումը: Ոչ մեկի մտքով չի անցնի դերասանին կամ արտիստին կոչել «բեմաշխատող», քանի որ բեմի աշխատողներ համարվում են լուսարարը, հուշարարը, հավաքարարը, տեխնիկը եւ այլոք: Փորձենք բացել գիտաշխատող հապավումը եւ ինչ կստացվի գիտական աշխատող կամ գիտության աշխատող, երկուսն էլ ոչ հայեցի եւ անիմաստ: Միգուցե «գիտության ոլորտի աշխատո՞ղ»,  բայց դա ավելի շուտ վերաբերվում է Գիտության կոմիտեի եւ Ազգային ակադեմիայի աշխատակազմին, ինչպես նաեւ ինստիտուտների սպասարկող անձնակազմին:



Առաջին հայացքից թվում է, թե ինչ տարբերություն, թե ինչպես կոչել գիտնականին` դրանից ի՞նչ է փոխվելու: Շատ բան: Բանը հասել է նրան, որ ի տարբերություն ամբողջ աշխարհի, Հայաստանի Հանրապերության աշխատանքային օրենսգրքի համաձայն, գիտական աշխատանքը կապված չէ մտավոր եւ հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ, եւ ի՞նչ, գիտնականները մտավորական չե՞ն:  Հարցրեք ցանկացած մարդու, ովքեր են մտավորականները, բոլորը առանց բացառության առաջին հերթին կնշեն գիտնականներին, հետո նոր մյուսներին: Այս աղաղակող թյուրիմացության պատճառով գիտնականները զրկվեցին իրենց հավելյալ արձակուրդներից եւ ներառնված չեն կառավարության սոցիալական փաթեթում:



Շուտափույթ կերպով պահանջվում է վերանայել գիտնականի իրավունքները ոտնահարող  օրենքները:



 Կենսաբանական գիտությունների դոկտոր` Հրաչյա Հովհաննիսյան