Ովքեր կառաջադրվեն Մատենադարանի տնօրենի պաշտոնում

Ովքեր կառաջադրվեն Մատենադարանի տնօրենի պաշտոնում
Օրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ՝ «Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվելու են սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը, իսկ մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 5-ին:



Համաձայն «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի՝ մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքի փորձ, պատմական, փիլիսոփայական, բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան եւ տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն: Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաեւ Մատենադարանի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ:



Ճիշտ է՝ դեռ պաշտոնապես հայտերի ընդունման մեկնարկը չի սկսվել, բայց արդեն Մատենադարանի ներկայիս տնօրեն Հրաչ Թամրազյանը մրցույթին մասնակցելու եւ իր թեկնածությունն առաջադրելու ցանկություն է հայտնել մամուլում: Վերջինս Մատենադարանի տնօրենի պաշտոնում է 2007-ից: Չնայած դեռ վաղ է խոսել հավակնորդների մասին, որովհետեւ բացի ներկայիս տնօրենից դեռ ոչ ոք ցանկություն չի հայտնել, բայցեւայնպես կապվեցինք Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի հետ՝ պարզելու նրա մտադրություններն առաջադրվելու շուրջ:



 



Հիշեցնենք, որ Բանուչյանին ազատեցին աշխատանքից այն բանից հետո, երբ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ նա սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բանուչյանից hետաքրքրվեցինք, թե ցանկություն չունի՞ մասնակցելու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին: «Չէ, ի՞նչ եք ասում, ես ինչքան գիտեմ՝ դոկտորները կարող են մասնակցել միայն, չեմ նայել եւ ցանկություն էլ չկա մասնակցելու, ես հիմա գիտությամբ եմ զբաղվում եւ տանը նստած՝ գրասեղանի մոտ աշխատում եմ»: Իսկ գուցե պատճառն այլ է: «Պատճառը դա չէ, ես Մատենադարանում 13 տարեկանից եմ աշխատում, եւ նման բան չկա, այսինքն՝ Մատենադարանն ինձ համար սրբություններից մեկն է, եւ այն, ինչ արել եմ, Մատենադարանի համար եմ արել… ոչ էլ նեղացած եմ, ես երկար տարիներ վարչական գործով եմ զբաղվել Մատենադարանում, իսկ այսօր կենտրոնացած եմ իմ գիտական աշխատանքի վրա, եւ գիտեք երեւի, որ քաղաքական ակտիվություն եմ ցուցաբերում»:



Գնահատելով Մատենադարանի վերջին տարիների աշխատանքը՝ Բանուչյանը նշեց, որ բավականին լավ հնարավորություններ են ստեղծվել հայագիտության, աղբյուրագիտության եւ առհասարակ Մատենադարանի զարգացման համար. «Հին մասնաշենքը վերանորոգվեց, ցուցադրության համար ավելի լայն հնարավորություններ կան, այդ թվում հասարակության հետ ավելի սերտ կապ ունենալու, մեր ժողովրդին կրթելու եւ այդ ժառանգության իսկական կրողը դառնալու համար եւ ոչ թե սիմվոլիկ, սնապարծության առարկա դարձնելու: Մնում է, որ գիտական անձնակազմը, տնօրինությունը կարողանան ճիշտ գիտական կյանք կազմակերպել եւ արդյունքները արագ մեջտեղ բերել»:



Ինչ վերաբերում է Թամրազյանի առաջադրվելու ցանկությանը, ապա` «ես տեղյակ չէի, բայց ենթադրում էի, որ պետք է ներկայացնի, ավելի շուտ` համոզված եմ»: