Ճագարի օրագրից. Զգացողություններ լրագրության մասին

Ճագարի օրագրից. Զգացողություններ լրագրության մասին
Նրան շատ են շփոթում իր հայրենակից, նույնքան նշանավոր գրող, ամերիկյան արձակի հիմնադիրներից մեկի՝ Թոմաս Վուլֆի հետ: Նույնիսկ համացանցում, նախքան կենսագրությանը հանդիպելը, կարող եք տեսնել գրություն, որտեղ զգուշացվում է՝ չշփոթել Թոմին Թոմասի հետ:



Թոմ Վուլֆը «նոր լրագրության» հիմնադիրն է: Ընդհանրապես ամերիկյան լրագրությունը, թափանցելով գրականություն եւ անցնելով նրա միջով, 20-րդ դարի երկրորդ կեսին ապրեց իր լավագույն ժամանակները՝ առատորեն տալով վառ անհատականություններ:



Սկզբում Թոմ Վուլֆն ութ տարի փորձում է գրել Նապոլեոն Բոնապարտի կենսագրությունը, այնուհետեւ, Վաշինգտոնի եւ Լիի համալսարանում սովորելիս, հիմնադրում է թերթ: Բայց նրա իսկական լրագրողական կարիերայի սկիզբը համարվում է «Springfield Union»-ը, որտեղ տպագրվում են առաջին հոդվածները: Թերթում աշխատելու համար նա խմբագրին գրում է մոտ հարյուր նամակ: «The Washington Post»-ում կուբայական հեղափոխությունը գերազանց լուսաբանելը նրան պարգեւում է առաջին մրցանակը: Վուլֆի ռեպորտաժներում, հոդվածներում կային հումորային  երանգներ եւ արձակին բնորոշ դանդաղահոս, սահուն նրբանցումներով պարբերություններ, որոնք նախանշում էին ծավալուն եւ նշանավոր գործերի սկիզբ:



Իր «Նոր լրագրության անթոլոգիա» գրքում, որտեղ հավաքված են այդ ժանրում ստեղծագործող լավագույն դեմքերը (Նորման Մեյլեր, Թրումեն Կապոտե, Հանթըր Թոմփսըն եւ ուրիշներ), Վուլֆը գրում է. «Ինձ ոչ միայն հետաքրքրում էին հնարավորությունները, որոնցով գրվում էին վեպեր եւ պատմվածքներ: Դա մի ուրիշ բան էր: Հենց այդ փաստի բացահայտումն էր, որ լրագրության մեջ հնարավորություն կա օգտագործելու գրական յուրաքանչյուր հնարք՝ դասական էսսեիստիկային բնորոշ երկխոսությունից սկսած, մինչեւ գիտակցության հոսք… եւ  հիացնել ընթերցողին ինչպես էմոցիոնալ, այնպես էլ ինտելեկտուալ առումներով»: Ժամանակակից արվեստի նկատմամբ նրա սերն արտացոլվում է «Ներկված բառը» գրքում, որտեղ Վուլֆն անդրադառնում է Ջեքսըն Պոլոկին, Էնդի Ուորհոլին եւ ամերիկյան ավանգարդի պատմությանը:



Ամերիկյան կյանքի սոցիալական պատկերն ամփոփելով ու սինթեզելով, Վուլֆը գրում էր իր նշանավոր ստեղծագործությունները՝ անդրադառնալով բազմաբնույթ թեմաների: 1980-ականներից սկսած՝ Վուլֆը թողնում է «նոր լրագրությունը», առայսօր գրելով միայն վեպեր: Սպիտակ պիջակներ կրելու համար նրան անվանում են «Ջենթլմենը՝ հարավից»: