Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպը

Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպը
Երեկ Հայաստանի գրողների միության փոքր դահլիճում տեղի ունեցավ Անահիտ Թոփչյանի «Տագնապ» վեպի քննարկումը: «Տագնապ»-ը կարելի է բնորոշել որպես էրոտիկ վեպ, մի ժանր, որը հեղինակից պահանջում է եւ կյանքի իմացություն, եւ հոգեբանի հայացք, եւ քաղաքացիական համարձակություն: Հեղինակն իր հերոսներին ներկայացնում է հոգեբանական ներքին խորասուզումների միջոցով, չի վարանում նկարագրել նրանց մտերմիկ կյանքի բաց, սակայն ոչ գռեհիկ մանրամասները՝ կերտելով կերպարներ եւ ստեղծելով իրավիճակներ, որոնք նոր ու թերեւս անսովոր են իրենց մոտեցումներով մեր արձակում:



Անահիտ Թոփչյանին հաջողվեց նոր կնոջ կերպար կերտել մեր գրականության մեջ, որը նոր որակ է եւ բոլորովին տարբերվում է, կարելի է ասել՝ հակասում մեր ավանդական, արդեն դասական դարձած կանացի կերպարին: Կին, որ ժամանակի հայացքով է քննում կյանքը, հայտնվում այսպիսի իրավիճակներում, որտեղ բացահայտվում է կանացի նուրբ աշխարհը, դեռեւս թաքուն շերտերը՝ ներքին ազդակների եւ արտաքին աշխարհի հետ շփման միջոցով: Նախորդ՝ «Անհետացում» վեպում հերոսուհին ոչ միայն հայկական իրականության մեջ է ապրում, այլեւ ճակատագրի բերումով հայտնվում է Եվրոպայում, եւ այդ միջավայրում է դրսեւորվում հերոսուհին: «Ինչ վերաբերում է այս երկու վեպին, «Տագնապ»-ն «Անհետացում»-ից առաջ էի գրել, բայց մարտի 1-ի եւ 2-ի դեպքերը ստիպեցին առաջինը «Անհետացում»-ը տպագրել: Իսկ հետո «Տագնապ»-ը չէի էլ ուզում տպագրել՝ մտածելով, որ նախորդի համեմատ թույլ է, բայց տպագրելուց հետո պարզվեց, որ ընթերցողն ավելի սիրեց այս վեպը»,- նկատում է Անահիտ Թոփչյանը:



Գրականագետ Սուրեն Դանիելյանը քննարկման ժամանակ ընդգծեց, որ «Տագնապ» վեպն ընթերցելիս «կինը կարողանում է ինքն իրեն տեսնել, եւ նույն հաջողությամբ տղամարդն է կարողանում ինքն իրեն տեսնել»: Իսկ բանաստեղծ Արտեմ Հարությունյանը նշեց, որ վեպը մոտենում, շոշափում է բնականը, կյանքը ներկայացնում իր իրական պատումով, որ ճեղքել է մի շարք տաբուներ եւ շորի տակ թաքնված զգաղմունքը ներկայացրել բաց եւ ազատ: Անահիտ Թոփչյանը կարողացել է գրքից գիրք ստեղծել իր ընթերցողների շրջանակը, եւ նրանք սպասում են իրենց հեղինակի նոր վեպին, որը հավանաբար վերնագրված կլինի՝ «Ամենուր եւ ոչ մի տեղ»:



 Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ