Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում հոկտեմբերի 11-ին կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում հոկտեմբերի 11-ին  կբացվի «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից»  ցուցահանդեսը
«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում: «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվել է Երեւանի պատմության թանգարանի հետ եւ ազդարարելու 2012 թ. Էրեբունի-Երեւան տոնակատարությունների սկիզբը:







Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երեւանյան համայնապատկերներով: Միեւնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երեւանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր քաղաքի առաջընթացը եւ ապագայից հայացք ուղղորդում պատմական Երեւանին:



«Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ «համաշխարհային արվեստի լավագույնը ներկայացնել Հայաստանում եւ Հայաստանի լավագույնը ներկայացնել աշխարհին», նման համատեղ ցուցադրությունների կազմակերպմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նպատակ է հետապնդում միջազգային չափանիշներին համապատասխան իր ցուցասրահներում ապահովելու համագործակից թանգարանների ներկայությունը: Վստահ եմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նորովի ներկայացված Երեւանի պատմության թանգարանն էլ ավելի հասանելի կդառնա արվեստասեր հասարակության համար, ինչպես այս ցուցադրության ընթացքում, այնպես էլ ծրագրի ավարտից հետո»,- նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:



«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցահանդեսին ներկայացված են այնպիսի ստեղծագործություններ, որոնք այսօր ներկայացնում են ոչ միայն գեղարվեստական, այլեւ պատմական արժեք, որովհետեւ  այնտեղ պատկերված քաղաքն այլեւս պատմություն է: Շնորհիվ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Հ. Կոջոյանի, Ս. Առաքելյանի ու այլ հանրահայտ գեղանկարիչների, մեր սերունդը ճշգրիտ պատկերացում է ստանում այն Երեւանի մասին, որի ժամանակակիցը չի եղել»,- նշեց Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:



«Սասունցի Դավիթ» պարտեզի սրահի մուտքը անվճար կլինի հանրության համար հոկտեմբերի 12-14-ը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ դեկտեմբերի 16-ը: