« Թատերական Լոռի»-ն ամփոփեց արդյունքները

« Թատերական Լոռի»-ն ամփոփեց արդյունքները
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի շենքում ավարտվեց Թատերական Լոռի 21-րդ միջազգային փառատոնը, որն այս տարի նվիրված էր անվանի դերսանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի հիշատակին: Աբելյանի բեմում երեք տարբեր թատրոնների`  Սունդուկյանի, Ստեփանակերտի Փափազյանի անվան և Վանաձորի Աբելյանի անվան թատրոնների դերասանական ուժերով խաղացվեց Մուրացանի «Ռուզանը»: « Թատերական Լոռին»  հիմնադրվել է  1979 թվականին: Փառատոնը  նպատակ ունի Լոռու մարզի բնակչությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, թատրոնի միջոցով ամրապնդել Հայաստանի տարբեր տարածաշրջանների և աշխարհի տարբեր երկրների միջև միջմշակութային կապերը, նպաստել տարբեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության ծավալմանը: Այս փառատոնում սահմանված չեն ժանրային և թեմատիկ սահմանափակումներ:



Այս տարի փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը, Ալավերդուց բացի 22 թատերական կոլեկտիվներ 28 ներկայացումներ են խաղացել Սպիտակ և Վանաձոր քաղաքներում: Մասնակցում էին թատերական կոլեկտիվներ Վրաստանից, Արցախից ու Բելոռուսի Հանրապետությունից: Բազմազան էր նաև փառատոնային խաղացանկը` օպերա, դրամա ու կատակերգություններ, մանկական, տիկնիկային ներկայացումներ և մենադրամա: Փառատոնային բոլոր 28 ներկայացումներն էլ անցել են լեփ- լեցուն դահլիճներում, ինչը վկայում է թատրոնի նկատմամբ լոռեցիների ունեցած սիրո մասին: Փառատոնին զուգահեռ անցկացվեցին նաև տարաբնույթ միջոցառումներ` Հանդիպումներ ժող արտիստ Երվանդ Ղազանչյանի , արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի , դրամատուրգներ Կարինե Խոդիկյանի, Նելլի Շահնազարյանի հետ:  Նշվեց նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական թատրոնի 80-ամյակը:



Հոկտեմբերի 7-ին Ալավերդու մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ փառատոնի մրցութային ծրագրի ամփոփումը: Լավագույն ներկայացում ճանաչվեց համազգային թատրոնի «Սեյլ» և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Բեռնարդան և նրա աղջիկները» ներկայացումները, տղամարդու դերի լավագույն կատարման համար գլխավոր մրցանակը շնորհվեց  Ատանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանին, կնոջ դերի լավագույն կատարման համար գլխավոր մրցանակը շնորհվեց Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, վաստակավոր արտիստուհի Կարինե Ջանջուղազյանին: