Ոչ թե քանդակներ, այլ քաղաքային ինստալիացիաներ

Ոչ թե քանդակներ, այլ քաղաքային ինստալիացիաներ
Պարզվում է՝ քաղաքի նստարաններին մեր մեծերի կավե արձանները տեղադրելու նախաձեռնությունը ժամանակավոր բնույթ է կրում. այդ մասին իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում է արել քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը. «Ուզում եմ միայն նշել` ի գիտություն իսկապես մտահոգված մեր քաղաքացիների, որ «Մեր հանճարները մեր կողքին են» նախաձեռնության շրջանակում տեղադրված կավե քանդակները, այսպես կոչված, քաղաքային ինստալիացիաներ են, որոնք առաջին անգամ Երեւանում չէ, որ օգտագործվում են: Ամբողջ աշխարհում գոյություն ունեն այսպիսի քանդակներ, որոնք պատրաստվում են ամենատարբեր նյութերից`  թղթից, մոմից, գիպսից, կավից եւ այլն եւ նպատակ ունեն որոշակի կոլորիտ հաղորդել քաղաքին, երբեմն նաեւ կրթել ու դաստիարակել, որոշակի միտք պրոպագանդել: Դրանք հիմնականում ժամանակավոր են եւ կազմում են քաղաքի արտաքին ձեւավորման տարր: Ամբողջ աշխարհում դրանց չեն վերաբերվում որպես լուրջ, մշտական տեղադրված մոնումենտալ քանդակի... Դրանք կոչված են որոշակի տրամադրություն ստեղծելու ու յուրօրինակ տոն պարգեւելու բոլոր նրանց, ովքեր, անցնելով այս քանդակների կողքով, թեկուզ մեկ վայրկյան կժպտան ու դրական լիցքերով կշարունակեն իրենց ճանապարհը կամ կկանգնեն ու կնկարվեն...»: Ափսոս, որ ծովափնյա երկիր չենք, թե չէ ավազե արձաններն ավելի մեծ տարածում կգտնեին մեր քաղաքում, իսկ 12 արձանի փոխարեն հնարավոր կլիներ քանդակել 112-ը. կարեւորը՝  արագ, ժամանակավոր, ոչ ծախսատար եւ գեղագիտությունից դուրս: