Զգացողություններ լրագրության մասին

Զգացողություններ լրագրության մասին
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի պահոցում «Մշակի» խմբագրության կողմից հրատարակված մի գիրք կա. «Թիֆլիս, 1903, մայիսի 7», «Գրիգոր Արծրունու աշխատությունները», հատոր առաջին: Էջերը քրքրված են, տիտղոսաթերթին՝ ձվաձեւ կնիք, որի մեջ գրված է. «Ա. Մյասնիկյանի անվ. գրադարան»: Գրքի վերջում ընթերցողի կողմից բաց երկնքի գույն ունեցող թանաքով սղված է. «Կարդացի եւ վերջացրի խորը տպավորություններ…, 28.2.40թ.»:



 



Հիմա դժվար է ասել, թե ինչքանով են հրապարակախոսությունը, ընդհանրապես լրագրությունը, լրագրության լեզուն ազդեցություն կրում Գրիգոր Արծրունու հոդվածներից, նրա կյանքից ու աշխատանքից, որ նշանավորեց հայ մամուլի պատմությունը: Աղա Երեմիայի որդին բնավորությամբ հորը չէր զիջում: Լեոն գրում է, որ գեներալ Երեմիան շփվում էր միայն Թբիլիսի քաղաքի բարձրաստիճան զինվորական դեմքերի ու հարուստ ընտանիքների հետ եւ մեծ կապեր ուներ: Որդու ապագան, թվում էր, կանխորոշված է: Բայց Արծրունին, որ լավ ուսում էր ստացել Ռուսաստանում եւ Եվրոպայում, մերժում է հոր ցանկությունը` գնալով հայ լրագիր ստեղծելու իր երազանքի հետեւից: Մեծ ջանքերով ու խանդավառությամբ՝ 1872 թվականի հունվարի 1-ին լույս է տեսնում «Մշակի» առաջին համարը՝ Արծրունու «Երեկ, այսօր ու էգուց» խմբագրականով, որտեղ նա գրում է. «Կար ժամանակ, երբ մենք՝ հայերս, բավականացնում էինք մեր ազգային փառասիրության զգացմունքը, հիշելով մեր փառավոր անցյալը, մեր առասպելական ավանդույթները… Նա պարծենում է իր ազգի պատմությամբ, բայց աշխատում էր իր երեխաների հետ մայրենի լեզվով չխոսել… Ժողովուրդը տգետ եւ մոլեռանդ էր: Նա հայերեն չգիտեր, բայց եկեղեցի հաճախելով՝ ջերմեռանդ աղոթում էր…



 



Երեկվա օրը անցավ:



 



Այսօր ամեն տեղ սկսում են փոքր ի շատե հայերեն սովորել…



 



Էգուցվա օրը պահանջում է փոքր սերունդի տարրական ուսում, ժողովրդի համար՝ ժողովրդական գիտություն, ուսում առածների համար՝ ճիշտ գիտության ծանոթություն, հասարակության համար՝ ճիշտ  տպավորությունների վրա հիմնված մտախոհության եղանակ - ամենի համար աշխատանք:



 



Էգուցվա օրը պահանջում է բարձր ուսում ստացածներից ոչ թե միայն ժողովրդի ամեն դասերի կենսական երեւույթների խորը քննադատություն, այլեւ իրենց սեփական անձի խղճմտաբար անխոնջ անձնաքննությունը…



 



Երեկ մենք կտակարանական ազգ էինք.



 



Այսօր մենք ազգասեր ենք.



 



Էգուց մենք պետք է աշխատողներ դառնանք»:



 



Արծրունու հոդվածները լայնաթեւ էին: Սեւեռուն հայացք, խիստ դատողություններ լեզվի, կրթության, եկեղեցու, գրականության, հայ թատրոնի, կանանց դրության, գյուղական կյանքի վերաբերյալ, որն իր հերթին ի հայտ էր բերում ժամանակակիցների զայրույթն ու նպաստում հակադարձ հրապարակումներին: Օրինակ, «Մենք պոեզիա չունենք» հոդվածում նա այսպիսի միտք ունի. «Մենք՝ հայերս, առհասարակ չունենք բանաստեղծություն եւ չունեինք մեր հին, հարուստ գրականության մեջ»:



 



Արծրունին համարձակ ու ճկուն խմբագիր էր, աշխատանքի կազմակերպման հմուտ գործիչ: Իր ողջ եռանդը, անձնական կապերը, գումարները չէր խնայում, որպեսզի «Մշակի» կյանքը երկարեր: Նրա մի քանի հոդվածները, դրանց մեջ արծարծվող թեմաներն ու խնդիրներն առայսօր պահպանում են իրենց թարմությունը, թվում է՝ Արծրունին մեր դարում ստեղծագործող հայ լրագրող է. նույն խնդիրներն են, նույն հարցադրումները, նույն մտահոգությունները, նույն հասարակությունը: Եվ նա ասում է. «Գրողը, լրագրապետը իր գրական ասպարեզում գործելու համար, իր գործունեությունն աջող կերպով առաջ տանելու համար պետք է ապրի հասարակության մեջ, պետք է տպավորվի հասարակական կարծիքի ոգով, պետք է միշտ արձագանք դառնա հասարակության ամենօրյա տրամադրության…»: