Լույս տեսավ Հենրի Միլերի սկանդալային վեպը

Լույս տեսավ Հենրի Միլերի սկանդալային վեպը
Եվ ոչ ոք էդ հարյուրավոր տարիներին էնքան հանդգնություն չի ունեցել, որ մի ռումբ խցկի արարչագործության քամակն ու պատրույգը վառի: Փտում է աշխարհը, մաս-մաս մեռնում: Բայց նրան coup de grace է պետք, պայթյուն, որն ամեն ինչ փշուր-փշուր կանի: Ոչ ոք մեզնից ամբողջական չէ, այնինչ բոլորիս մեջ էլ մայրցամաքներ կան, ծովեր` մայրցամաքների միջեւ, ու երկնքի թռչուններ:



 



Մենք գրի կառնենք էս մեռած, բայց անթաղ աշխարհի զարգացման ընթացքը: Լողում ենք ժամանակի մակերեւույթին, մինչդեռ ամեն ինչ խորտակվել է, խորտակվում է ու կխորտակվի: Մեր գիրքը վիթխարի կլինի: Ծով տարածք կունենա տեղից տեղ շարժվելու, հետ ու առաջ անելու, երգելու, պարելու, մագլցելու, լողալու, գլուխկոնծի տալու, նվնվալու, լլկելու, սպանելու համար: Մայր տաճար կլինի, իսկական մայր տաճար, որի կառուցմանը կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր կորցրել են իրենց ինքնությունը:



 



ՀԵՆՐԻ ՄԻԼԵՐ. «ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԵՎԱԴԱՐՁԸ»



 



«Անտարես» հրատարակչության կողմից լույս տեսավ 20-րդ դարի ամենասկանդալային վեպերից մեկը` Հենրի Միլերի «Խեցգետնի արեւադարձը», թարգամանությունն անգլերենից՝ Զավեն Բոյաջյանի: Վեպին շատերն էին սպասում: Դեռ անցյալ տարվանից էր հայտնի, որ Զավեն Բոյաջյանն ավարտել է այս հռչակավոր ստեղծագործության թարգմանությունը` հայ ընթերցողին բացառիկ հնարավորություն ընձեռելով մայրենի լեզվով վայելելու սկանդալային վեպը: Միլերն արդեն 70 տարեկան էր, երբ վեպը, անցնելով ամերիկյան դատական ատյաններ, լույս տեսավ հայրենիքում: «Խեցգետնի արեւադարձը» մի շարք մեծանուն գրողների կողմից ընդունվեց որպես հսկայական իրադարձություն: Նրանցից մի քանիսի՝ Սամյուել Բեքեթի, Լորենս Դարելի, Նորման Մեյլերի կարծիքները տեղ են գտել գրքի վերջում:



 



Ջորջ Օրվելը «Կետի երախում» իր էսսեն նվիրեց Միլլերի խիզախ մտահղացմանը: Սակայն հարձակումներն ու լուտանքներն իհարկե գերազանցում էին դրվատանքին: «Խեցգետնի արեւադարձը» շատ անգամ է համարվել բացահայտ պոռնոգրաֆիա, պիղծ ստեղծագործություն, որ ծնվել է սնելու եւ ապականելու սերունդների երեւակայությունը: Ինչեւէ, վեպի հայերեն տարբերակն այլեւս փաստ է, իսկ հայ հասարակության կողմից սպասումներն ու արձագանքները՝ չափազանց հետաքրքիր: «Անտարես» հրատարակչության գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, «Անտարեսը» մասնավոր հրատարակչություն է՝ անկախ պետական որեւէ կառույցներից, որ ենթակա չէ ճնշումների կամ գրաքննման խայտառակ միտումների: «Վաղվանից գիրքն առաջարկվելու է եւ ընդունման դեպքում վաճառվելու է Երեւանի բոլոր գրախանութներում: Եթե ստեղծագործության վրա հարձակումներ լինեն, իհարկե, պաշտպանվելու ենք եւ հարկ եղած դեպքում պատրաստ ենք հասնելու մինչեւ եվրոպական ատյաններ: Ես կարծում եմ՝ այս գիրքը կլինի մեր հասարակության կեղծ բարեպաշտական վիճակների վերջի սկիզբը: Մենք ուզում ենք իրերն ու երեւույթները կոչվեն իրենց անուններով, եւ այս գեղեցիկ վեպը, որը բազմաթիվ երկրներում անցած դարասկզբի պոռնոգրաֆիա էր համարվում, կտա բոլոր հարցերի պատասխանները: Գիրք, որ բոհեմական կյանքով ապրող մարդու որոնումների ազնիվ ու ճշմարիտ երգն է: Եթե հանկարծ գիրքն ընդդիմության արժանացավ, այս առումով եւս նրա համբավն ու հետաքրքրությունը նրա նկատմամբ կկրկնապատկվի»:



 



Այսպիսով, հայ գրականությունն ու թարգմանական գործը Զավեն Բոյաջյանի  երկարատեւ ու մեծ աշխատանքի շնորհիվ, «Անտարես» հրատարակչության հետ համագործակցության արդյունքում, ունեցան եւս մեկ կարեւորագույն ձեռքբերում, որի համար պիտի շնորհավորել միմյանց: