Սուտ քարոզչություն

Սուտ քարոզչություն
Ժամանակին քարոզչության ֆունկցիան իրականացնում էին «Հայլուրն» ու մի քանի արբանյակ լրատվամիջոցներ: Մարդիկ միացնում էին հեռուստացույցը, բացում թերթերն ու հայտնաբերում, որ ապրում են խաղաղ, բարեկեցիկ ու ապահով երկրում, որն օր օրի ծաղկում է: Անգամ տարբեր անեկդոտներ կային այս թեմաներով՝ «մամա, ուզում եմ «Հայլուրի» Հայաստանում ապրել» բնույթի:



 



Ինչ-որ պահից պարզ դարձավ, որ «Հայլուրի» եւ արբանյակների հեղինակությունն այնքան է ընկել, որ նրանց քարոզչությունն այլեւս ազդեցիկ չէ: Մարդիկ չեն հավատում, որ լավ ու անընդհատ լավացող երկրում են ապրում: Ոչ միայն ազդեցիկ չէ, այլեւ, կարծում եմ՝ դիտողների քանակն էլ է բազմիցս կրճատվել, քանի որ անգամ իմ լրագրողական շրջապատն այլեւս չի նայում այդ լրատվականների թողարկումները՝ թեկուզ մասնագիտական հետաքրքրությունից դրդված: Այդ պահից իշխանության իդեոլոգները սկսեցին մտածել՝ ինչով փոխարինել «հայլուրներին», ինչ անել, որ քարոզչական գործն առաջ գնա, եւ հասարակության աչքերին թոզ փչելու գործընթացը չկանգնի: Եվ գտան ձեւը. այժմ քարոզչական ֆունկցիան իրենց վրա են վերցրել ոչ միայն էլեկտրոնային բազմազան լրատվամիջոցները, այլեւ հենց ինքը՝ պետական մեքենան:



 



Ավելի կոնկրետ՝ մարդկանց ներշնչելու գործն իրականացնում են պետական պաշտոնյաները՝ երկրի վարչապետի ու նախագահի գլխավորությամբ: Ուրիշ ի՞նչ նպատակի կարող է ծառայել վարչապետի կամ նախագահի հրավիրած խորհրդակցությունների հեռարձակումը, եթե ոչ պրիմիտիվ քարոզչության: Բայց երբ ՀՀ վարչապետն էկրանից սկսում է համոզել, որ Համաշխարհային բանկի «Doing Business-2013» զեկույցն ամենակարեւոր փաստաթուղթն է, որով արձանագրվել է մեր տնտեսության աննախադեպ առաջընթացը, մեզ, չգիտես ինչու, հրճվանք չի պատում: Թերեւս հավատի պաշարն է սպառվել: