Նո՞ր իմացավ

Նո՞ր իմացավ
Երբ իշխանությունը չի աշխատում, հայհոյում ենք իշխանավորներին, թե՝ պարապ-սարապ ման են գալիս, միայն թալանով են զբաղված, սեփական գրպանների մասին են հոգ տանում: Բայց երբ իշխանությունն աշխատելու փորձեր է անում, դա էլ չի բավարարում մեզ: Մարդիկ ասում են՝ թոզ են փչում մեր աչքին, թատրոն են խաղում:



 



Նախագահի նստավայրում տեղի ունեցած իրավապահների խորհրդակցությունը, որը հեռարձակվեց հեռուստատեսությամբ եւ ցույց տվեց, թե ինչպես է ՀՀ նախագահը վրդովված իրավապահ համակարգի աշխատանքից, ինչպես է քննադատում թերությունները, հանձնարարում շտկել սխալները, ավելի շատ զայրացրել է մարդկանց, քան ոգեւորել: Այս օրերին մենք բազում արձագանքներ ենք լսում այդ մասին: Ինչո՞ւմն է բանը: Ինչի՞ց են դժգոհ մարդիկ: Մի մասն ասում է՝ նո՞ր իմացավ, որ վիճակը վատ է: Մենք տարիներ շարունակ հեծում ենք դատախազություն-ոստիկանություն լծի տակ, աղաղակում ենք այդ մասին, տարբեր ատյանների դռներ ենք մաշում, կիլոներով նամակներ ենք հղում հենց իրեն՝ նախագահին ու մյուս բարձրաստիճաններին, ձայն բարբառո հանապատի: Հիմա ի՞նչ պատահեց, որ երկրի նախագահը խոսեց այդ մասին:



 



Ավելի հեռուն գնացող հետեւություններ էլ են անում՝ ո՜վ գիտի ինչով են Սերժ Սարգսյանի «ոտը տրորել»: Գուցե գլխավոր դատախազից ազատվելու հո՞ղ է պատրաստում: Կամ՝ իր պատվերը չեն կատարել, զայրացել է: Ամեն ինչում քաղաքական ենթատեքստ փնտրողներն էլ ասում են՝ ընտրություններ են մոտենում, ժողովրդից քվե են ուզում ստանալ, այս պոպուլիզմը դրանով է բացատրվում: Ամեն դեպքում, հետեւություններից ոչ մեկը չի բխում երկրում իրավական համակարգ ձեւավորելու, մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու, երկրի ղեկավարի պարտականությունները լիարժեք կատարելու մտահոգություններից: