Ձմեռ պապ չենք ընտրում, նախագա՛հ ենք ընտրում

Ձմեռ պապ չենք ընտրում, նախագա՛հ ենք ընտրում
Նախագահական ընտրություններին նախորդող Ամանորը, տոնական թոհուբոհը, խառը առեւտուրը, նվերները եկող ընտրությունների գլխավոր մասն են կազմում: Եթե դեռ կա մեկը, ով լավ չի պատկերացնում, թե ինչ է Հայաստանում նշանակում նախագահի ընտրություն, թող հետեւի ամանորյա իրարանցմանը, մրցակցությանը ու պարզ կպատկերացնի, որ ընտրությունը վերածվել է առեւտրի… կուսակցական առեւտրի…



 



Իշխանությունը Ձմեռ պապն է, իսկ կուսակցությունների նախագահները նրա թոռնիկներն են: Տոպրակներ է պատրաստել եւ բոլորին հավասար բաժանում է… Բոլորը երգում են տոնածառի շուրջ՝ տոնածա՜ռ, ջան, տոնածա՜ռ… Իսկ ժողովուրդը խորթ երեխայի պես հետեւում է նրանց երգուպարին, ծափ է տալիս, որ ավելի աշխույժ պարեն… Քիչ է մնում կերուխումով տարված քաղաքական դաշտի ականջին գոռաս՝ մենք Ձմեռ պապ չենք ընտրում, նախագա՛հ ենք ընտրում… Մի օրվա համար չենք ընտրում, այլ մի քանի տարվա: Մինչեւ վեց տարեկան երեխաների համար չենք ընտրում, այլ՝ ողջ ազգի… Քաղաքական դաշտում նույն շորը հագած տարբեր ձմեռ պապերը մի նպատակ ունեն՝ համոզել, որ իրե՛նք են Լապլանդիայից եկած իսկական Ձմեռ պապը...



 



Ժողովուրդը հայտնվել է երեք տարեկան երեխայի դերում. ամեն օր բարձի տակ որոնում է, թե ինչ խաղալիք է դրել Պապը... Անգամ եթե հավատում եք հայաստանյան ձմեռ պապերին, նրանք ձեզ ուրախացնելու են միայն մի օր... Հետո թողնելու ու մի քանի տարի գրողի ծոցն են կորչելու... «Թամաշա» անողի դերում հայտնված իմ խեղճ ժողովուրդ, ամանորյա տոնակատարություն մի դարձրու այս նախագահական ընտրությունը. այն 2008-ի չավարտված ընտրության վտանգավոր վերջակետը կարող է դառնալ:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ