ՕԹԵՎԱՆ. Երգչուհի Զառան այս գյուղից է սերում

ՕԹԵՎԱՆ. Երգչուհի Զառան այս գյուղից է սերում
Հեռվից նշմարվում է ձորը` կպած երկնքին: Ձորն ի վեր սլացող սարերը ուղղահայաց` որպես ձորի շարունակություն դեպի երկինք, իսկ երկնքի ու սարի խաչմերուկում հրաշակերտ եկեղեցի, որը քարեղեն վկայությունն է. որտեղ չի հասնում Տիրոջ ձեռքը, Տիրոջ օգնությամբ հասնում է մարդու ձեռքը:



 



Եկեղեցու եւ աշխարհի խաչմերուկում` եկեղեցու թիկունքին, մի փոքրիկ գյուղ կա` Օթեւան: Քանի հազար տարվա պատմություն ունի գյուղը` ոչ ոք չգիտե: Եկեղեցին 12-րդ դարի շինություն է: Եկեղեցու մասին էլ ոչինչ հայտնի չէ, ամենայն հավանականությամբ, բնակավայրն ամառանոց է եղել: Արագածի հարավային ամենամոտ փեշին կպած գյուղ է Օթեւանը` ծաղկուն, մրգատու այգիներով: Ըստ գյուղապետ Բրո Ֆատոյանի` իրենց նախնիներն այստեղ են գաղթել 1812-1828 թվականներին, Արեւմտյան Հայաստանի Բայազետի շրջանից: Գյուղը զարթոնք է ապրել նախորդ դարի 50-ական թվականներից: Մինչեւ 1997 թվականը Օթեւանն ունեցել է 62, այսօր` 15 ընտանիք: Դռները կողպել-հեռացել են, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն` Սարատով, Յարոսլավլ, Սանկտ Պետերբուրգ:



 



Ֆատո Քալաշյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը, աշխատում է գյուղապետարանում: «Երբեք հեռանալու մասին չեմ մտածել: Չեմ կարող, բնավորության հարց է: Գաղթողի մոտ պետք է գաղթականի հոգեբանություն լինի, եթե չկա, կամաց-կամաց պիտի ձեւավորվի, որպեսզի նա կարողանա գաղթել: Սա իմ միջավայրն է, այստեղ ես լավ եմ զգում ընկերներիս, հարազատներիս հետ, համոզված եմ, որ վաղ թե ուշ բոլոր հեռացողները հետ կգան: Չէ՞ որ այստեղ նրանք հիշողություն, տուն, գերեզմանոց ունեն,- ասում է Ֆատոն եւ շարունակում,- մեծ է մեր գերդաստանը. Հայաստանի տարբեր գյուղերով սկսվում եւ ծավալվում է Ռուսաստանով մեկ: Ուղիղ 200 տարի է` ապրում ենք այստեղ` Օթեւանում: Այստեղ կենցաղ, մշակույթ, բնավորություն ենք կոփել: Ուսումնատենչ ենք, իսկ այն ժամանակ սովորելու հնարավորություն կար, եթե, իհարկե, գիտելիք ունենայիր: Միայն Երեւանի պետական համալսարանն ավարտել է 12 օթեւանցի, էլ չեմ ասում Երեւանի մյուս պետական բուհերն ու այլ ուսումնական հաստատությունները»:



 



Եկեղեցուն կպած մի տուն կա Օթեւանում` դռները կողպած: «Զառան այս տնից է սերվել,- հպարտությամբ ասում է գյուղապետ Բրո Ֆատոյանն ու շարունակում,- պատկերացնո՞ւմ ես՝ հսկա Ռուսաստանում մեր փոքրիկ գյուղի շիվը կարող է ռուսական երգ կատարելով՝ զարմացնել ռուսներին, բա «Դլե յամանը»: Լսում եմ գյուղապետին ու հանկարծ գլխի ընկնում, որ ես էլ եմ նույնը մտածում, ու թվում է`  Զառայի երգը ոչ թե ռուսաստանյան ինչ-որ բեմից է հնչում, այլ դուրս է գալիս Օթեւանի եկեղեցու խորանից, իջնում եկեղեցու պատերի վրա, քիչ հանգիստ առնում, այնուհետեւ տարածվում դեպի ձորը, թափ առնում ու քարափներն ի վեր մագլցում երկինք: Տիրոջ տված ձայնը պիտի նաեւ Տիրոջ ականջին հասնի: «1978 թվականին ի՜նչ հարսանիք արեցինք Օթեւանում` Բիմբաշ Մհոյանի տանը: Բիմբաշը Զառայի պապն էր՝ մի հարգված մարդ ողջ Թալինի տարածաշրջանում: Տատի` Թավանի հետ 8 երեխա են ծնել ու մեծացրել այս տանը: Երեքն ավարտել են Երեւանի պետական համալսարանը, մյուսները՝ տարբեր միջնակարգ մասնագիտական հաստատություններ:



 



Փաշան` Զառայի հայրը, գերազանցությամբ ավարտել է հարեւան Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցը, Երեւանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, այնուհետեւ ուսումը շարունակել է Լենինգրադում եւ ավարտելուց հետո մնացել այնտեղ: Հարսանիք, որ ասում եմ, Զառայի ծնողների` Փաշայի եւ Նազիկի հարսանիքն էր: Ավանդական, այն, որ ասում են յոթ օր-յոթ գիշեր: Մարդիկ կային Թալինի բոլոր գյուղերից: Բոլոր առումներով արժանավոր ընտանիք էր՝ մեծ, խաղաղ, օրինակելի: Հիմա էլ իրենցով հպարտանում է թե՛ մեր գյուղը, թե՛ մեր ողջ ժողովուրդը: Օգտվելով առիթից` Օթեւանը Զառային հրավիրում է գյուղ»:



 



Ես էլ, օգտվելով առիթից, ձայնագրիչը տեղադրում եմ եկեղեցու խորանում ու միացնում Զառայի «Դլե յամանը»: Երգի հետ թախծոտ ու սլացիկ մի աղջնակ եկեղեցու դռնից թափանցող լույսերի միջով դանդաղ մտնում է ներս: Նոր վերանորոգված  եկեղեցին ավելի սլացիկ ու հպարտ է դառնում: Ձայնը թավշե եղյամի պես նստում է եկեղեցու պատերին: Հազարամյա պատերը ձայնն արձագանքում են, հետո աննկատ ձուլվում են ձայնն ու եկեղեցին ու ակամա մտածել տալիս. տեսնես սկզբում այս աղջնա՞կն է եղել, թե՞ այս եկեղեցին: Գուցե երկուսը միասի՞ն, գուցե կորցրել են իրար ու գտե՞լ հազար տարի հետո: Ասում են` բնությունը նրան օժտել է. Զառայի դեպքում բնությունը երեւի քարափներն ի վեր խոյացող հրաշակերտ եկեղեցին է, որը կից է իր հայրական տանը, որոնք սպասում են Զառայի կենդանի կատարմանը հարազատ եզերքում:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ