Երկու տնօրեն՝ մեկ աթոռի համար

Երկու տնօրեն՝ մեկ աթոռի համար
«Արվեստի կրթօջախին՝ արվեստագետ ղեկավար», «Հավատացել ենք՝ եկեք փոխենք», «Տիկին Ալվարդ, պետական պաշտոնը ժառանգաբար չի փոխանցվում», «Աննա Մնացականյանը ոչ լեգիտիմ թեկնածու է». նմանօրինակ կարգախոսներով ու պաստառներով երեկ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները շենքի բակից մասնակցում էին ուսումնարանի ներսում տնօրենի մրցույթի անցկացմանը:



 



Իսկ տնօրենի պաշտոնին հավակնում էին 3 հոգի՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը, ով Ալվարդ Պետրոսյանի հարսն է եւ նախկին տնօրեն, վաղամեռիկ Նարեկ Առուշանյանի կինը, ուսումնարանի դասախոս Դավիթ Դավթյանը, ով մի կարճ ժամանակ պաշտոնակատար է աշխատել, եւ «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը:



 



Մրցույթը, ըստ ընթացակարգի, անցավ երկու փուլով, առաջին փուլն իրենից ներկայացնում էր գրավոր թեստավորման աշխատանք, որը 3 մասնակիցներն էլ անցան, երկրորդը բանավոր թեստավորման փուլն էր, որի ժամանակ մասնակիցները պատասխանում էին 5 հարցերից բաղկացած թեստին եւ ներկայացնում իրենց հայեցակարգը: Այս փուլում հատկապես թեստային մասի հետ խնդիրներ ունեցավ Դավիթ Դավթյանը, ով նշեց, որ պրակտիկորեն գիտի եւ տիրապետում է հարցերին, բայց թեորեապես ծանոթ չէ, դժվարանում է պատասխանել եւ միայն գրավոր հարցաշարից է տեղյակ եղել, ըստ այդմ՝ ցանկություն հայտնեց բողոքարկել այն: Հանձնաժողովի անդամներից մեկն էլ նկատեց, որ Դավթյանի եւ Հարությունյանի հայեցակարգերի որոշ հատվածներ շատ նման են իրար, անգամ նույն ձեւակերպումներն են տրված, ինչին թե Դավթյանը եւ թե Հարությունյանը պատասխանեցին. քանի որ զուգահեռ կուրսերում են սովորել եւ վերջերս էլ խոսել, մտքեր են փոխանակել այս խնդրի շուրջ, հնարավոր է, որ այդտեղից էլ առաջացել են նմանությունները:



 



Եթե Դավիթ Դավթյանն ակնհայտորեն հուզվում էր ու դրանից ելնելով դժվարանում պատասխանել հարցերին, ապա երկրորդ փուլում թե Մնացականյանը եւ թե Հարությունյանը իրենց առավելագույնս դրսեւորեցին: Իսկ դպրոցական քննություն հիշեցնող թեստային հարցերն առնչվում էին ամենատարբեր բնագավառների՝ Սահմանադրություն, կրթություն, ՊՈԱԿ-ների մասին օրենք, Աշխատանքային օրենսգիրք, հաշվապահական հաշվառում, բայց իրենց ձեւակերպումների մեջ երբեմն խնդիրներ էին առաջացնում: Մասնավորապես հարցերից մեկն այսպիսին էր՝ ովքե՞ր կարող են լինել ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի անդամ, ու մինչ Հարությունյանը ջանում էր ըստ գերատեսչությունների նշել մասնագետների անուններ, պատասխանն ավելի քան պարզունակ էր. պետք էր ընդամենը ասել՝ ֆիզիկական անձինք: Ու չնայած Հարությունյանի դիտարկմանը, թե ավելի քան տրամաբանական է, որ ֆիզիկական անձինք պետք է լինեն, միեւնույն է՝ հանձնաժողովը չհաշվեց այդ պատասխանը:



 



Մինչ արդյունքների ամփոփումը, Արմեն Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե  Մնացականյանի՝ ծրագրավորող լինելը խոչընդոտ համարո՞ւմ է տնօրենի պաշտոնի համար: «Էթիկայից դուրս հարցեր եք տալիս, ես միայն մի բան գիտեմ, որ երբեք չեմ գնա Կոնսերվատորիան ղեկավարեմ, նման հաստատության ցանկացած աշխատող պետք է գոնե արվեստի այբուբենն իմանա»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, սակայն, որ խնդիր չունի եւ Մնացականյանի ընտրվելու դեպքում կշնորհավորի նրան:



 



Աննա Մնացականյանն էլ նշեց, որ տնօրենի գործառույթների մեջ մտնում են բազմաթիվ գործառույթներ, որոնք որեւէ առնչություն չունեն նկարչության հետ. «Իսկ կոնկրետ արվեստի բնագավառում մասնագիտական մոտեցումներն ապահովում են տարբեր մեխանիզմներ, որոնք ձեւավորվում են կանոնադրության համաձայն»: Այնուհետ իր տնօրեն լինելու ցանկությունը բացատրեց նախկինում իր ամուսնու պաշտոնավարմամբ:



 



Ի վերջո, խիստ հանդիսավոր պայմաններում խորհրդի նախագահ Աշոտ Փափազյանը  (Կոմիտասի շուկայի սեփականատեր, ՀՅԴ անդամ Պադոշ Աշոտ) բացեց արկղը եւ հայտարարեց արդյունքները: Խորհրդի 11 անդամների քվեարկության արդյունքում պատկերը սա էր. Դավիթ Դավթյանին կողմ էին քվեարկել 2-ը, դեմ արտահայտվել՝ 9-ը, Արմեն Հարությունյանին կողմ էին 8-ը, դեմ՝ 3-ը, Աննա Մնացականյանին կողմ էին բոլոր 11 անդամները: Հաջորդիվ Փափազյանը նշեց, որ, համաձայն մրցույթի արդյունքների, տնօրենի մրցույթում հաղթել է 2 մասնակից՝ Աննա Մնացականյանը եւ Արմեն Հարությունյանը: Ինչը ենթադրում է, որ, ըստ ընթացակարգի, փաթեթն ուղարկվելու է ԿԳ նախարարություն, որից հետո եռօրյա ժամկետում Աշոտյանն ինքն է ընտրելու քոլեջի տնօրենին: Կարելի է կանխատեսել, թե ինչ որոշում է կայացնելու Աշոտյանը, ով մրցույթի կարգի մեջ փոփոխություն էր կատարել՝ հօգուտ Աննա Մնացականյանի:



 



Օրվա վերջում կապվեցինք նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Պողոսյանի հետ, ով նշեց, որ թե Դավթյանը եւ թե Հարությունյանը բողոքարկել են մրցույթի արդյունքները, եւ, ամենայն հավանականությամբ, 2 գործով մտնելու են դատարան. «Մեկն այն է, որ Աննա Մնացականյանն իրավունք չուներ հայտ ներկայացնելու, բայց ընդունել են նրա հայտը եւ թույլ տվել մասնակցել ընտրությանը, եւ երկրորդ, որ Արմեն Հարությունյանը թեստավորման թե գրավոր եւ թե բանավոր փուլում ակնհայտ առավելություն է ունեցել»: Գեւորգի խոսքերով, եթե անգամ Աշոտյանն Աննա Մնացականյանին նշանակի տնօրեն, իրենք, միեւնույն է, շարունակելու են իրենց պայքարը: Ինչ վերաբերում է հարցին, թե Արմեն Հարությունյանը կմասնակցի՞ իրենց պայքարին, վերջինս նշեց, որ հույս ունեն, բայց եթե անգամ չմիանա էլ իրենց, մեկ է՝ իրենք շարունակելու են պայքարը. «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ մեզ համար սկզբունքային հարց չի, որ Դավիթ Դավթյանը լինի, այլ սկզբունքային է, որ ոլորտը տիրապետող մարդ լինի, հիմա մենք Արմեն Հարությունյանի կողքին ենք, եթե ինքը մեր հետ չշարունակի պայքարը, չգա՝ մենք առանց նրա էլ կշարունակենք պայքարը եւ  կարող է արդեն նախարարի դեմ սկսենք կոնկրետ քայլեր ձեռք առնել, եթե այս ամեն ինչից հետո նա Աննային ընտրի»: